ՈՉՆՉԱՑՐԵԼ Է 17 ՏԱՆԿ
ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հերոսական ճանապարհ է անցել: Նա արդեն 27 տարի է՝ ծառայում է Հայոց բանակում: Փառապանծ տանկիստը երկու պատերազմում ոչնչացրել է 17 ադրբեջանական տանկ:
-Պարոն փոխգնդապետ, ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի ուղին:
-1989-1991թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում և Արցախյան պատերազմի մասին իմացել ծառայությանս ընթացքում: Նախքան ԽՍՀՄ բանակ զորակոչվելը ակտիվորեն մասնակցել եմ 88-ի ցույցերին: 1991թ., երբ ավարտեցի ծառայությունս, միացա գյուղի ինքնապաշտպանական ջոկատներից մեկին: Մասնակցել եմ Մարտունու շրջանի գյուղերի բոլոր պաշտպանական մարտերին, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի մարտական գործողություններին: Նռնականետորդ էի, հետագայում դարձա տանկիստ-նշանառու: Ասեմ նաև, որ մեր զորամասի հիմնադիրներից եմ:
-Ի՞նչ պարգևների եք արժանացել: Որքանո՞վ են դրանք Ձեզ համար կարևոր:
-Պարգևատրվել եմ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Զինված ուժերի 20-ամյակի» մեդալներով, նաև` Արցախի «Մարտական խաչ» և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանի ասպետ եմ. այս ամենն ինձ ստիպել է աշխատելու է՛լ ավելի մեծ պատասխանատվությամբ: Ուրախ եմ, որ գնահատվում է կատարածս աշխատանքը:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ինձ բախտ է վիճակվել հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինել, ներդրում ունենալ հայրենիքի ազատության և անկախության գործում:
-Ինչպե՞ս կգնահատեք մեր զինվորների պատրաստվածությունը:
-Շատ բարձր: Եվ մենք դրա ականատեսը եղանք նաև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:
-Ինչպե՞ս կգնահատեիք իրավիճակը սահմանին:
-Զորքը բարձր զգոնության վիճակում է, պատրաստ ցանկացած պահի արձագանքելու իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա:
-Ի՞նչ կցանկանայիք հայրենիքի պաշտպաններին:
-Հզոր և ամուր բանակ ունենալու համար հայրենիքի պաշտպանները պետք է լավ տիրապետեն ցանկացած զենքի, իմանան դրանց մարտավարական բնութագիրը և կարողանան գործնականում հմտորեն կիրառել այն:
Ճեպազրույցը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Շարքային
Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ