Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը: Հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող զորավարժությունը «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլի եզրափակիչ միջոցառումն է` «Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությունից և ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության շտաբային մարզումներից հետո:

«Փոխգործակցություն-2017» զորավարժության թեման է` «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ օպերացիայի նախապատրաստումը և անցկացումը»: Հիմնական նպատակը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ կիրառման ձևաչափերի մշակումն է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի միացյալ ռազմավարական հրամանատարության ընդհանուր ղեկավարմամբ: Կարևորվում է նաև ՀԱՊԿ զորքերի` հավաքական ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործումը և դաշնային ու տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը առաջադրված  խնդիրների կատարման ընթացքում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸԶորավարժության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորավարժության տվյալ փուլի ղեկավար, ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, մասնակից պետությունների բարձրաստիճան զինվորականներ:

Իր խոսքում գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՀԱՊԿ ՕԱՀՈՒ դերակատարումը խաղաղության և անվտանգության սպառնալիք հանդիսացող ճգնաժամերի հաղթահարման գործում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ-ՀԱՊԿ պետություններին սահմանակից շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հակամարտությունների առաջացման հավանականությունը չափազանց բարձր է, և դրանց խաղաղ, ժամանակին կարգավորումը առանց ՀԱՊԿ ՕԱՀՈՒ հնարավոր չէ իրագործել: Այսօր կարող ենք փաստել, որ ՀԱՊԿ-ում ստեղծված են համապատասխան զինված ուժեր, որոնց կազմում հատուկ պատրաստություն անցած համակազմեր են: Իսկ նմանատիպ զորավարժությունը լավ հնարավորություն է նրանց գործնական հմտությունները զարգացնելու, նաև նոր մոտեցումներ մշակելու համար: Դեռ վաղ է խոսել ձեռքբերումների մասին, սակայն մենք ճիշտ ուղու վրա ենք: Ողջունելի է հատկապես ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների մասնակցությունը զորավարժությանը, ինչը սպառնալիքներին համատեղ դիմագրավելու մեր պատրաստակամության վկայությունն է,- նշեց գեներալ-լեյտենանտը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը իր ելույթում, մասնավորապես ասաց.

-Այս տարի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում մենք անցկացնում ենք վարժանքների ամբողջական շրջափուլ միաժամանակ երկու տարածաշրջաններում` Կովկասյան և Կենտրոնական Ասիայի: Օրերս ավարտեցինք հետախուզական ստորաբաժանումների հետ անցկացվող «Որոնում-2017» զորավարժությունը, որին մասնակցում էր շուրջ 1000 զինծառայող: Հետախույզների համար դա բավական լուրջ թիվ է: Այս զորավարժությունը ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակության ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումն է:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2017» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի գործունեության ողջ ընթացքում մեծ աշխատանք է տարվել ստորաբաժանումների համալրման, պատրաստության, ղեկավարման օղակների փոխգործակցության կատարելագործման առումով: Բոլոր պետություններում առաջնային է ազգային ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը: Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրն ունենա հզոր, մարտունակ բանակ, ինքնըստինքյան կշահի ՀԱՊԿ-ն:

Զորավարժությանը ներգրավված է ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Այն անցկացվում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ: Զորավարժությանը մասնակցում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/10/2017