Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՆՔ ՔԵԶՆՈՎ



Հարգելի խմբագրություն, առաջին անգամ է, որ մենք որեւէ թերթի խմբագրություն նամակ ենք գրում։ Հիմա ենք գրում, որովհետեւ չափազանց ուրախ ենք եւ ուզում ենք, որ մեր ուրախության մասին բոլորն իմանան։ Դեռ նոր՝ հազիվ մեկ-երկու ամիս է, ինչ մեր որդին՝ Հայկ Համբարձումյանը, սկսել է ծառայել ազգային բանակում, եւ արդեն հրամանատարության կողմից շնորհակալագիր ենք ստանում, որում այսպիսի ջերմ խոսքեր են գրված. «Հարգելի տեր եւ տիկին Համբարձումյաններ, զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ հայրենիքի պաշտպանի ոգով որդի դաստիարակելու համար։ Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքով ու պատգամներով տոգորված զավակի, որն ամեն վայրկյան պատրաստ է անձնվեր ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը, անտրտունջ տանել զինվորական ծառայության բոլոր դժվարությունները»։ Որքա՜ն լավ են գրել, որքա՛ն ճիշտ. մեր որդին հենց այդպիսին էլ պետք է լիներ։ Մենք ձգտել ենք դաստիարակել կյանքի դժվարություններին դիմացող, վատի ու անազնիվի նկատմամբ անհանդուրժող, հայրենասեր որդի։ Լավ է, որ մեր որդին ծառայության առաջին օրվանից բարեխիղճ է ծառայում, բայց մեզ զարմացնում է մեկ այլ բան՝ հրամանատարների ուշադրությունը ծառայությունը նոր սկսած զինվորի նկատմամբ։ Եթե հարյուրի միջից նկատել, զանազանել են մեր տղային, ուրեմն ընդհանրապես ուշադիր են ամեն զինվորի նկատմամբ, հետեւում են նրանց վարքին, պահվածքին, ծառայական առաջադիմությանը…

Շնորհակալություն, պարոն Հարությունյան, հարգարժան գնդապետ, ջերմ ու անկեղծ խոսքերի համար, որոնք մեզ հպարտանալու բազմաթիվ հաճելի ապրումներ պարգեւեցին։

Մերուժան եւ Կարինե Համբարձումյաններ

Խորագիր՝ #31 (896) 10.08.2011 - 17.08.2011, Բանակ և հասարակություն


17/08/2011