Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

38 ՀԱԶԱՐ ԶԱՆԳ` ՏԱՍԸ ԱՄՍՈՒՄ



38 ՀԱԶԱՐ ԶԱՆԳ` ՏԱՍԸ ԱՄՍՈՒՄՊաշտպանության նախարարության 1-28 անվճար հեռախոսահամարով «թեժ գծին» հունվարի 11-ից մինչ օրս ստացվել է 38 հազար զանգ:

Այս մասին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ անցկացված ծառայության աշխատանքային խմբի հերթական նիստի  ժամանակ հայտնեց մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը:

«Այժմ հեռախոսազանգերի նվազման միտում է նկատվում, սակայն դիտվում է նաեւ  բովանդակային հստակեցում. ոլորտին չառնչվող հարցադրումներ այլեւս չեն գրանցվում: Վերոնշյալ ժամանակահատվածում արձանագրված հարցերի 34 տոկոսը տեղեկատվական բնույթի էին` հեռախոսահամարների, իրավական աջակցության տրամադրում: Իրենց մտահոգությունները ներկայացրել են ոչ միայն զինվորի, սպայի ընտանիքի անդամները, այլեւ իրենք՝ զինծառայողները: Զանգեր են գրանցվում նաեւ զորամասերից»,-նշեց փոխգնդապետը:

Հոկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 471 զանգից պատասխան է տրվել 375-ին: Հարցերը տեղեկատվական, սոցիալական, կրթական, կադրային, ժամկետային զինվորական ծառայության, զորակոչի, անվճար բուժօգնության վերաբերյալ էին:

38 ՀԱԶԱՐ ԶԱՆԳ` ՏԱՍԸ ԱՄՍՈՒՄԱրտակ Զաքարյանը հետաքրքրվեց նախորդ շաբաթվա ընթացքում քննարկված հարցերի ընթացքի, տրված հանձնարարականների վերաբերյալ:

«Թեժ գիծ» է զանգահարել  զինծառայողի մայրը եւ տեղեկացրել, որ զորամասում որդուն լնդի վիրաբուժական միջամտություն է ցուցաբերվել, որից հետո բարդացում է նկատվել: Բուժվարչության ներկայացուցչի միջնորդությամբ զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այստեղ նա պատշաճ բուժօգնություն է ստացել եւ վերքը լավանալուն պես` վերադարձել զորամաս: Զինվորին տրվել է կարճաժամկետ արձակուրդ:  Մայրը որդու առողջական վիճակից գոհ էր: Այլեւս զանգ չեն ստացել:

38 ՀԱԶԱՐ ԶԱՆԳ` ՏԱՍԸ ԱՄՍՈՒՄԺամկետային զինծառայողի մայրը «թեժ գծով» հայտնել է, որ որդու ձմեռային դաշտային համազգեստը զորամասի լվացքատնից գողացել են, ինքը գումար չունի նոր հագուստ գնելու եւ ուղարկելու: «Թեժ գիծ»  ծառայությունից կապ են հաստատել զորամասի  հետ եւ խնդրել զինծառայողին ձմեռային դաշտային համազգեստ տրամադրել: Հաջորդ օրը զինծառայողի մայրը նորից է զանգահարել` հայտնելով, որ թյուրիմացություն էր, որդու համազգեստը չեն գողացել: Քանի որ տոնի մեջ անհանգստություն է զգացվել, ծառայության աշխատակիցները նորից են զանգահարել զորամաս` պարզելու դիմումի ընթացքը: Այնտեղից հայտնել են` զինվորին ձմեռային դաշտային համազգեստը տրամադրել են նույն օրը, եւ տարակուսել են, որ այդ մասին ծնողը չի հայտնել: Նիստին ներկա ռազմական ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանեց, որ զինվորը ցրտից բողոքել էր մինչեւ սեպտեմբերի 26-ը,  երբ դեռ ձմեռային համազգեստի կրման հրաման չկար:  Սեպտեմբերի 26-ից հետո համազգեստը հանձնվել է նրան: Արտակ Զաքարյանը հարցրեց. ճշտե՞լ են, արդյոք, զանգից հետո զինվորը ենթարկվել է որեւէ ճնշման: Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց` ճնշում չի գործադրվել:

Աշխատանքային խումբը, որում, ի դեպ, ներգրավված են ծառայությանը կցված տարբեր վարչությունների եւ ստորաբաժանումների  ներկայացուցիչներ, քննարկեց նաեւ այս շաբաթվա բարդ, վիճելի, լրացուցիչ աշխատանք պահանջող դեպքերը:

38 ՀԱԶԱՐ ԶԱՆԳ` ՏԱՍԸ ԱՄՍՈՒՄ2017 թվականի մայիսին մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողը օգոստոսի 10-ին զորացրվել է, սակայն մինչ օրս հաշմանդամության կարգ չի ստացել: Խնդրի մասին «թեժ գծով» հայտնեց զինծառայողի քույրը: 

ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանեց, որ հավանաբար թոշակավորում չի կատարվել, քանի որ քրեական գործի վերաբերյալ քննչական մարմինների կողմից տեղեկանք չի ներկայացվել: Վարույթը սովորաբար տևում է տարիուկես, եւ այդ ժամանակահատվածում թոշակավորման հարցը մնում է բաց: ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության ներկայացուցիչը զեկուցեց, որ դիմել են քննչական մարմին: Այնտեղից խոստացել են տեղեկանք տրամադրել առ այն, որ քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում է, բայց տվյալ զինծառայողն արդեն իսկ ճանաչվել է տուժող:

Քանի որ այդպիսի խնդիր ծագում է շատ դեպքերում՝ Արտակ Զաքարյանը հանձնարարեց հաջորդ շաբաթ ներկայացնել առաջարկներ եւ մշակել մեխանիզմ, որը ընդունելի կլինի շահագրգիռ  կողմերի համար:

Շուշան Ստեփանյան

Խորագիր՝ Նորություններ


13/10/2017