ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
1918 թ. սեպտեմբերի 26-ին առանց դիմադրության գրավելով Արցախի մայրաքաղաք Շուշին ու ձերբակալելով Արցախի Ազգային խորհրդի մի քանի անդամների ու մտավորականների` թուրքական զորքերի հրամանատար Ջամիլ-Ջավիդ բեյը ձգտում է նույնպիսի հաջողությամբ և առանց ավելորդ ջանք ու եռանդ գործադրելու գրավել նաև Արցախն ամբողջությամբ:
Արցախի կառավարությունը (Ազգային խորհուրդ), նկատի ունենալով քաղաքում տիրող տագնապալի, ծանրագույն կացությունը, մինչ թուրքական զորքի մուտքը Շուշի, արդեն հասցնում է իր կարողությունների շրջանակներում որոշակի քայլեր ձեռնարկել գավառի հայության ինքնապաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Սթափ գնահատելով, որ քաղաքում թուրքական զորքի հաստատվելու դեպքում քաղաքի հայությունը կհայտնվեր թշնամու բիրտ ուժի անմիջական սպառնալիքի տակ, և իրենք անտարակույս կզրկվեին ազատ տեղաշարժվելու և անհրաժեշտ քայլերը կատարելու հնարավորությունից, Արցախի կառավարությունը, դեկտեմբերի 23-ի գիշերը, այսինքն՝ նախքան Ջամիլ-Ջավիդ բեյի Շուշի մտնելը, իր անդամներից մի քանիսին հատուկ առաջադրանքով գործուղում է գավառի գյուղերը: Կառավարության կողմից գավառ գործուղված գործիչները պիտի տեղերում կազմավորեին զինվորական մարմիններ ու մարտական ուժեր, հակառակորդի ուշադրությունը բևեռեին գավառի վրա ու անհրաժեշտության դեպքում օգնություն հասցնեին Շուշիին:
Արցախը հեշտությամբ նվաճելու համար թուրք հրամանատարությունը ծրագրում է գործել մեկ այլ մարտավարությամբ, այն է՝ արցախահայության մեջ տարածել մտացածին, սադրիչ բովանդակությամբ լուրեր և դրանով թշնամանք առաջացնել քաղաքի և գավառի միջև:
Այս պարագային իր սև գործն են կատարում թուրք հրամանատարության կողմից կաշառված հայ մատնիչները: Նրանք ժողովրդի մեջ տարածում են կեղծ լուրեր և փորձում համոզել, որ կառավարության անդամները երեք միլիոն ռուբլիով ծախվել են թուրքերին, քաղաքից փախել են գավառ, իսկ այնտեղից ոսկիները գրպանած՝ պիտի մեկնեն Պարսկաստան: Ժողովրդի մեջ կեղծ տեղեկություններ տարածելու ու նրան ապակողմնորոշելու նպատակով նրանք ձգտում էին ստվերել կառավարության հեղինակությունը և տապալել գավառի գյուղերում նախաձեռնած աշխատանքները:
Թուրք հրամանատարության նախաձեռնությամբ կազմակերպված այդ տեղեկություններն արագությամբ տարածվելով գավառում` ժամանակավորապես ստեղծում են խառնաշփոթ ու քաոսային իրավիճակ: Ճիշտ է, թուրք հրամանատարության նախաձեռնությամբ հորինված և իրականության հետ որևէ առնչություն չունեցող սադրիչ լուրերը թեպետ մեծ արագությամբ տարածվում ու մեծ զայրույթ են առաջացնում ժողովրդի մեջ, սակայն ունենում են ճիշտ և ճիշտ հակառակ՝ բումերանգի նշանակություն:
«Ի տես այս խառնակ կացության, Ղարաբաղի հայության մեջ խոսում է առողջ բնազդը, ժողովուրդը համախմբվում է իր մարմինների շուրջ ու ձեռք զարկում ինքնապաշտպանության գործին»,- նշված է 1918թ. «Յուսաբեր» լրագրում:
Արցախի կառավարության որոշմամբ՝ գավառի տարբեր շրջաններում գործող գործիչները շրջաններում բնակչության գործուն մասնակցությամբ կազմավորում են մարտական կառույցներ, և յուրաքնչյուր շրջան ընտրում է իր հրամանատարին: Բայց զինվորական շրջաններում հայտնվում են ինքնակոչ հրամանատարներ, որոնք իրենց վնասակար գործունեությամբ ապակայունացնում ու խարխլում են գավառում հաստատված իրավիճակը: Օրինակ՝ օգտվելով գավառում տիրող ոչ այնքան կայուն կացությունից, Շուշիի գնդի հրամանատար Մելիք-Շահնազարյանի եղբայրը՝ Սոկրատ բեկը, քաղաքից հեռացած մի քանի սպաների աջակցությամբ իրեն հռչակում է Վարանդայի հրամանատար:
Ըստ «Յուսաբեր» լրագրի՝ շրջաններում ընտրվում են հետևյալ հրամանատարները՝ «Դիզակում (Հադրութի շրջան)՝ X-ը (X-ը «Յուսաբեր»-ում տպագրված «Տաճիկների մուտքը Ղարաբաղ» հոդվածաշարի հեղինակ, Շուշիի գնդի փոխհրամանատար Հովակ Ստեփանյանն է, որը հասնելով Արցախ՝ ստանձնել է Հադրութի զինվորական շրջանի հրամանատարությունը-Հ. Գ.), Խաչէնում (Շուշի և Ասկերանի շրջան)՝ Ալեքսան Դային, Ջիվանշիրում (Ջրաբերդ-Մարդակերտի շրջան)՝ Բագրատ Ղազանջյանը, իսկ Վարանդայում (Մարտունու շրջան), ավելորդ ցնցումներ չառաջացնելու համար, բարւոք է համարւում թողնել նույն Սոկրատ Բէկին»:
Շատ չանցած՝ հայկական չորս շրջանները արդեն կազմ ու պատրաստ էին իրենց վրա արշավող թշնամուն արժանավորապես դիմավորելու համար:
Իսկ այդ ժամանակ Ջամիլ-Ջավիդ բեյի գլխավորած զորքը իրականում արդեն մուտք էր գործել Արցախ:
Գրեթե առանց դիմադրության մուտք գործելով Շուշի, թուրք հրամանատարությունը, ինչպես արդեն նշվել է, իր ուշադրությունը կենտրոնացնում է գավառի վրա և փորձում է նույն հաջողությամբ տիրել Արցախին ամբողջությամբ: Նշենք, որ Արցախում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ գավառում, ի տարբերություն Շուշիի, արցախահայությունն իրեն դրսևորել է առավել արժանապատվությամբ ու հերոսականությամբ:
Գ. Բալայանի և Զ. Յոլյանի կազմած տեղեկագրի հավաստմամբ՝ «Տաճիկները մնում են Ղարաբաղում 1,5 ամիս, այդքան ժամանակամիջոցում, բացի Շուշի քաղաքից և խճուղուց, նրանց իշխանությունը ոչ մի տեղ չի տարածվում: Շրջանների հայ գիւղացիությունը Շուշին առանց կռվի տաճիկներին հանձնելը համարելով հայ գործիչների թուլության հետևանք և մասամբ դավաճանական քայլ՝ ինքնուրույն կերպով բաժանվում է չորս զինվորական շրջանների, ուր ժողովուրդն ընտրում է իր հրամանատարներին, նկատվում է խիստ անտագոնիզմ գավառի և քաղաքի միջև, գավառը դադարում է մթերք մատակարարել քաղաքի ազգաբնակչությանը»:
Մինչև զենքի դիմելը՝ Ջամիլ-Ջավիդ բեյը իր գործակալների միջոցով ու կեղծ խոստումներով բազմիցս փորձեր է ձեռնարկում սիրաշահելու գավառի հայությանն ու համոզելու, որ ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը: Գավառի հայ բնակչության կամքն ու դիրքորոշումն ավելի քան անսասան էր, այս հարցում թուրք հրամանատարության բոլոր քայլերը մատնվում են կատարյալ անհաջողության:
Չհասնելով որևէ արդյունքի՝ գազազած թուրք հրամանատարությունը սպառնալիքով հագեցած վերջնագիր է ներկայացնում արցախահայությանը՝ հայտնելով. «Իմ համբերության բաժակը այլևս լցվում է, ու սրանից հետո ապստամբների հետ պետք է խոսեմ գնդացիրների ու թնդանոթների լեզվով»:
1918 թ. սեպտեմբերի 25-ին Ջամիլ-Ջավիդ բեյը հրամայում է Շուշիի քաղաքագլուխ Գ. Մելիք-Շահնազարյանին և նրա օգնական Գ. Ղարագյոզյանին, որ նրանք մեկնեն գավառներ և հարկադրեն գավառների բնակչությանը զենքերը հանձնել Իսմայիլ Հակկի բեյին ու ճանաչեն Ադրբեջանի իշխանությունը: Կատարելով Ջամիլ-Ջավիդ բեյի հրամանը՝ Մելիք-Շահնազարյանն ու Գ. Ղարագյոզյանը մարդ են ուղարկում Խաչեն ու Վարանդա, որպեսզի տեղի խմբապետներին հայտնեն թուրք հրամանատարի հրամանը: Արցախի չորս զինվորական շրջանները, այդ թվում նաև Խաչենն և Վարանդան, ինչպես արդեն նշվել է, կազմ ու պատրաստ էին դիմագրավելու թշնամու հարձակումները: Բնական է, որ Ջամիլ-Ջավիդ բեյի հրահանգով Խաչեն և Վարանդա մեկնած Մելիք-Շահնազարյանի ու Գ. Ղարագյոզյանի ու նրանց մարդկանց առաքելությունն անպայմանորեն պիտի ապարդյուն անցներ:
Ընդամենը հաշված օրեր էին պետք, որ Ջամիլ-Ջավիդ բեյը համոզվեր, որ իր ծրագրած մարտավարությամբ, այն է՝ կեղծ խոստումներով ու սիրաշահելով համոզել կամ պարտադրել գավառի արցախահայությանն ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, ապարդյուն է:
Ինչպիսի՞ մարտավարությամբ պիտի գործեր թուրք հրամանատարությունը:
Այս առումով ուշագրավ է Շուշիի գնդի փոխհրամանատար Հովակ Ստեփանյանի հետևյալ դատողությունը. «Ադրբեջանի ղեկավարները, որ դեռ 1905-1909 թվականներից ճանաչում էին Ղարաբաղի հայ գյուղացու «ինչ պտուղ լինելը», բացատրում են տաճիկ հրամանատարին, որ սպառնագրերով և ճառերով անկարելի է գավառի հայությանն ընկճել ու զինաթափ անել, որ նրանց հետ խոսելու համար պետք է անմիջապես գործողության մեջ դնել տաճկական և Ադրբեջանի զորամասերը և հրով-սրով առաջ անցնել»:
Թուրք հրամանատարությանը ոչինչ չէր մնում անել, քան լսել իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի խորհուրդը: Թուրքական զորքերը հրաման են ստանում ներխուժել Արցախի շրջաններ՝ առաջին հերթին Դիզակ և Վարանդա: Քաղաքում կատարած ձերբակալություններից ընդամենը մի քանի օր անց՝ հոկտեմբերի 23 (10)-ին, թուրք հրամանատարությունը Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչելու պահանջով վերջնագիր է ներկայացնում Դիզակի շրջանին:
Արցախի զինվորական խորհրդի նախագահ Հարություն Թումյանի գնահատմամբ՝ «Թուրքերը, այդպիսով, գավառը իրենց ենթարկելու փորձը սկսում են Դիզակից՝ անտարակույս, նկատի ունենալով ամենից առաջ Դիզակի ռազմագիտական դիրքը: Եթե նրանք փորձեին, ինչպես մտադիր էին, հարձակվել Զանգեզուրի վրա, այդ դեպքում Դիզակի զինված ուժերը, օգտվելով սեփական շրջանի նպաստավոր տեղադրությունից, Վարանդայից եկած ուժերի հետ համատեղ, կարող էին իրենց դիվերսիոն գործողություններով սպառնալ ոչ միայն օսմանյան զորքերի ենթակառուցվածքներին, այլեւ թիկունքին»:
Դիզակի զինվորական շրջանի հրամանատարն էր Արցախի զինվորականության շրջանում անառարկելի հեղինակություն ունեցող Ստեփան Լալայանը՝ մի փորձառու և խիզախ սպա, որը ժամանակին Եփրեմ Խանի հրամանատարությամբ մասնակցել էր պարսկական հեղափոխությանը, ապա 1914-1916թթ. մարտնչել էր Անդրանիկի և Քեռու գլխավորած կամավորական զորախմբերի կազմում:
Ստանալով թուրք հրամանատարության՝ իրեն ներկայացրած Ադբեջանի գերիշխանությունը ճանաչելու վերջնագիրը՝ Լալայանը պատասխանում է, որ «Դիզակը երբեք գլուխ չի խոնարհել թշնամու առաջ, իսկ եթե փաշան վստահ է իր ուժերին, թող փորձի զենքի ուժով նվաճել Դիզակը»:
Թուրք հրամանատարության երկրորդ գլխավոր թիրախը Վարանդան է:
1.Նախ՝ այդ ժամանակ Վարանդան Արցախի չորս շրջաններից ամենախոշորն էր և ուներ 61 հայկական գյուղ՝ 40.000 բնակչությամբ:
2. Վարանդան սահմանակից էր Աղդամից Ջեբրայիլ ձգվող տափաստանին, և Աղդամից դեպի Արաքս գետը տանող ժանապարհը անցնում էր Վարանդայի արևելյան սահմանով:
3. Վարանդային ու նրա սահմանամերձ տարածքներին տիրելը հնարավորություն էր ընձեռում թուրք հրամանանատարությանը իր նախաձեռնությամբ կազմավորած կանոնավոր և անկանոն զորամասերը կենտրոնացնելու Վարանդային մերձակա տափաստաններում, իսկ Արաքս-Աղդամ ձգվող ճանապարհով ցանկացած պահի տեղափոխել զենք ու զինամթերք:
Գրավելով Վարանդայի շրջանը՝ թուրք հրամանատարությունը հույս ուներ դրանով ընկճել նաև զինվորական մյուս երեք շրջանների դիմադրությունն ու լուծել Արցախը նվաճելու խնդիրը:
Մինչ Վարանդայի վրա հարձակում ձեռնարկելը՝ թուրքերը երկու անգամ փորձում են ներխուժել Ջրաբերդի շրջան: Առավել կատաղի կռիվներ են ծավալվում Աղդարա և Հաղորտի գյուղերի մերձակայքում: Թեպետ Ջրաբերդի շրջանում ծավալված կռիվները թուրք հրամանատարության համար կրում էին սոսկ հետախուզական բնույթ, սակայն Բագրատ Ղազանջյանի գլխավորած մարտական ուժերն արժանի դիմադրություն են ցույց տալիս և թույլ չեն տալիս թուրքերին ներխուժել Ջրաբերդի շրջան:
Շուշին զավթելուց հետո Աղդարայի հաղթանակը արցախահայության համար շատ կարևոր էր և՛ մարտական, և՛ բարոյահոգեբանական առումով: Հայը ցույց տվեց իր բազկի ուժը, մարտնչելու վարպետությունն ու մարտական ոգին:
Ջրաբերդի շրջանի Աղդարա գյուղի հաղթական կռվի մասին Բրիտանական հրամանատարությանը ներկայացրած զեկուցագրում (30-ը մայիսի 1919թ.) համառոտ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում 1917-1919 թթ. տիրող կացությունը՝ Արցախի Ազգային խորհրդի նախագահ Ա. Շահնազարովն ընդգծում է. «Հայ գյուղացիությունը, չնայած սկզբնական շրջանում կրած անհաջողությանը, չընկճվեց և թուրք-ազերիի կողմից նրանց նվաճելուն միտված բոլոր փորձերն անցնում են ապարդյուն: Երկու անգամ Ջրաբերդում, Աղդարա գյուղի մերձակայքում թուրք-ազերի զորախմբերը գլխովին ջախջախվում են ու դիմում փախուստի: Փախչելիս մարտադաշտում հայերի ձեռքին թողնում են հրետանի, գնդացիրներ, զենք ու զինամթերք և գումակը (սայլեր, ձիեր և այլ պարագաներ)»:
Պարզվում է, որ Աղդարա և Հաղորտի գյուղերում կրած պարտությունը թուրք հրամանատարության համար դաս չէր կարող ծառայել: Ջամիլ-Ջավիդ բեյի գլխավորած զորքերի համար Շուշիի գրավումը կարևորագույն ձեռքբերում էր, իսկ որպեսզի իրենց գերխնդիրը հասցնեին հաղթական ավարտին, ապա պիտի գրավեին ամբողջ Արցախը: Համաձայն թուրք հրամանատարության ծրագրած մարտավարության՝ թուրք-ազերի ռազմական միացյալ ուժերն Արցախում իրենց «հաղթարշավը» պիտի սկսեին Վարանդայի շրջանի գյուղերի բռնազավթումից: Ի տարբերություն նախորդի՝ Ջրաբերդի գործողության, այս անգամ Վարանդայի վրա իրականացվող արշավանքին պիտի մասնակցեին ավելի մեծաքանակ ուժեր:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Պատմության էջերից