Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ



«ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԷՀոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը:

Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: Ծրագրի մեկնարկը տրվել է այս տարվա մարտին:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է «Զառ» ուսումնական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի ճաշարանի, պարսպի կառուցումը:

ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են գազամատակարարման, ջրամատակարարման, էներգահամակարգի վերակառուցման, կոյուղու և սեպտիկ հորի կառուցման աշխատանքներ:

ՀՀ պաշտպանության նախարարը և ամերիկյան կողմի ներկայացուցիչները շրջեցին ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացան ընթացող աշխատանքներին: Ուսումնական կենտրոնի պատասխանատուները նրանց  ներկայացրին նաև նոր տեղադրված ամերիկյան կողմից ստացված թիրախների խոցման և և հրաձգության լազերային վարժասարքերի «ՄԱՅԼՍ» համակարգը:

«ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԷՎիգեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին, որոնց ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ նախագիծը: Նա շեշտեց, որ նորաբաց ուսումնական կենտրոնը հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության վկայություններից է։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:

-Ռազմական գործում քիչ ոլորտներ կան, որտեղ մարդասիրությունն ու խաղաղասիրությունն այդքան սերտ համադրված են զինվորականության հետ, որքան խաղաղապահ գործունեության մեջ: Միջազգային հանրության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ խաղաղապահությունը դարձել է լրջագույն գործիք՝ ամենավտանգված տարածաշրջաններում ու աշխարհամասերում միջազգային հանրության կողմից օգնության ձեռք մեկնելու և համատեղ լուծումներ փնտրելու համար: Մենք հպարտ ենք՝ որպես ժողովուրդ, որպես երկիր, որ արդեն մի քանի տարի մեր զինված ուժերը ևս կարողանում են իրենց համեստ նպաստը բերել խաղաղապահության միջազգային առաքելություններին: Լինելով միջազգային անվտանգության մաս՝ մենք կարողանում ենք լիարժեք գնահատել միջազգային և տարածաշրջանային անվտանգության նշանակությունն ու ազդեցությունը մեր ազգային անվտանգության վրա,- իր ելույթում նշեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն էլ շեշտեց, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության դրսևորումներից մեկն է.

«ԶԱՌ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է-Մեր երկկողմ հարաբերությունների անկյունաքարերից մեկը ռազմական համագործակցությունն է և պաշտպանական երկու կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը: Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական ստորաբաժանումների ներկայությունն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Աֆղանստանը, Կոսովոն և Լիբանանը, ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը: Այս կենտրոնի վերակառուցմամբ ԱՄՆ կառավարությունն իր նպաստն է բերում ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերին՝ ուղղված պատրաստականության մեծացմանը, ինչը տեսանելի ազդեցություն կունենա աշխարհի տարբեր վայրերում խաղաղապահ առաքելություններին աջակցելու Խաղաղապահ բրիգադի կարողությունների վրա:

Բրիգադի գեներալ Դաունե Դեսկինս.

-Ինձ համար պատիվ է ներկա լինել այստեղ: Հայ զինծառայողներն աշխարհում անվտանգությունն ավելացնելու նպատակով հպարտությամբ իրականացնում են  իրենց ծառայությունը, և մենք ակնկալում ենք, որ ապագայում ևս կշարունակենք մեր փոխգործակցությունն այստեղ:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը: Բոլոր առաքելություններից առաջ այստեղ իրականացվելու են նախատեղակայման վարժանքներ: Այն երկրները, ուր մեկնելու են մեր խաղաղապահ ստորաբաժանումները, ստեղծվելու է համապատասխան իրավիճակ: Հետագայում նախատեսվում է նաև այլ պետություններից խաղաղապահ ստորաբաժանումների վերապատրաստումը «Զառ» ուսումնական կենտրոնում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


01/11/2017