Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ



ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎԱվարտվեց ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը, որում ներգրավված էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 1000 զինծառայողներ: ՀԱՊԿ Միացյալ զորախմբի շտաբի ղեկավարության գնահատմամբ՝ զորավարժություններն անցկացվել են մասնագիտական բարձր մակարդակով, կառավարման մարմինները համակարգված են գործել, զորքերը լավ պատրաստություն են ցուցադրել: Զորավարժության ավարտին զրուցեցինք մասնակից երկրների զորախմբերի կազմում լավագույնս հանդես եկած հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներից մի քանիսի հետ, հետաքրքրվեցինք Հայաստանից ստացած տպավորություններով և բազմազգ զորախմբի կազմում իրականացված մարտական ծառայության առանձնահատկություններից:

 

Արտակ (Հայաստան)

 ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎՀամագործակցությունը շատ հետաքրքիր ստացվեց,  հատկապես, երբ ծանոթանում ես մասնակիցների ազգային մտածելակերպին, սովորույթներին, ավանդույթներին: Այս ամենը մեծ դեր է խաղում նրանց հետ համատեղ մարտական գործողություններում:

Նախապատրաստվելու համար սահմանված ժամանակը կարճ էր, բայց համագործակցությունը արդյունավետ ստացվեց: Հեշտ, արագ իրար հասկացանք, մեր առջև դրված  խնդիրները ճշգրիտ, ժամանակին  կատարեցինք: Ըստ խաղարկվող սցենարի՝ մեր հետախուզական խումբը տեղեկություն է ստանում, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը ներթափանցել են մեր տարածք: Մենք դարանակալում ենք հակառակորդին, նրան ոչնչացնում հավանական անցանողության կետում և նույնքան արագ հեռանում ենք տվյալ տարածքից: Մեր ամենօրյա վարժանքներում անընդհատ մշակում, հղկում ենք մեր հմտությունները, և զորավարժության շրջանակում խաղարկված պայմանական մարտական գործողություններն իրականացնելիս որևէ դժվարություն չունեցանք: Իհարկե, վերջին հաշվով պատերազմի դաշտն է, որ ցույց է տալիս իրական արդյունքները, բայց, կարծում եմ, որ «Որոնում 2017»-ը կարևոր փորձ էր բոլորիս համար, որը հետագա համագործակցության հիմքեր է ստեղծում:

 

Վադիմ  (Բելառուս)

Հայաստանը նոր ու անսովոր տարածաշրջան է մեզ համար: Սա զգացինք հենց վայրէջքի պահից: Ինքնաթիռից իջնող մեր բոլոր տղաները միաբերան ասում էին. «Այլ կերպ ես շնչում, օդն ուրիշ է»: Լեռնային օդն իսկապես առանձնահատուկ է. զգացվում է ծովի մակարդակից բարձր լինելը: Մեզ մոտ՝ Բելառուսում, ամենուր անտառներ են, լճեր, իսկ այստեղ հսկայական հակադրություն կա՝ բարձր լեռներ, անհարթ լանդշաֆտ: Եղանակն էլ տարբեր է: Մեզ մոտ արդեն բավականին ցուրտ է, իսկ այստեղ մեր ընկալումներով դեռ ամառ է:  Ինձ տպավորել է նաև հայկական խոհանոցը: Ամեն ինչ շատ համեղ է և սուր, ինչը փոքր-ինչ անսովոր է մեզ համար: Իսկ մարդկային հարաբերությունների, տեսակի առումով մենք շատ նման ենք: Զորավարժություններից դուրս շփումները հետաքրքիր ու ջերմ են անցնում, քանի որ հայերը մեզ համար միանշանակ եղբայրական ժողովուրդ են:

…Հետախույզի աշխատանքը ենթադրում է ոչ միայն մեծ ֆիզիկական, այլև բարոյահոգեբանական ծանրաբեռնվածություն: Բայց այստեղ չի զգացվում որևէ լարվածություն, ամեն ինչ հարմարավետ է, մեր մարտիկների մեջ  հայրենիքից հեռու գտնվելու զգացողություն չկա: Համատեղ գործողությունները հրաշալի համադրվում են: Մեր համատեղ աշխատանքը լավ է ստացվում: Կարող ենք վստահաբար ասել, որ մարտական եղբայրությունը  հաստատված է:

 

Երժան (Ղազախստան)

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎԶորավարժության սցենարի համաձայն՝ մենք կազմակերպեցինք պայմանական հակառակորդի զինյալների ավտոմեքենաների շարասյան դարանակալումը, որոնք խուսափելով հետապնդումից՝ ընկան մեր շուրջկալի մեջ: Հայազգի ինժեներները պայթեցրին շարասյունը և մենք համատեղ ուժերով ոչնչացնելով հակառակորդին՝ վերցրինք իրենց տեխնիկան և հեռացանք:

Համատեղ աշխատանքը շատ հեշտ ստացվեց. անմիջապես հասկացանք իրար: Երբ ինչ-որ բան պարզ չէր լինում, օժանդակում էինք միմյանց: Որպես  բարդություն, թերևս կնշեմ լեզվական պատնեշը:

Հայաստանում առաջին անգամն եմ: Ինձ շատ դուր եկավ Երևանը, որի փողոցներով էինք անցնում զորավարժարան գալու ճանապարհին: Եղանակը նման է այս օրերի Ղազախստանի եղանակին:  Ոչ մի օր անսպասելի շոգ չեղավ, ինչը մեր գործողություններին շատ օգնեց: Ինձ շատ դուր եկան հայկական կողմի բարեհամբույր վերաբերմունքը, հյուրասիրությունը: Զորավարժարանը  լավ կահավորված էր,  հագեցած արդյունավետ ու լիարժեք աշխատանքներին անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Շատ նոր ընկերներ ձեռք բերեցի Հայաստանից և այլ երկրներից: Մեր այս կապերն անպայման կպահենք: Ինձ հետ տուն եմ տանելու շատ դրական հույզեր, հիշողություններ ու հայկական հուշանվերներ:

Շատ կցանկանայի, որ նման զորավարժությունները հաճախակի լինեին, ավելի մեծ մասշտաբով և մասնակիցների ավելի մեծ թվով:

 

Անատոլի  (Ռուսաստան)

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎԵս արդեն ավելի քան հինգ տարի զինված ուժերում եմ: Այս ընթացքում տարբեր զորավարժությունների եմ մասնակցել: Շատ էի ուզում մասնակցել նաև այս զորավարժությանը. ձգտեցի ու հասա: 

Շատ ջերմ հյուրընկալություն ենք զգացել այս օրերին: Մեր ամբողջ անձնակազմը հիացած է: Բնությունն այստեղ յուրահատուկ գեղեցիկ է, լեռնային օդը՝ շատ մաքուր:  Հատկապես  տպավորիչ է Արարատը. այս դիրքից պարզապես անզուգական է:

Զորավարժությունը լավ կազմակերպված էր և իրականացվեց շատ բարձր մակարդակով: Ես ղեկավարման կետում ներգրավված էի տեխնիկական ապահովման աշխատանքներում: Այստեղից ապահովում էինք բոլոր պետությունների ստորաբաժանումների համակցված գործողությունները: Տպավորված եմ հայկական, ռուսական, բելառուսական, մյուս պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններով: Բոլորը հանդես եկան որպես մեկ միասնական կոլեկտիվ:

Հայաստանից ջերմագույն հույզերով եմ վերադառնալու: Դա հնարավոր չէ խոսքերով արտահայտել, պետք է զգաս: Կարծում եմ՝ մարտական եղբայրությունը այս զորավարժության շրջանակում լիովին կայացավ: 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ


11/10/2017