«…ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»
Հայոց ցեղասպանությանը նախորդող շրջանում Արևմտյան և Արևելյան Հայաստանում, Պարսկաստանի հայկական շրջաններում բրիտանական կառավարության հատուկ առաքելությունն իրականացնող ազնվական քաղաքական գործիչներ Նոել և Հարոլդ Բաքսթոնները ապշած են՝ տեսնելով գիտությունն ու կրթությունը խթանող, ազգի հոգսով տառապող, թշնամու դեմ ազգին համախմբող ու կազմակերպող եկեղեցու առաջադեմ գործունեությունը. բնաջնջման եզրին կանգնած տառապյալ հայը դպրոցներ է բացում, մտածում կրթության ու հոգևոր խնդիրների մասին, երբ նրա հոգսը պիտի լիներ անձնական ու բարոյական անապահովությունը: Նրանց զարմացնում և հիացնում է այն, որ հայ եկեղեցին նպաստում է ազգի կրթական ու մշակութային խնդիրների լուծմանը, հայ կրոնավորները բացառապես գործում են ժողովրդի բարօրության համար, և եկեղեցին կանգնած է ժողովրդի կողքին, իսկ ժողովուրդն էլ հարգալից է իր կղերի նկատմամբ` պատրաստ կյանքը զոհելու հանուն հավատի ու հայրենիքի: Հանգամանալից ու համակողմանի դիտարկումների արդյունքում Բաքսթոնները, իբրև հայ ինքնության կարևորագույն բաղկացուցիչներ, նշում են կրթության ու գիտության նկատմամբ հայի անվերապահ նվիրումը:
Հայի՝ կրթության և գիտության նկատմամբ յուրահատուկ հակումների մասին խոսելիս Հայոց ցեղասպանության ականատես Ֆաիզ Էլ–Ղուսեինը նկարագրում է հայերի, մասնավորապես՝ հայ մտավորականների սպանությունները` ընդգծելով, որ հայ ինքնության հենց այդ բնութագրական գծերն էին, որ հրահրել էին թուրքերի նախանձը: Գրիգոր Զոհրապի, Վարդգեսի (Հովհաննես Սերինգուլյանի) և մյուսների սպանությունից ու հայի բնաջնջումից հետո թուրքն, իհարկե, հանգիստ կլիներ, որ ավելի գրագետ ու կրթված մրցակից այլևս չունենար, իսկ այդ մրցակցի ստեղծածի լիարժեք ժառանգորդն էլ ինքը լիներ: Հերբերթ Գիբոնսի 1916 թ. հրատարակված «The Blackest Page of Modern History. Events in Armenia in 1915. The Facts and the Responsibilities» գրքում գրում է, որ հայերը հավատալով երիտթուրքերի հեղափոխական կոչերին, ոչ թե օգտվել են դրանից անկախ պետականություն հռչակելու համար, այլ սատար են կանգնել երիտթուրքերին, որ ազատվեն Համիդի գահակալությունից, իսկ երիտթուրքերը իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ հայերին ցեղասպանելով, որին անմիջապես հաջորդեց կառավարության նոր օրենքը՝ հայերի կողմից լքված գույքին տեր կանգնելու մասին:
Ազատության և անկախության, հզոր հայրենիքի ձգտում են բոլոր ազգերը, բայց այս ձգտումները դրսևորվում են տարբեր կերպ՝ պայմանավորված ազգային մշակույթի և ինքնության յուրահատուկ դրսևորումներով: Վահագն Դադրյանն ասում է, որ, եթե մի ազգ անընդհատ կատարում է նույն գործողությունը, ուրեմն դա նրա մշակույթն է՝ հայի մշակույթը արարել բայով է արտահայտվում, իսկ թուրքինը՝ մորթել… Բայց խաղաղասիրությամբ առաջնորդվող հնարամիտ հայը ստեղծագործելու ունակությունը չի կորցնում նաև պատերազմի դաշտում: Երբ նախագենոցիդյան շրջանում բրիտանական կառավարությունը Հայաստան էր ուղարկում հետազոտողների, պառլամենտին կից ստեղծում է գաղտնի կոմիտե, որը պիտի զբաղվեր Հնդկաստանի հարցով: Այդ շրջանակներում կայացվում է որոշում՝ Հնդկաստանին հսկելու համար ոչ մի գնով երբևէ չհրաժարվել մետաքսի ճանապարհին հայտնված Հայաստանից, նույնիսկ, եթե հարևանությամբ գտնվող Ռուսաստանի հետաքրքրությունը շատ մեծ լինի այդ երկրի նկատմամբ: Բաքսթոնները հետագայում իրենց ուղեգրության մեջ նշում են, որ կարելի է Հայաստանի վերահսկողությունը հանձնել Ռուսաստանին և նրանից պարբերաբար հաշվետվություն պահանջել:
Մենք երբեք չպետք է մոռանանք, որ, ցեղասպանվելուց բացի, հայի անունը հիշատակվում է նաւև մարդկության բարօրության համար ամենակարևոր գյուտերի հետ, մենք ունեցել ենք փառապանծ անցյալ, կերտում ենք մեր գալիքը: Մենք ունեցել ենք համաշխարհային մակարդակի գործիչներ բոլոր դարերում: Ունեցել ենք Լևոն VI, որը փորձել է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել պատերազմող անգլիացի և ֆրանսիացի ռազմական ղեկավարություններին: Հայաստանի երկու փոքրիկ հատվածներ այսօր անկախության տարեդարձ նշելու բախտին են արժանացել: Պետականություն չունենալու պատճառով եվրոպացիների կողմից հայն ընկալվել է որպես race-ցեղ, ոչ թե որպես ազգ, հայը տեսել է ցեղասպանություն՝ genocide, democide, հայրենազրկվել է իր իսկ բնօրրանում, տեսել է լեզվասպանություն, որը նույնպես ցեղասպանության մասնավոր երևույթ է, ենթարկվել է տեղահանությունների՝ deportation, որը հայասպան քաղաքականության արդյունքում Թուրքիային պիտի ապահովեր երկրի միատարր բնակչություն՝ դեմոգրաֆիկ ինժեներիայի գործադրմամբ, տերմին, որ ցեղասպանության քաղաքակիրթ համարժեքն է: Բրիտանական կառավարությունը որոշում էր կայացրել քաղաքակրթելու հայերին, և նրա ուղարկած հետազոտողները որոշում են, որ հավատարիմ ու տաղանդավոր, համաշխարհային գանձարանը հարստացրած հային կարելի է քաղաքակրթել, բրիտանական ընկալմամբ՝ գաղութացնել: Ըստ հայտնի անգլիական բառարանների՝ civilization նշանակում է հզոր քաղաքական իշխանություն ունեցող երկրի կողմից նրա առաջադեմ մշակույթի տարածումը քաղաքական անկախություն չունեցող երկրի վրա, այլ կերպ ասած՝ հզորի կողմից թույլի գաղութացում:
1914 թ. շրջագայելով Արևմտյան և Արևելյան Հայաստանում՝ Բաքսթոնները բացահայտում են, որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ գաղափարները միշտ հարազատ են եղել հայերին: ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ վերջնական աղբյուրը միշտ եղել է ԺՈՂՈՎՐԴԻ կամքը: Նրանց զարմացրել է, որ հայը զոհաբերում է իրեն հանուն ընտանիքի, դավանանքի, հայրենիքի, մինչդեռ անգլիացին միանգամայն այլ մոտեցում է ցուցաբերում. նա ապրում է հանուն ընտանիքի, դավանանքի, հայրենիքի:
Հեղինակները, գիրքը վերնագրելով «Ճամփորդությունն ու քաղաքականությունը Հայաստանում» մեկ անգամ ևս անուղղակիորեն հաստատում են այն անհերքելի ճշմարտությունը, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունն իրականացվել է հենց Արևմտյան Հայաստանում՝ հայի բնօրրանում և ոչ թե Օսմանյան կայսրությունում` պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես համաշխարհային հանրությանը փորձում են համոզել թուրքական և թուրքամետ աղբյուրները: Անդրադառնալով այդ հարցին` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը միանգամայն արդիական է համարում հատուցման պահանջի հիմնավոր բարձրաձայնումը, քանի որ Ցեղասպանության ծրագիրը մտահղացած և իրագործած երիտթուրքերի գլխավոր նպատակակետը հայությանը հայրենազրկելն էր իր իսկ բնօրրանում՝ Արևմտահայաստանում: Ուստի հույժ կարևոր է Հայոց ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթերում, հատկապես խորհրդարանական բանաձևերում «Արևմտյան Հայաստան» հատկանվան հիշատակումը, որն ավելի տեսանելի է դարձնում հայերին հայրենիքից զրկելու երիտթուրքական կանխամտածված ծրագրի բուն նպատակը: Մինչդեռ այդպես չէ աշխարհի շուրջ քսանհինգ երկրների խորհրդարանների ընդունած փաստաթղթերում, որտեղ որպես Հայոց ցեղասպանության իրականացման տարածք է հիշատակվում Օսմանյան կայսրությունը:
Հայը, իրոք, չի կարող չարիքի նախաձեռնող լինել, սակայն միանգամայն ունակ է ընդդիմանալու այդ չարիքին և հնարավոր ու անհնար բոլոր ջանքերը գործադրելու՝ դրան հակահարված տալու և քրիստոնեական բարեսիրություն սերմանելու աշխարհով մեկ: Անշուշտ, հայը քաղաքական խարդավանքների սիրահար չէ, նրա համար մշտապես և այսօր էլ հույժ կարևոր են ազգային կրթության, գիտության, արվեստի, գրականության, կրոնի նկատմամբ նրա իրավունքների ապահովումը, իր ազգի ստեղծագործական ձգտումների խաթարումից խուսափելը: Սակայն ինչ վերաբերում է պատմական արդարության վերականգնմանը, ապա դա նրա պատվի խնդիրն է, իսկ հայը պատվախնդիր ազգ է, որի հիշողության մեջ պատմական Հայաստանի հզորությունն ու անկախությունը շարունակում են մնալ իբրև ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս:
♦♦♦
Անկախությունը դժվարությամբ ենք ձեռք բերել: Առավել դժվար է այն պահպանելը: Այսօր անկախ պետականություն ունենալը համազոր է նոր կյանքի շեմին ոտք դնելուն և այն ձեռք բերելուց ավելի կարևոր է այդ անկախությունը աչքի լույսի պես պահպանելը, որպեսզի գերտերությունները դարձյալ չփորձեն հային քաղաքակրթելու ծրագրեր մշակել:
Փա՛ռք այն տղաներին, ովքեր օր ու գիշեր պահպանում են մեր երկրի սահմանները, որոնց շնորհիվ մենք խաղաղ ու ստեղծարար կյանքով ենք ապրում: Դա պարտավորեցնում է, որ սրբությամբ կատարենք նրանց պատգամը՝ պահպանելով երկիրը շենացնենք այն, զարգացնենք գիտությունն ու մշակույթը, և, ամենակարևորը՝ մեր գործունեությամբ շարունակենք նրանց գործը:
Պարտական ենք հայ զինվորին, որն օգնում է իր ժողովրդին ճաշակելու անկախության բերկրանքը:
Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Հոգևոր-մշակութային