Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ



ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄՔաշաթաղի երկրագիտական թանգարանում այս օրերին ցուցադրվում են Արցախյան ազատամարտի տարիներին մեր նվիրյալ զավակների ձեռքով պատրաստված ինքնաշեն զենքեր ու այդ օրերի մասին պատմող այլ իրեր, փաստաթղթեր: Թանգարանի փառքի սրահում ներկայացված է նաեւ Արցախի առաջին Եռագույնը, որի վրա պատկերված է Անդրանիկը, այն շեփորը, որը հնչում էր Ստեփանակերտի այժմյան Վերածննդի հրապարակում և միտինգի կանչում բնակչությանը, Մոնթեի գլխաշորն ու հեռադիտակը, 1994 թ. Ապրիլի 14-ին հերոսաբար զոհված Նորիկ Օհանյանի նռնականետը, որը ձեռքին մարտիրոսվել է քաջորդին, այլ հերոսների անձնական իրեր, ինչպես նաև՝ ինքնաշեն գնդացիրներ, ականանետներ, հրացաններ, ատրճանակներ, նռնակներ և այլն: Թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանը նշում է, որ այս հարցում իրենց օգնել է Ստեփանակերտի Զոհված ազատամարտկների հուշ-թանգարանը՝ որոշակի ժամանակով տրամադրելով իրերը: Հուշ-թանգարանը հիմնադրվել է 2002 թվականին Ստեփանակերտում՝ «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀԿ նախագահ և թանգարանի առաջին տնօրեն, երջանկահիշատակ Գալյա Առուստամյանի կողմից: Գ. Առուստամյանի որդիները 1990-ականներին մասնակցել են Արցախյան հերոսամարտին: Կրտսեր որդին՝ Գրիգորի Առուստամյանը, 1992-ի նոյեմբերի 19-ին զոհվել է:  Այժմ թանգարանի տնօրենն է տիկին Գալյայի մյուս որդին՝ Արթուր Առուստամյանը, որը մեծ սիրով տրամադրել է նշված ցուցանմուշները, որպեսզի դրանց ծանոթանան նաև քաշաթաղցիներն ու Բերձոր եկած հյուրերը: Այս օրերին ավելացել է Քաշաթաղի երկրագիտական թանգարանի այցելուների թիվը: Ցուցադրությանը հատկապես ծանոթանում են աշակերտները, հետաքրքրվում ներկայացված իրերով:

Կարևոր է մեր հանրապետությունում եղած թանգարանների, պատկերասրահների համագործակցությունն այն առումով, որ Արցախի ազգաբնակչությունը, մայրաքաղաք ու շրջաններ այցելած հյուրերը հնարավորություն ունենան նման շատ ցուցանմուշների հետ ծանոթանալու, ավելի շատ բան իմանալու Ազատամարտի հերոսների, նրանց սխրագործության ու մարտական ընկերների մասին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն


02/11/2017