ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ
Հայելու առաջ այդ տեսքով առաջին անգամ էի` սափրագլուխ:
-Բարով գնաս – բարով գաս,- մաղթեց իմ առաջին ու միակ, վերջին 15 տարիների վարսավիր Արմենը` հավաքելով սափրելու ապարատը (մկրատ չէր օգտագործել) եւ գրպանը դնելով 1000 դրամը:
Դա նախօրեին: Առավոտյան եկավ ընկերս` նա էր ուղեկցելու զինկոմիսարիատ: Առավոտից մայրս արտասվում էր: Միջանցքում գրկախառնվեցինք, մուտքի մոտ բաժանվեցինք: Մորս ձեռքին ջրով բաժակ կար: Մայրս շարունակում էր արտասվել: Ես էլ էի հուզվել: Հրաժեշտ տվեցի ու ճամփա ընկա:
Զինկոմիսարիատի մուտքի առաջ ծխամաններ էին, ընդ որում՝ շատ: Զինվորականները, կարծես, փորձից ու տարիների ավանդույթից համոզվել էին. այստեղ հավաքվում են ու շատ են ծխում` գուցե լարվածությունից, գուցե սպասումից: Ընկերներս ծիծաղում էին, կատակում: Անեկդոտները չէի էլ լսում. բանակային էին, իրենց համար զվարճալի, ինձ համար անհետաքրքիր: Ոմանք արդեն վերադարձել էին ծառայությունից, ոմանք «ազատվել», մյուսները պարզապես ուրախ էին, որովհետեւ միշտ է այդպես եղել. ճանապարհելիս չպետք է տխրել: Ու տալիս էին խորհուրդներ, որ արդեն տասնամյակներ չեն փոխվում.
«Դուխդ տեղը կպահես, մեծ տղա ես»:
«Մենակ թե, ծեծկռտուքի մեջ չմտնես, կդատվես»:
«Պրոբլեմ լինի, տեղյակ կպահես»:
Ու այսպես երեք ժամ:
Մոտ 25 հոգի էինք: Ամենամեծը ես էի` 23 տարեկան, բարձրագույն կրթությամբ, մագիստրատուրայի դիպլոմով, աշխատանքային փորձով: Մյուսների 18-ը օրեր առաջ էր լրացել: Բժշկական սենյակներում հետազոտվեցինք: Ես մենակ էի: Մյուսները եկել էին հարազատների հետ:
Զինկոմիսարիատի միջին տարիքի սպան կիսախռպոտ, մի փոքր բարկացած տոնով բոլորին աջ ու ձախ էր ուղարկում` այս կամ այն բժշկի մոտ: Համբերատարությամբ եւ արդեն սովոր նորակոչիկների անուշադրությանը, նա յուրաքանչյուրին բացատրում էր բուժզննման սենյակների հաջորդականությունը: Ամեն մեկին: Ամեն անգամ: Երեւի այդ ընթացքում էին մազերը սպիտակել…
11:40-ին ավտոբուսը շարժվեց: Մեկնելուց առաջ ընկերներիս խնդրել էի ավտոբուսի ետեւից չգալ, ցուցամոլություն չանել: Մինչեւ հանրապետական կենտրոնական հավաքակայան հասնելը, մեզ ուղեկցեցին իմ «բախտակիցներից» մի քանիսի ընկերները` ազդանշաններով ու արկածներով` ՊՆ ավտոբուսի առաջը կտրելով, իրենց «Նիվաների» եւ «06»-երի ապակիներից դուրս կախվելով ու շամպայններ բացելով: Վարորդը, տարեց մարդ, նյարդայնանում էր:
Հավաքակայանում բոլորը լռեցին, լրջացան: Այստեղ բոլորը դարձան համեստ պատանիներ: Գրեթե բոլորը: Նրանք, ովքեր դեռ քաղաքացիական ակտիվություն էին ցուցաբերում, լռեցին ռազմականի տղերքին տեսնելով: Նրանք զգուշացրին.
-Ում ձեռքին հեռախոս տեսնենք, կվերցնենք…
Զինակոչիկների սենյակում այլեւս միայնակ չէինք, մարզերի ու մայրաքաղաքի զինկոմիսարիատներից մի քանի հարյուր տղաներ կային: Գործընթացն սկսվեց: Յուրաքանչյուրի մեծ եղբոր, հորեղբոր, թաղային հեղինակություն վայելող ընկերոջ մեսիջները փոխանցեցին մեկը մյուսին. «Մենք սպայկա ենք, իրար հետ եղեք, հարց ունեք, եկեք ինձ ասեք»: Զրույցի հերթը ինձ հասավ: 18 տարեկանները ինձ էլ կանչեցին իրենց «ժողովին»: Մերժեցի: Դժվար էր իրենց բացատրել, որ ամեն ինչ այստեղ չի որոշվում: Ամեն ինչ նոր է սկսվելու:
5 րոպե. այդքան ժամանակ մեզ հատկացրին ծխելու համար: Մոտեցավ վիճակահանության պահը: Այդ ընթացքում մտածում էի մերոնց մասին. տանը մայրս էր, տատս, ու վերջ: Կես ժամն ինձ համար դարձավ մեկ տարի եւ երկու տուփ սիգարետ: Մտքով արդեն ինձ ուղարկել էի ամենահեռու զորամաս ամենաբարդ պայմաններով, նույնիսկ պատկերացնում էի օրեր, երբ չէի կարողանալու կապ հաստատել մորս հետ:
Դպրոցը նոր ավարտածներից մեկին մոռանալ չեմ կարող: Զգաց, որ ավելի մեծ եմ, մոտեցավ, մի քանի հումոր արեց, որ մտերմություն անի, հետո աչքերը լցրեց, խորհուրդ հարցրեց.
-15000 դրամ ունեմ, կարո՞ղ է՝ չթողնեն ինձ հետ տանեմ:
-Գրպանում պահի ու ոչ մեկին էլ չասես, չեն վերցնի: Ու մեկ էլ, առաջին երկու ամիսը չծիծաղես, չկատակես մյուսների հետ, ճիշտ չեն հասկանա:
Ռուբեն էր անունը, տեսնես` ուր ընկավ: Հիմա ինչպես է:
Վիճակահանությունն սկսվեց, հերթի կեսում կանգնած էի: Սյունիք, Տավուշ, Վայոց ձոր, հիմնականում այստեղ ընկան տղաները: Վերջապես իմ անունն էլ կարդացին: Ամեն ինչ որոշվեց երեկոյան 7-ին:
Շարունակելի
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Ազգային բանակ