ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում վաղ առավոտից ազգագրական երգն ու պարն էր թեւածում: Ամբողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվել–համախմբվել էր. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի, Բերդավանի մատուռի եւ Մեծ եղեռնի հուշակոթողի հարակից տարածքում ծառատունկ էր: Մեկ ծառ՝ մեկ ընտանիք… Բերդավանցիները ծառ էին տնկում ու ամեն ծառի արմատը տնկելիս յուրաքանչյուրը թղթին գրված իր երազանքը, իղձն ու ցանկությունն էր պահ տալիս…Սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդու ամենանվիրական ու բաղձալի երազանքը` խաղաղությունն է: Ծառատունկին մասնակցում էին նաեւ հայրենի եզերքի խաղաղությունը պաշտպանող զորամասի զինվորները:
Բերդավան համայնքի ղեկավար Սմբատ Մուղդուսյանի հավաստմամբ` ծառատունկն ամեն տարի է կատարվելու:
«Խաղաղության պուրակ» այսուհետ այսպես կանվանվի կանաչապատված այս տարածքը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ