Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋԱԿԵԶ ՀՈԳԻ. ՊԱՎԼԻԿ ՄԱՄԲՐԵՅԱՆ



ՈՂՋԱԿԵԶ ՀՈԳԻ. ՊԱՎԼԻԿ ՄԱՄԲՐԵՅԱՆԱնմահների սրբազան անունին է արժանի`

նա, ում հոգին ողջակեզ ու նվերն է հայրենյաց,

նա, ով ելնում է ըմբոստ և ընդվզում այն ժամին,

երբ կախվում է տագնապով սուրը մահու և կենաց…

 

Է. Մեժելայտիս

 

Պավլիկ Մամբրեյանը ծնվել է 1968թ. հունվարին Արմավիրի շրջանի Մրգաշատ գյուղում: Հանգամանքների բերումով ընտանիքը տեղափոխվում է Երևան և բնակություն հաստատում Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ավարտելով թիվ 174 միջնակարգ դպրոցը` ընդունվում է առևտրի տեխնիկում:  1987թ. զորակոչվելով խորհրդային բանակ` ծառայությունն անց է կացնում Աշխաբադ քաղաքի ներքին զորքերում:

…Պավլիկը «Եղնիկ» պարտիզանական ջոկատի հետախույզն էր, բազմագիտակ, նուրբ դիտարկումների ու հաշվարկների հակում ունեցող զինվոր, ռազմավարի արվեստ ուներ, սովորական թվացող փաստից ակնթարթորեն կարողանում էր առանձնացնել կարևորը: Իրավիճակի վերլուծությունը, դժվարին տեղանքների քարտեզագրումը ազատամարտիկը կատարում էր գրեթե անթերի: Նրա մշտապես հաջող հետախուզությունը հուսալի և ճշգրիտ ուղղություն էր տալիս գրոհող ջոկատներին: Այսպիսի կերպարով  է Մամբրեյանը մնացել իր զինակիցների հիշողություններում:

  

ՈՂՋԱԿԵԶ ՀՈԳԻ. ՊԱՎԼԻԿ ՄԱՄԲՐԵՅԱՆ1990-91թթ. Վարդենիս. սահմանների պաշտպանություն

Բանակից վերադառնալով՝ Պավլիկը հայտնվում է միանգամայն այլ իրականությունում. սովոր խորհրդային համակարգը երերում էր մարդկանց ոտքի տակ: Ահասարսուռ լուրեր էին Ադրբեջանի հայաշատ վայրերից, ոտնձգություններ բուն Հայաստանի սահմաններին, հայկական Արցախը բոլոր հայորդիներին կոչում էր ի զեն: Հապաղումը կարող էր օրհասական դառնալ: Սովորաբար ժպտադեմ ու մարդամոտ Պավլիկը այդ օրերին մռայլ էր և ինքնամփոփ:

1990թ. մարտին համագյուղացի ազատամարտիկներից մեկը` Գառնիկ Մարտիրոսյանը, կանգնում է Մամբրեյանների տան շեմին. ցուցակագրվել էր կրտսեր եղբայրը: Առանց երկար-բարակ խոսք ու զրույցի, հայացքով սաստելով եղբորը, վճռական ու հանգիստ, Պավլիկը վերցրեց մեկ-երկու տաք շոր ու գլխով արեց Գառնիկին` կարող ենք շարժվել: Այդ պահից սկսվեց Պավել Մամբրեյան ազատամարտիկի հերոսական ու փառավոր ուղին:

Առաջին զարկն ընկերների հետ տվեց Հայաստանի հյուսիսարևելյան սահմանները գրոհող թշնամուն ու առաջին զարկից էլ հասկացավ, որ այլևս տուն վերադարձողը չէ: Նրա տեղն այնտեղ էր՝ ինքնապաշտպանության ջոկատում, առաջին գծերի վրա: Հսկիչներից առգրավված մի քանի կարաբիններով ջոկատն անում էր այն, ինչը պետք է աներ խորհրդային իշխանությունը: Ինքնաձիգներով և հաճախ շատ ավելի լավ կրակային միջոցներ ունեցող ադրբեջանական հրոսակների հարձակումից պահպանում էին  խաղաղ բնակչության ունեցվածքը և կյանքը: Խորհրդային բանակից նոր զորացրված Պավլիկը զենքի նկատմամբ մեծ սեր ուներ: Տղաներից շատերն անծանոթ էին կարաբինին. 21-ամյա երիտասարդը համբերատար և հիմնովին ուսուցանում էր:

Բերդաձորի հերոսական կռիվներով հարուստ, բայց և ձախողված պաշտպանությունից հետո 1991թ. Պավլիկը մեկնեց Շահումյան, որտեղ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ ստեղծվում էին ինքնապաշտպանական ջոկատներ. շատ շուտով պիտի պարզ դառնար, որ ինքնապաշտպանության մտահոգությունն իսկապես անտեղի չէր: Խորհրդային ստորաբաժանումների աջակցությամբ և ապա նրանց հեռանալուց հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից սկսվում է «Օղակ» գործողությունը՝ սկսվում է Շահումյանի հայաթափումով:

Գյուլիստան, Մանաշիդ, Թալիշ, Էրքեջ, Բուզլուխ, Վերիշեն, Ղարաչինար և հայկական այլ գյուղերի պաշտպանություն, ապա և ազատագրում: Գործողություններ, որոնցում հայ մարտիկները դատապարտված էին հաղթանակի: Առջևում վառելու, քանդելու, թալանելու ու սպանելու մոլուցքով տարված ադրբեջանական զինված ամբոխ, հետևում` ընտանիք:  

Ի դեպ, այս ազատամարտիկի ընտանիքը ևս ծնվեց պատերազմի կրակների մեջ: 1992-ին Պավլիկը ամուսնացավ Վերիշենցի Ինարա Քյոխյանի հետ: Չնայած նրան թույլ էին տվել, Պավլիկը նորահարսին չհեռացրեց պատերազմական գոտուց: Նրանք դասավանդում էին Վերիշենի դպրոցում` Պավելը ռազմագիտություն, Ինարան` պատմություն:

 

1991թ. աշուն. Կոռնիձոր

Ադրբեջանցիները մի քանի տասնյակ զինյալներով փորձում են հանկարծակիի բերել հայկական ուժերին, գրավել ուղեկալները,  անցնել թիկունք: Ազատամարտիկները պատասխան կրակով միառժամանակ գետնին են գամում հակառակորդին, բայց հետզհետե զգացվում է զինամթերքի պակասը, և հայկական կողմը որոշում է նահանջել` մինչև թիկունքից օգնության հասնելը:

Երկրորդ ուղեկալը պաշտպանում էին արտաշատցի ռազմիկները, որոնցից մեկը հանկարծ ընկնում է դիմահար կրակից: Կռվի մոլուցքի մեջ քայլ առ քայլ նահանջող ազատամարտիկներն ընկերոջ ընկնելը նկատում են միայն այն ժամանակ, երբ զոհվածի մարմինը կռվող կողմերից գրեթե հավասար հեռավորության վրա էր: Առաջին ուղեկալը պաշտպանող արմավիրցի մարտիկների մեջ էր Պավլիկ Մամբրեյանը, որը նետվում է առաջ` դիմելով ընկերոջը` եղեգնուտցի Գեղամին. «Կրակով պաշտպանիր ինձ, ես հայի դիակը չեմ թողնի՝ թուրքերն անարգեն»:

Ինքնաձիգից կրակահերթեր թողնելով` Պավլիկը սողեսող մոտենում է ընկածին: Առաջ են շարժվում նաև զոհվածի ընկերները` ստիպելով հակառակորդին առժամանակ նահանջել: Հասնելով զոհվածին՝ Պավլիկը գոտիով թևատակերից իրեն է ամրացնում զոհվածի մարմինը և մեծագույն դժվարությամբ հասցնում յուրայինների դիրքավորված բլրակի մոտ, հետևում է թշնամու հակագրոհը, որը կասեցվում է ազատամարտիկների կողմից: Տալով ևս մի քանի զոհ և նկատելով հայկական կողմի ստացած օգնությունը` ադրբեջանցիները, վախենալով շրջապատումից, նահանջում են:

 

1992թ. ձմեռ, Շահումյան

Ադրբեջանական վայրագությունները հաջորդում էին մեկը մյուսին, Պավլիկը Էրքեջում սեփական աչքերով էր տեսել խոշտանգված հայ գյուղացիների մարմինները, տեսել էր իր գլխատված չորս ընկերների դիերը Մանաշիդի գրոհի ժամանակ և, այնուամենայնիվ, այն, ինչ եղավ Թոդանի գրոհի ժամանակ, մարտընկերներն անգամ դեպքից 25 տարի անց սարսուռով ու խորը հարգանքով են հիշում:

Սերգեյ Չալյանի հրամանով Մամբրեյանը Արոյի հետ (Արմավիրի մարզ, գյուղ Այգեշատ) հանձնարարություն ուներ՝ հետախուզելու Արաբոյի աղբյուր կոչվող բարձունքը, որն իշխող դիրք ուներ ադրբեջանական հենակետ Թոդան գյուղի բարձունքների վրա, ինչպես նաև բուն Թոդանի ռազմական հնարավորությունները:

Տղաները գերազանց են կատարում առաջադրանքը և հրամանատարությանը զեկուցում, որ բարձունքն ու գյուղը վերցնելու լավագույն տարբերակը գրոհն է Էրքեջի կողմից, բայց և Մանաշիդից պետք է տրվի խաբուսիկ հարված:

Հրամանատարությունն ըստ արժանվույն է գնահատում «ռազմավարական զեկույցը», և մարտն ընթանում է հենց այդ պլանով: Հուժկու գրոհով վերցվում է բարձունքը, և ադրբեջանցիները կրնկակոխ հետապնդվելով մեր կողմից` պատսպարվում են Թոդանում:

Գործում է վրեժխնդրության չգրված օրենքը, և գյուղում մի քանի տներ միանգամից կրակի են տրվում, իհարկե Թոդանում խաղաղ բնակչություն գրեթե չէր մնացել, բայց հատուկենտ մարդիկ, այնուամենայնիվ, կային, և հանկարծ համազարկերի ու կրակների մեջ Պավլիկը նկատում է փախչող թրքուհուն` երեխան գրկին… շատ հարազատների ու ընկերների կորցրած վրեժխնդիր տղերք էին, և ինչ-որ մեկը ավտոմատի փողն ուղղեց փախչող կնոջ վրա: Զինակիցները հիշեցին, որ մեկ վայրկյան էր պետք իրեն այդ մարտիկից բաժանող տարածությունը մի ոստյունով կտրելու և ավտոմատի փողը մի կողմ հրելու համար: Ատամների արանքից նետել է մեկ-մեկ. «Մենք կանանց ու երեխաների հետ չենք կռվում»: Մինչև մարտի ավարտը Պավլիկը ավտոմատը ձեռքին հսկում էր կնոջը, իսկ մարտից հետո վերոհիշյալ մարտիկի հետ միասին ուղեկցում են թրքուհուն ու երեխային մինչև անվտանգ տարածք:

 

1992թ. ամառ, Շահումյան

Նահանջ և գաղթ… Պավլիկը ընկերների հետ ապահովում էր ժողովրդի թիկունքը, ապա հասցնելով արդեն անվտանգ վայր՝ վերադառնում էր և իրենց հրամանատար Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ մտնում արդեն գրավված Շահումյանի շրջան` պարտիզանական կռիվներով հանգիստ չտալով թշնամուն թիկունքից:

Ալեքսան Ալեքսանյանի ուղեկցությամբ հետախուզության են գնում Բուզլուխ և դեմ առ դեմ հանդիպում խորհրդային զինվորներին: Փորձում են շրջանցել, բայց ապարդյուն, նրանք նկատելով մերոնց լավ զինվածությունը` չեն համարձակվում զինաթափել և լռելյայն հետևում են: Ազատամարտիկները մտնում են գյուղխորհրդի շենք և դիրքավորվում: Մի քանի տասնյակ զինվորներ շրջապատում են շենքը, դեռ ավելին` մոտենում է հետևակի մարտական մեքենան: Ընտրությունը պարզ էր` կամ մահ զենքը ձեռքին, կամ ադրբեջանական բանտ… Այդ պահին Պավլիկը նկատում է զինվորներից մեկի պարանոցից կախված խաչը և զայրույթը զսպել չի կարողանում «Քրիստոնյա ես ու օգնում ես թուրքին բնաջնջել մեր կանանց ու երեխաների՞ն, մենք ո՞վ ենք, ինչո՞ւ ենք կռվում, գիտե՞ս, հանի՛ր դա, դու արժանի չես այն կրելու, մանավանդ, որ շատ հեշտ է հարյուրով երկուսի դեմ»: Անսպասելի խոսքերից գլխիկոր ու կարկամած զինվորների թիկունքից մոտենում է հրամանատարը, որը թերևս հազվադեպ բացառություն էր անձնագրային ռեժիմ և «Օղակ» գործողություն իրականացրած խորհրդային զինվորականներից, և մի քանի րոպե զրույցից հետո տղաները ոչ միայն չեն զինաթափվում, այլև հեռանում են մեծաքանակ զինամթերքով:  

 

1993թ. հունիսի 16.

Մարտակերտ

 Այդ օրը Մամբրեյանի համար վերջինն էր լինելու, մի քանի օր առաջ Էր  Պավլիկը առաջին և վերջին անգամ տեսել և գրկել միակ դստերը, և այս անգամ արդեն արմավիրյան գումարտակի կազմում մեկնում է Մարտակերտ, որտեղ այդ օրը նախատեսվում էր վերցնել կարևոր ռազմավարական հանգույց համարվող Հակոբ Կամարի գյուղի բարձունքները: Գիշերով կտրելով մոտ 7 կիլոմետր անտառային ճանապարհը՝ մոտենում են  բարձունքներին: Առաջին հենակետ-դիրքերը խաղաղ և լքված էին. կարծում են, թե ադրբեջանցի զինվորը, սովորականի պես, կրկին փախել է՝ առաջ ընկնելով խաղաղ բնակչից: Վաշտը շարժվում է առաջ առանց հետախուզման, և գործում է բոլոր ժամանակների պատերազմների անփոփոխ կանոնը՝ ցանկացած չնչին սխալ կարող է վերածվել ողբերգության:  

Ծուղակ… Պավլիկն առաջինն է ընդունում մարտը՝ տեսնելով, թե ինչպես է  ընկնում Գևորգ Մակարյանը (Արմավիրի շրջան, գյուղ Արևիկ), 19-ամյա պատանին փակում է աչքերը` «մա՛մ, խփվեցի» հառաչով: Կողքին կռվում էր Շաբուրյան Ռուդոլֆը՝ երաժիշտ էր և բոլորի սիրելին: Փորձառու, մի շարք մարտերում կոփված Պավլիկը կռվում էր աննահանջ` փորձելով ամեն կերպ ուշադրությունը սևեռել իր վրա, նախ վիրավորվում է ոտքից, ապա ոսոխի գնդակը մխրճվում է քունքի մեջ` ընդհատելով առնական և մարդկային բարձր որակների տեր այս ազատամարտիկի հերոսական կյանքը…

 ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ճակատագրեր


18/10/2017