ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Նոյեմբերի 22-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառումը, որը կազմակերպվել էր Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանի անմիջական օժանդակությամբ, նպատակ ուներ կրկին մեծարելու պատերազմի ուսանող հերոսներին, լսելու նրանց հերոսական պատմությունները:
Միջոցառմանը ներկա էին քառօրյա պատերազմի մասնակից մերօրյա հերոսները՝ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ Շուլի Հակոբյանը, Նարեկ Մալխասյանը, ըմբիշ-հրետանավոր Սմբատ Սահակյանը, ինստիտուտի շուրջ յոթ տասնյակ ուսանող, որ մարտի ելան պաշտպանելու հայրենի երկրի սահմանները:
Հանդիպման սկզբում ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վ. Առաքելյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ինստիտուտի բակում տեղադրված հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով արցախյան գոյամարտում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Վահրամ Առաքելյանը շնորհակալություն հայտնելով Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանին, Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին նման միջոցառում կազմակերպելու համար՝ ասաց.
-Այսօրինակ հանդիպումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են:
Անպարտելի էին նաև ՀՖԿՍՊԻ-ի այն չորս ուսանողները, ովքեր զինվորագրվեցին հայրենի հողի պաշտպանությանը՝ անձնուրաց պայքարում իրենց կյանքը նվիրելով հայրենիքին:
Այդ օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքի հետ և մեզ` ապրողներիս պարգևեց հպարտության, երկրի առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության զգացում: Անկախության սերնդի զինվորները շատերին տվեցին արիության դասեր՝ վերահաստատելով հզոր բանակի զորացմանն աջակցելու գաղափարի անսասանությունը: Այս համատեքստում բուհն իր պարտքն է համարում ստեղծելու կրթական արտոնյալ ու բարձրակարգ պայմաններ «պատերազմի մարզիկների» համար՝ ոգեշնչելով անկախության սերնդի երիտասարդներին, ուղղորդելով նրանց առաջընթացը:
Շքանշանակիր հերոս Շուլի Հակոբյանը քառօրյա պատերազմի օրերին իր գործողություններով աչքի էր ընկել Թալիշի ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս՝ կես ժամվա ընթացքում խոցելով հակառակորդի երեք տանկ: Գյումրեցի քաջորդին ուղղված հարցերին պատասխանում էր իրեն բնորոշ համեստությամբ ու պատերազմի փորձությունների միջով անցած հերոսի հասունությամբ:
Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը հակատանկային նռնականետով խոցել էր ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիրը իր բացառիկ ռազմական սխրանքի մասին խոսելու փոխարեն նախընտրեց հորդորել ուսանողներին միասնական մեկ բռունցքի նման զինվորագրվել հայոց բանակի զարգացման գործին:
Սմբատ Սահակյանը, որը զորացրվելուց հետո շարունակում է ուսումը ՀՖԿՍՊԻ-ում: Պատերազմի օրերին նրա հրետանին զգալի կորուստներ պատճառեց թշնամուն: Ասում է՝ կարողացան ճիշտ հակահարված տալ, քանի որ միասնական էին: Իր խոսքում հրետանավոր ըմբիշը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին նախաձեռունթյան համար, որն ուղղված է ռազմահայրենասիրական ոգու ամրապնդմանը, ուսանողության շրջանում մարտական ոգու բարձրացմանը և ի վերջո՝ նպատակ ունի հիշելու, հիշեցնելու և ճանաչելու մերօյա հերոսներին: Այդ օրերին Սմբատն սկսեց բանաստեղծություններ գրել: Ասաց. «Միանգամից միտքս էր գալիս ու գրում էի տողեր, որոնք հետո պիտի նվիրեի իմ ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության ազգամեծար գործին»:
Միջոցառման կազմակերպիչ, ապագա մարզական լրագրող Հայկ Գալստյանը ապրիլյան պատերազմին մասնակցած հետախույզ է. արժանացել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալի: Հայկը ևս ստեղծագործում է. շատ է սիրում «Մամ» բանաստեղծությունը, որ գրել է պատերազմի օրերին, և այս միջոցառումը լավագույն առիթն էր այն նվիրելու իր մայրիկին, որը ևս հանդիպման գլխավոր հյուրերից էր:
Միջոցառումն ամբողջացրին Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ուսանողների՝ քառօրյա պատերազմի բոլոր հերոսների սխրանքների, ռազմական գործողությունների ընթացքում կատարած հերոսական քայլերի մասին պատմող տեսանյութերը:
Միջոցառման ավարտին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մերօրյա իրական հերոսների ծնողներին՝ արիական դաստիարակության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո և պատասխանատվության համար:
Միջոցառման վերջում ինստիտուտի ռեկտոր Վ. Առաքելյանը ՀՖԿՍՊԻ-ի հատուկ շնորհակալագրերով պարգեւատրեց քառօրյա պատերազմին մասնակցած ՀՖԿՍՊԻ-ի բոլոր ուսանողներին, շքանշանակիր հերոսներին:
ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Բանակ և հասարակություն