ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ–ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ավարտն ազդարարող միջոցառումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀ–ի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանական–անվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, դասախոսություններով հանդես են եկել պաշտպանական–անվտանգային ոլորտի մասնագետներ՝ ՊՆ–ից, ԶՈՒ ԳՇ–ից, ՊԱՀՀ–ից, դասախոսներ ԵՊՀ–ից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ:
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ:
Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ պետ, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ պետի՝ կրթության գծով տեղակալ–ՊԱՀՀ Ռազմավարական պաշտպանական–անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվեցին Հավաստագրեր:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ