ԱՌՋԵՎԻՑ ԳՆԱՑՈՂԸ` ՀԵՏԱԽՈՒՅԶ ԳԵՎՈՐԳԸ
Նա ինքնամփոփ չէ, բայց շատ համեստ է: Արտաքուստ խաղաղ է, ինչպես հաստատակամ բնավորություն ունեցող մարդը, բայց նաեւ տաքարյուն է թվում: Խոսում է ցածր, փափուկ ձայնով, բայց զարմանալի զգաստությամբ: Դեմքն ազնիվ է, հայացքը՝ շիտակ, ինքնավստահ: Թավ հոնքերի տակ անհանգիստ, մոխրականաչավուն աչքերն են: Նա մոտ երեսուն տարեկան է: Անունը Գեւորգ է, և ամենքը նայում են նրան ակնածանքի շեշտադրությամբ: Նա հետախույզ է, հատուկ նշանակության վաշտի հրամանատար, լավագույններից մեկը հայոց բանակում, հատուկ առաջադրանքների անթերի կատարման վարպետ:
Նա հայտնվում է թշնամու թիկունքում և պատժում՝ մեր զինվորներին վնասելու համար: Գեւորգը հակառակորդի ձախողված դիվերսիաներից հետո ներթափանցում է միջդիրքային տարածություն և բերում նրանց թողած զենք–զինամթերքը: «Արիության» կրկնակի մեդալակիր է: Եվ, վերջապես, նա 2014թ. նոյեմբերի 12-ին զոհված օդաչուների տարհանման հատուկ նշանակության գործողության մասնակիցներից է:
Նստել է հողաթմբին ու նայում է թշնամու կողմը՝ սահմանագծին, որ բազմիցս է հատել: Իսկ գուցե հենց երեկ է վերադարձել այնտեղից: Ո՞վ կտա այս հարցի պատասխանը: Ո՞վ կներկայացնի մանրամասները: Հնարավոր է` ոչ ոք: Նույնիսկ ինքը` Գեւորգը:
–Երբ անցնում ես սահմանը, ի՞նչ է փոխվում քո ներսում,-հարցնում եմ՝ կարծես խախտելով անշարժ խորհրդավորությունը:
Նա համազգեստի գրպաններում ծխախոտ է փնտրում, գտնում է տուփը, մի գլանակ վառում ու ընկղմվում ինքն իր մեջ:
–Երբ հակառակ կողմում հայտնվելու համար հաղթահարում ես անծանոթ արահետներ, խճճված ճանապարհներ, երբ տարանջատում ես շրշյունը լռությունից, երբ առերեսվում ես մշուշոտ զգացողությունների հետ, երբ նայում ես պատերազմին ինքնուրույն հայացքով, հաղթում ես ինքդ քեզ: Ինչը շատ ավելի դժվար է, քան որեւէ մեկին հաղթելը: Առանց այդ հաղթանակի հետախույզը փխրուն է, ինչպես նոր իջած ձյունը:
Նա ծխում է: Ո՛չ ոգեւորված է, ո՛չ անհանգիստ. տարօրինակ տիրապետում ունի:
–Իսկ վա՞խ, անհանգստությո՞ւն, խառնաշփո՞թ,-սեւեռուն նայում եմ նրան՝ սպասելով, թե ուր որ է՝ կանկեղծանա:
–Միայն հիմարը չի վախենում,-հազիվ լսելի ձայնով արտաբերում է Գեւորգը:-Ժամկետային ծառայությունս հետախուզական ստորաբաժանումում է անցել: Ինձ միշտ հետաքրքրել է՝ ի՞նչ է կատարվում չեզոք գոտուց այն կողմ: Ինչպե՞ս են նրանք մարտական հերթափոխ կատարում: Ինչպե՞ս է կահավորված նրանց դիրքը, կրակակետը: Որտե՞ղ է կանգնած նրանց արթուն հերթափոխը: Այդ կպչուն մտքերն ինձ հանգիստ չէին տալիս: Զինվոր ժամանակ էլ մի քանի անգամ հատել եմ սահմանագիծը` հետեւել, ուսումնասիրել:
–Սիրո՞ւմ ես ռիսկի դիմել:
–Հետախուզությունը բարդ ու ծանր աշխատանք է: Այն վարպետություն, քաջություն, մանրակրկիտ պատրաստություն, բարեխղճություն է պահանջում.- աչքերում խորը մի հանդարտություն կա:- Հետախույզի մասնագիտությունն իր պարտադրանքն ունի՝ կտրուկ շրջադարձերն անընդունելի են: Սակայն առանց ռիսկի այն դառնում է չոր ու անդեմ: Մեր գործողություններում միշտ ավելի շատ անորոշություն կա, քան որոշակիություն: Ոչինչ չի փոխվի, եթե վտանգն արհամարհելու խիզախություն չունենաս:
Նա խոսում է, ես էլ մտածում եմ. ծառայությունը թրծել է նրան: Այն, ինչ ասում է, ինչի մասին պատմում է՝ անվիճարկելի է, նա գիտի իր յուրաքանչյուր բառի արժեքը:
–Երբեւէ ունեցե՞լ ես հուսահատության պահեր:
–Ձմեռ էր: Հակառակորդի ձեռնարկած դիվերսիան կատարյալ անհաջողության էր մատնվել: Չեզոք գոտում մեծ քանակությամբ ժամանակակից զենք էր մնացել: Եվ ինչքան քիչ էի ուզում մտածել այդ մասին, այնքան շատ էի մտածում: Վերջիվերջո, որոշեցի բերել: Աննկատ գնալ–գալը գրեթե անհավանական էր: Տեղանքը շատ մոտ էր նրանց դիրքին: …Սահմանի այդ հատվածը տակնուվրա արեցի, զենքը չկար ու չկար, ասես անհետացել էր: Լարվածությունից քրտնել էի, ջղայնությունից սիրտս թպրտում էր: Եվ այդ պահին էր, որ քիչ մնաց վառեի գրպանիս լապտերիկը՝ անթափանց մութը ցրելու համար: Ուշքի եկա: Ավարը գտա: Առավոտյան այն հրամանատարի սեղանին էր: Մեկ–մեկ դժվար է կառավարել զգացմունքների հոսքը, պահպանել հավասարակշռությունը: Մարտական առաջադրանք կատարելիս դու հաճախ ինքդ քո դեմ ես, ինքդ՝ քո դարանակալը:
Նա էլ մեզ նման մի մարդ է` տատանվող, մերթ խիստ, մերթ մեղմ, բայց կամքն ու ինքնատիրապետումը նրա մեջ առավել քան արթուն են: Չկա մի հայացք, մի շարժում, որ չխոսի այդ մասին: Նա երբեւէ չի մոռանում իր կոչման մասին:
–Ի՞նչ ես զգում, երբ հաղթել–պարտվելու, կյանքի ու մահվան արանքում ես:
–Ես չեմ մտածում՝ վերադառնալու եմ, թե ոչ, հաղթելու եմ, թե պարտվելու: Մի սովորություն ունեմ. հենց տեղ եմ հասնում, ինքնաբերաբար ետ եմ նայում: Այդպես, կարծես, ինձնից վանում եմ տհաճ մտքերը,-լռում է եւ նայում հեռուն: Թվում է` իրեն տանջող մտածմունքների մեջ է:-2014 թվականին խոցվեց հայկական ուղղաթիռը: Պետք է տարհանեինք օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները, նաեւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Անկման վայրը դիպուկահարների նշանառության տակ էր: Մեր խումբը պահուստային էր: Գործողության երկրորդ օրը, սակայն, հրաման ստացանք: Հենց մենք պիտի իրականացնեինք տարհանումը: Մանրամասներ չեմ պատմի. խիստ ծանր ու վտանգավոր գործողություն էր: Մեզնից ոչ ոք ապահովագրված չէր: Պարզապես մեզ համար նպատակը վեր էր ամեն ինչից: Եվ այն թույլ չէր տալիս թուլանալ, հուսահատվել… Երբ մոտեցա ուղղաթիռին, երբ ստուգեցի զոհված օդաչուի գրպանները եւ մեքենայի բանալիներ ու դրամ գտա, մի անասելի ծանրություն իջավ վրաս: Կարծես մինչ այդ երբեք մոտիկից չէի տեսել մահը… Աշխարհը փոխվեց: Ոչինչ այլեւս նույնը չէր: Բայց առաջին հերթին ես էի փոխվել:
–Ասում են` հետախույզները սառնարյուն մարդիկ են…
–Հա՛, բայց միայն հակառակորդին պատժելիս: Հյուսիսարեւելյան ուղղությունում թշնամու դիպուկահարների ելք էր: Ոչ միայն դիրքեր բարձրացող մեքենաներն էին վնասում, այլեւ` տղաներին: Արդար կլիներ, որ պատժեինք: Մենակ գնացի: Անցում բացեցի: Երեկոյան ինն էր, երբ տեղ հասա: Հավաքված էին: Եթե վստահ չլինեի, որ հարվածս կտապալի նրանց, չէի խփի: Ես պատժում եմ, որ վերականգնեմ արդարությունը:
Մտածում եմ` նրա համար իսկապես արգելքներ չկան, նրա տարերքը չափ ու սահման չունի:
–Կա՞ մի կանոն, որը երբեք չես խախտի:
–Իմ վաշտի տղաներին չեմ առաջադրի մի խնդիր, որը ինքս պատրաստ չեմ կատարելու: Միայն հրամայելով մարտը չես շահի, պետք է առջեւից գնալ: Սա իմ օրենքն է:
Նա վարձատրություն չի ակնկալում: Չի ակնկալում, որ իրեն փողոցում կճանաչեն ու կսեղմեն ձեռքը: Չի մտածում ո՛չ փառքի, ո՛չ ճանաչման եւ ո՛չ էլ առավել եւս պարգեւների մասին:
–Իսկ խաղաղությունը քո կյանքում տեղ ունի՞: Ի՞նչն է քեզ ոգեւորում, ուժ տալիս, «զինաթափ» անում:
–Սիրում եմ արեւածագը, թվում է` դեռ ամեն ինչ կհասցնեմ: Սիրում եմ վազել` կենտրոնանում եմ: Սիրում եմ կարդալ` Ֆյոդոր Դոստոեւսկի, Դանիել Դեֆո, Ժյուլ Վեռն: Հաճախ եմ վերընթերցում Բորիս Պոլեւոյի «Պատմություն իսկական մարդու մասին» վիպակը:
–Արկածներ փնտրո՞ղ մարդ ես:
–Մի քիչ անհանգիստ եմ,- ժպտում է, խոր շունչ առնում,- ինձ փոխել կամ շտկել անհնար է:
–Ի՞նչ սպասելիքներ ունես կյանքից:
–Ես ապրում եմ այս օրով: Երեկը չկա, վաղն էլ…
-…Վաղն էլ անպայման հանդիպելու ենք:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում