Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՀոկտեմբերի 25-ին 5-րդ ԶՄ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանի եւ թատրոնի տնօրեն Կ. Արզումանյանի համատեղ ջանքերով Նուբարաշեն զինավանի ակումբում կազմակերպվեց համատեղ մշակութաժամանցային միջոցառում:

Այդ օրը ամբողջ զինավանում թեւածում էր խինդն ու ծիծաղը. զորամասերի զինծառայողների ընտանիքների անդամները, հատկապես փոքրիկ երեխաները, հրավիրված էին զորամաս, այս անգամ ոչ թե ծանոթանալու հայ զինվորի առօրյային, այլեւ լինելու իրենց սիրած հեքիաթների հերոսների կողքին:

Զինծառայողների ընտանիքների փոքրիկ անդամների համար Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը», «Անխելք մարդը», «Սուտասանը» հեքիաթների բեմականացումները:

Թատրոնի դերասաններին հաջողվեց փոքրիկ հանդիսատեսին պարգեւել ուրախություն ու ժպիտ: Ամբողջ երեք ժամ զինավանում տիրում էր հեքիաթային աշխարհին բնորոշ միջավայր:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՄիջոցառմանն անմասն չմնացին նաեւ Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի շնորհալի զինծառայողները, մասնավորապես՝ զորամասի նվագախումբը դիրիժոր Դ. Արզումանյանի գլխավորությամբ հետաքրքիր պահեր պարգեւեց փոքրիկ հանդիսատեսին:

Վերջում զորամասի հրամանատարը խորին շնորհակալություն հայտնեց թատրոնի անձնակազմին, իսկ թատրոնի տնօրեն Կ. Արզումանյանին բանակհասարակություն կապի ամրապնդման համար պարգեւատրեց պատվոգրով:  Պարոն Արզումանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու, եւ ապագայում ծրագրված է  5-րդ ԶՄ զորամասերում կազմակերպել հայրենասիրական թեմաներով բեմականացումներ:

 5-ՐԴ ԶՄ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Բանակ և հասարակություն


02/11/2017