Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ



ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆԶինվորս, որդի՛ս, հայրենիքի պաշտպանս, ծնունդդ շնորհավոր: Քո ծնունդը, որ տոն է եղել մեր ընտանիքի համար, հիմա էլ թող տոն դառնա մեր բանակի, այն զորամասի համար, որտեղ հայրենիքի հանդեպ սրբազան պարտքդ ես կատարում: Երկար, երկար սպասումից հետո, երբ 1998թ. սեպտեմբերի 19-ին լույս աշխարհ եկար, մենք հպարտացանք եւ քո լույս աշխարհ գալով էլ հասկացանք, որ մեր տան ճրագն ու հույսը նաեւ հայրենիքինն է: Գիտենք, որ մեր խաղաղությունը հարաբերական է, գիտենք, որ քնում են անգամ հողմերն ու քամին, չի քնում, սակայն, երբեք թշնամին, բայց աստվածօրհնյալ քո ծննդով երջանկացող, ուրախացող քո հարազատները, հայրդ, քույրդ, քեզանով հպարտացող քեռիդ քեզ ու հայոց բանակի զինվորներին ապավինելով են փակում տան դուռը` արշալույսները մշտապես խաղաղ դիմավորելու հավատամքով: 

Արմե՛ն ջան, իմ զինվոր զավակ, հպարտ ու արժանապատիվ կրիր հայոց բանակի զինվորի եւ հայրենյաց պաշտպանի պատասխանատու կոչումը, քանի որ մենք էլ, քո թիկունքում, արժանապատվությամբ ենք կրում հայոց բանակի զինվորի մայր, հայր, քույր, քեռի լինելու անասելի պատասխանատվությունն ու հպարտությունը:

Անխռով երկինք եւ խաղաղ ու բարի առավոտներ եմ մաղթում քեզ, քո զինակից ընկերներին եւ հայոց բանակին, իմ զինվոր զավակ: Ծնունդդ շնորհավոր, զինվո՛րս…

 

ԱՆԱՀԻՏ ՄԻՐԶՈՅԱՆ

ք. Սիսիան

Խորագիր՝ #39 (1210) 04.10.2017 - 10.10.2017, Բանակ և հասարակություն


04/10/2017