ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ
Զրույց նկարչուհի ՎԵՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Սիրելի՛ Վերա, բարի գալուստ Հայաստան, ի՞նչ առաքելությամբ եք հայրենիքում:
-Եկել եմ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով` մասնակցելու «Ծագումով հայեր» նախագծի 10-ամյա հոբելյանի տոնակատարությանը: Հայրենիք են եկել արտերկրում ապրող այն նշանավոր հայերը, որոնց մասին «Ծագումով հայեր» ծրագիրը իր գործունեության տասը տարիների ընթացքում պատմել է մեր ժողովրդին: Մենք բացառիկ առիթ ունեցանք ճանաչելու իրար, շփվելու միմյանց հետ:
Շատ հուզիչ էր նաեւ Անկախության 26-ամյակին նվիրված տոնական ճաշկերույթը պաշտպանության նախարարության շենքի բակում: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրավերով ես նույնպես պատիվ ունեցա մասնակցելու տոնին եւ անչափ տպավորվեցի մեր «պաշտպանության շենքի» հզորությամբ, վեհությամբ, գեղեցկությամբ: Ինձ իսկապես պաշտպանված զգացի:
-Դուք մոտ երկու տասնամյակ հայրենիքում չեք եղել: Ինչո՞վ էր պայմանավորված այդ մեծ «դադարը»: Եվ առհասարակ, ինչո՞ւ մեկնեցիք Միացյալ Նահանգներ:
-Ես մասնագիտությամբ երկրաբան եմ: Արշավախմբերի հետ շրջում էի Հայաստանով մեկ, ապրում էի վրանների մեջ, բնության գրկում, բաց երկնքի տակ, պեղում էի հողի ընդերքը, լցվում էի գույներով, հույզերով, երազանքներով: Բայց մշտապես զգում էի մի նոր շնչառության հույժ կարեւոր անհրաժեշտությունը: Ես գնացի մեծ երկիր՝ հասկանալու, թե ինչի է ձգտում հոգիս, և ինչը ինձ չի հերիքում հայրենիքում:
-Ձեր ինքնակենսագրության մեջ գրված է, որ դպրոցն ավարտել եք ոսկե մեդալով, բուհը՝ գերազանցության դիպլոմով: «Զտարյուն գերազանցիկները» հազվադեպ են ստեղծագործական խառնվածք ունենում եւ հազվադեպ են «էքսպերիմենտներ» սիրում: Նրանք օգտապաշտ են, հաշվարկված…
-Ես անհնազանդ էի ու ազատ: Նորի ձգտումը անսահման ուժեղ էր իմ հոգում: Ու այն չի խամրել մինչ օրս: Ես ուզում եմ նոր խոսք ասել նկարչության մեջ, նոր բարձունքներ նվաճել: Ամեն ինչում կատարելության եմ ձգտում` արվեստում, մարդկային հարաբերություններում…… Նկարչությունն ինձ համար աշխարհի հետ հաղորդակցվելու լավագույն միջոցն է, երբ կարող եմ անխաթար դիմացինիս փոխանցել այն ամենը, ինչը կա հոգուս մեջ և հասնել լիարժեք փոխըմբռնման ու ներդաշնակության:
….Երբ սկսեցի նկարել, երբ ծնվեց առաջին յուղաներկ կտավս, ես հասկացա, թե ինչ էի որոնում, թե որն է իմ անելիքը այս կյանքում…. Ու որոշեցի հայրենիք վերադառնալ միայն այն ժամանակ, երբ պատմելու բան կունենամ հայրենակիցներիս: Երբ իմ վաստակով կարդարացնեմ երկար ժամանակ հայրենիքից բացակայելու իրողությունը:
-Ձեր բոլոր բուկլետների վրա, Ձեր անվան կողքին, գրված է (փորձում եմ թարգմանել անգլերենից) հայաստանածնունդ ամերիկյան նկարչուհի, ինչո՞ւ եք շեշտում Ձեր «հայաստանածնունդ» լինելը:
-Նրանք, ովքեր ցանկանում եմ ավելի լավ հասկանալ իմ գույները, իմ ասելիքը, իմ հույզերը, պիտի որոնեն Հայաստանը, Հայաստանի պատմությունը, մեր ժողովրդի կերպարը եւ միայն այդ դեպքում լիովին կբացահայտեն իմ նկարների բովանդակությունը եւ իմ ապրումի շերտերը: Ես հայաստանցի եմ:
-Դուք արմատներով ղարաբաղցի եք:
-Եթե ես արմատներով սասունցի կամ մշեցի լինեի, պիտի ասեի հայաստանցի եմ, որովհետեւ հայկական հողի յուրաքանչյուր թիզը Հայաստան է` իր պատմությամբ, մշակույթով, բովանդակությամբ:
…. Իմ մորական պապը` Ղարաչինար գյուղից, ինձ ասում էր. «Այ տուլիշ, ես Անդրանիկի հետ մի յալախի (թաշկինակի) վրայից հաց եմ կերել»: Սա նրա կյանքի ամենամեծ հպարտությունն էր: Ու այսպիսին էին հայրենասիրության դասերը իմ մանկության տարիներին` շոշափելի, ազդեցիկ, արյանդ ձուլվող…
-Տուլի՞շ, թե՞ տուլաշ: Տուլաշ Ղարաբաղի բարբառով նշանակում է հաստակող, երեսը պինդ:
-Տուլիշ նշանակում է շան քոթոթ, ես այդպես գիտեմ: Իսկ «տուլաշ» լինել երեւի պետք էր մի ժողովրդի, որը շրջապատված է եղել թշնամիներով եւ իր ինքնության, իր հողի, իր ապրելու իրավունքի համար կռիվ է տվել դարեր շարունակ:
-Ձեր նկարներում շատ են կրոնական թեմաները:
-Իմ հորական պապերը հոգեւորականներ են եղել: Ես ծնվել եմ Աստծու պատկերը սրտիս մեջ: Աղջնակ էի, երբ մայրս հիվանդացավ: Բժիշկներն ասում էին` քաղցկեղի վերջին փուլն է: Տանը սուգ էր: Ես գնացի եկեղեցի, չոքեցի Տիրոջ առաջ: Եվ հանկարծ մի ձայն ինձ պարզորոշ ասաց, որ մայրս ապրելու է: Մայրս ապրեց 84 տարի:
-Իսկ ինչո՞ւ են Ձեր բոլոր Քրիստոսները կիսադեմով:
-Ինքս մի օր բացահայտեցի, որ երբեք Տիրոջ պատկերը ամբողջական չեմ նկարել: Դա ներզգացողություն էր, ոչ թե գիտակցված ասելիք: Մի օր այդ հարցի պատասխանը գտա հանկարծակի, ասես ինչ-որ մեկը հուշեց` ես ո՞վ եմ, որ ամբողջովին ընկալեմ Տիրոջը, տեսնեմ նրա ամբողջական պատկերը: Տիրոջ մյուս կիսադեմը տեսնելու համար քավարանով պիտի անցնենք բոլորս: Ամեն մեկս՝ մեր չափով:
-Դուք էքսպրեսիոնիստ-աբստրակցիոնիստ եք, որը մատներով է նկարում: Մի՞թե այդ նուրբ, գունեղ կտավներին վրձին չի դիպել: Եվ կա՞ արդյոք նման նախադեպ աշխարհում:
-Այո՛, կան նկարիչներ, որոնք մատներով են նկարում: Ես պիտի շոշափեմ գույնը: Դա ինչ-որ անբացատրելի բան է, ասես իմ հպումից գույնը ճիշտ երանգ է առնում, ասում է այն, ինչ ուզում եմ: Հոգիս ու գույնը ձուլվում են իրար:
-Դուք անհատական ու խմբային ցուցահանդեսներ եք ունեցել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայտնի արվեստաբանները շատ բարձր են գնահատել Ձեր արվեստը: Դուք ցուցադրվել եք հեղինակավոր պատկերասրահներում, Ձեր նկարները վաճառվում են տասնյակ հազարավոր դոլարներով:
-Ամենամեծ գինը եղել է 17 հազար 500 դոլարը: Բայց ես նաեւ սիրում եմ նվիրել իմ նկարները: Օրինակ` վերջերս նկարներ եմ նվիրել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին, Թել Ավիվի ամենահին վանքին, Շուշիի Ղազանչեցոց վանքին, Փարաջանովի տուն-թանգարանին: Եվ հենց այս պահին որոշեցի, որ մի նկար` Տիրոջ պատկերը, պիտի նվիրեմ Ձեզ:
-Անչափ շնորհակալ եմ: Ձեր վերջին ցուցահանդեսը Ճապոնիայի Օսակա քաղաքում էր: Ինչպե՞ս ընդունեց ճապոնացի արվեստասերը հայ նկարչուհու գույները: Մեր երկու ազգերի մշակութային տարբերությունները բավականին ընդգծված են:
-Ամեն անգամ, երբ արվեստաբանները խոսում են իմ մասին, երբ բարձր են գնահատում իմ արվեստը, ես հիշում եմ ճակատագրական հանդիպումս նկարչուհի, տեսաբան Ռենեե Ամիթայի հետ, որն ինձ հորդորեց հավատարիմ մնալ սեփական զգացողություններին ու ընկալումներին: Ես նկարչության դասեր եմ առել տարբեր հաստատություններում ու տարբեր նկարիչներից, բայց միայն Ռենեե Ամիթայը ինձ սովորեցրեց «չընդօրինակել» ուրիշներին ու կանոններով չճնշել սեփական անհատականությունը: Նա առաջինն էր, որ տեսավ հեռվում բացված հորիզոնն ու ինձ ցույց տվեց վերելքի ուղին: Ոչ միայն ճապոնացիները, այլև արվեստ սիրող յուրաքանչյուր մարդ, անկախ ազգությունից, ընկալում է ասելիքդ, գույնդ, եթե դու անկեղծ ես, ինքնատիպ ու քո ազգային մտածողությանը հավատարիմ:
-Վերա, ինչո՞ւ մինչեւ հիմա չեք ցուցադրվել հայրենիքում:
-Հայրենիքում ցուցադրվելն ինձ համար քննություն է սեփական ժողովրդի առաջ, հաշվետվություն` ապրած տարիների համար:
-Հայրենիքից հեռու ապրած: Դա ավելի պարտավորեցնող է:
-Ես այսօր պատրաստ եմ այդ քննությանը: Եվ հույս ունեմ, որ մոտ ապագայում հայրենիքում ցուցադրվելու բաղձալի երազանքս իրականություն կդառնա …Ես այնքան բան ունեմ պատմելու իմ հայրենակիցներին:
-Ինչպիսի՞ն է Հայաստանը երկար տարիների բացակայությունից հետո:
-Հրաշալի ճարտարապետություն, լույսեր, արվեստի տոն… Բայց մարդկանց դեմքին հոգս կա: Ես շփվել եմ զանազան ազգերի ներկայացուցիչների հետ, հայերի նման տաղանդավոր, աշխատասեր, կենսունակ, բարեսիրտ ազգ չկա: Մենք ընդամենը պիտի կարողանանք պահպանել մեր անկախությունը այս դժվարին ժամանակներում, ու մեր թռիչքը չի ուշանա, ես վստահ եմ: Եվ ամենակարեւորը` պիտի մոտենանք Տիրոջը:
-Ինչպե՞ս:
-Սիրենք: Իմ ամբողջ նկարչությունը սիրո մասին է և հանուն սիրո:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Հոգևոր-մշակութային