ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ
Մինչ ուշադրությամբ լսում էի կենտրոնական հոսպիտալի վերականգնողական բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Վահրամ Խոջոյանին եւ ձգտում ամբողջական պատկերացում կազմել բաժանմունքի գործունեության, եւ հատկապես, մանուալ թերապիայի մասին, հանկարծ նա ինձ մոտեցավ, աջ ու ձախ կտրուկ պտտեց գլուխս ու մի լավ «ջարդեց» նախ վիզս, այնուհետեւ անցավ ուսահոդերիս… Եթե չլիներ ինձ անակնկալի բերած բժշկի վստահություն ներշնչող լիաթոք ծիծաղը, կմտածեի վրեժ է լուծում հետաքրքրասեր լրագրողիցս։
Փոխգնդապետ Վահրամ Խոջոյանն արդեն արդեն հիսուն տարեկան է։ Մեծացել է Վանաձորում։ 1979-85թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է հարազատ քաղաքում։ 1993թ. ծառայության է անցել ազգային բանակում։ 1993-94թթ. պատերազմի ծանր շրջանում Վ. Խոջոյանը եղել է առաջնագծում պաշտպանական մարտեր մղող զորամասի կազմում։ Հրադադարի հաստատումից հետո նա նշանակվել է զորամասի, իսկ որոշ ժամանակ անց, զորամիավորման բուժծառայության պետ։ 2003թ. սովորել է կլինիկական օրդինատուրայում, մանուալ թերապիա մասնագիտությամբ, 2004-ին նշանակվել կենտրոնական հոսպիտալի բաժանմունքի պետ։ Նա հանրապետությունում լավագույններից մեկն է հենաշարժիչ համակարգի եւ մանուալ թերապիայի (ձեռնաբուժություն) գծով։
Փոխգնդապետ Վ. Խոջոյանը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով» եւ «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով։
-Մեր բաժանմունքը կատարում է հետվիրահատական-վերականգնողական բուժում, այսինքն՝ եթե մեկը որեւէ վիրահատության է ենթարկվում, ապաքինվելուց հետո գալիս է մեր բաժանմունք եւ մենք համապատասխան բուժական աշխատանք ենք տանում, որպեսզի վիրահատության արդյունքները լինեն լիարժեք, արագացվի վերականգնողական գործընթացը։ Ասածս ավելի մանրամասնեմ. կատարում ենք նյարդաբանական, նեյրավիրաբուժական, վիրաբուժական, վնասվածքաբանական, դիմածնոտային վիրաբուժության, թերապեւտիկ, քիթ-կոկորդ-ականջի, աչքի եւ գինեկոլոգիական վիրահատությունների վերականգնողական բուժումը,- ասաց բժիշկը եւ շարունակեց։ -Բուժումն իրականացնում ենք ֆիզոթերապեւտիկ ապարատով, ասեղնաբուժության եւ մանուալ թերապիայի միջոցով։ Ինձ մոտ շատ են գալիս հատկապես ողնաշարի եւ հոդերի շտկման կարիք ունեցողները։ Կատարում ենք նաեւ մերսումներ եւ զբաղվում ենք բուժական ֆիզկուլտուրայով։ Բաժանմունքը, ցեխաբուժությունից ու ջրաբուժությունից բացի, ունի բուժման վերականգնողական գործընթացի բոլոր հնարավորությունները։
Անդրադառնալով մասնագետների եւ սարքավորումների խնդրին բժիշկ Վ. Խոջոյանն ասաց.
-Մեր բոլոր մասնագետներն էլ որակյալ կրթություն եւ աշխատանքի փորձ ունեցող մարդիկ են, օրինակ՝ ասեղնաբուժությունը կատարում է Իննա Արությունովան, որը բուժման գաղտնիքները յուրացրել է Չինաստանի Շանհայ քաղաքի բարձրակարգ կլինիկաներից մեկում, մերսման եւ բուժական ֆիզկուլտուրայի հմուտ մասնագետներ են Գեւորգ Ղազարյանն ու Արմինե Սարգսյանը։ Շենքային տարածքը վերջերս է տրամադրվել բաժանմունքին եւ այն նորոգման կարիք ունի։ Վստահ եմ, որ մոտ ապագայում, նորոգումից հետո բաժանմունքը կկահավորվի ամենաարդիական վերականգնողական բուժսարքավորումներով, որոնց մի մասն արդեն ձեռք է բերվել։ Գաղտնիք չէ, որ պաշտպանության նախարարության ղեկավարությունն ամեն ինչ անում է զինծառայողների առողջության պահպանման, բուժման լավագույն պայմաններ ստեղծելու համար։
***
Բուժման գործընթացում միշտ բժիշկների կողքին են ավագ բուժքույր ենթասպա Էռնա Աբրահամյանը, բուժքույրեր Անուշ Խաչատրյանը եւ Սիլվա Տիգրանյանը։ Էռնան արցախցի է, բայց ապրում է Մասիս քաղաքում։ Նա 2001-2004թթ. սովորել է Երեւանի N 1 բժշկական քոլեջում (ուսումնարան), որից հետո, որպես բուժքույր աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում, իսկ այս տարվա հունվարից տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ։ Նրա գործընկերները՝ Անուշն ու Սիլվան աշխատանքային ավելի մեծ փորձ ունեն։ Անուշը Երեւանի N 6 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է «Էրեբունի» բժշկական ուսումնարանում, իսկ 2001-ից աշխատում է այս վերականգնողական բաժանմունքում։ Նա ֆիզոթերապիայի մասնագիտական բուժքույրն է եւ բժշկի նշանակումներից հետո, բուժման ողջ գործընթացն ինքն է իրականացնում։ Սիլվան այստեղ է հոսպիտալի ստեղծման առաջին օրից՝ 1994-ից, ամուսնացած է, ունի երկու տղա։ Հիմնականում նա է իրականացնում էլեկտրա եւ լուսաբուժության նշանակումները։
-Հոսպիտալի հիվանդների շուրջ 90 տոկոսը վերականգնողական բուժում է անցնում մեր բաժանմունքում։ Նրանք տարբեր հասակի, տարբեր բնավորության տեր մարդիկ են։ Նախապես զրուցում ենք հետները, տրամադրում, որից հետո նոր սկսում ենք բուժման գործընթացը։ Կարեւորն այն է, որ մեր հիվանդները հոսպիտալից հեռանում են ապաքինված, ապրելու, արարելու հավատով լի,- ասաց բուժքույր Սիլվա Տիգրանյանը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ
Հ.Գ
«Հայ զինվորի» խմբագրությունը բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստանում մեր քաղաքացիներից ուղղված պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ինչպես նաեւ առանձին զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին։ Քիչ չեն նաեւ զինվորական բժիշկներին ուղղված երախտիքի խոսքերը։ Հանդիպելով կենտրոնական հոսպիտալի վերականգնողական բաժանմունքի բուժաշխատողներին, նպատակահարմար գտանք հրապարակել մի հատված զոհվածի մայր, վաստակաշատ մանկավարժ Գայանե Կնյազյանի նամակից. «…բուժման անհրաժեշտություն շատ եմ ունեցել, բայց միայն վերջերս որոշեցի օգտվել իմ իրավունքից եւ այցելել կենտրոնական հոսպիտալ։ Ասեմ կարճ եւ ուղղակի, հիացած եմ պետի, ընդունարանի եւ հատկապես վերականգնողական ու դիմածնոտային բաժանմունքների աշխատողների վերաբերմունքից, ցուցաբերած հարգանքից ու հոգատարությունից։ Անչափ շնորհակալ եմ եւ շատ հպարտ, որ մեր բանակն այսպիսի բարձրակարգ բուժհաստատություն ունի»։