Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ…



Սկիզբը` նախորդ համարներում 

ԴԵՅԼ ՔԱՐՆԵԳԻ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ...ԿԱՆՈՆ 2. Մարդկանց հետ վարվելու արվեստի գաղտնիքը 

 …Որքան ինձ հայտնի է, պատմության ընթացքում միայն երկու մարդ են ստացել տարեկան 1 մլն դոլար աշխատավարձ` Ուոլտեր Քրայսլերը եւ Չարլզ Շվաբը։

Ինչո՞ւ էր էնդրյու Քարնեգին Շվաբին տարեկան միլիոն դոլար կամ օրական երեք հազար դոլարից ավելի վճարում։ Ինչո՞ւ։

Որովհետեւ Շվաբը հանճա՞ր է։ Ո՛չ։ Որովհետեւ նա պողպատի արտադրության մասին մյուսներից ավելի շա՞տ բան գիտեր։ Հիմարություն։ Հենց ինքը` Չարլզ Շվաբը, հայտնել է ինձ, որ իր մոտ աշխատում են շատ մարդիկ, որ պողպատի արտադրության մասին ավելին գիտեն, քան ինքը։

Շվաբն ասում է, որ իրեն վճարում են այդպիսի աշխատավարձ հիմնականում մարդկանց հետ վարվեցողության համար։ Ես նրան հարցրի, թե ինչպես է այդ անում։ Ահա նրա գաղտնիքը` սեփական բառերով իսկ շարադրված։ Այդ խոսքերը անհրաժեշտ է ձուլել մաքուր բրոնզից եւ կախել յուրաքանչյուր տանը, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր խանութում եւ յուրաքանչյուր հիմնարկությունում։ Երեխաները լատիներենի բայերը սովորելու կամ Բրազիլիայում տեղումների քանակը հիշելու փոխարեն պետք է սովորեն այդ բառերը անգիր, քանի որ դրանք գրեթե անճանաչելիորեն կփոխեն մեր կյանքը, եթե միայն դարձնենք մեր կյանքի նշանաբանը։

«Իմ ամենաարժեքավոր հատկանիշը,- ասաց Շվաբը,- համաrnւմ եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու եւ նրանց լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը` նրանց արժանիքներն ընդունելու եւ խրախուսելու միջոցով:

Ոչինչ այնքան ուժեղ չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը: Ես երբեք ոչ ոքի չեմ քննադատում: Հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա: Այդ է պատճառը, որ շատ եմ ուզում մարդկանց գովել եւ տանել չեմ կարողանում, երբ նրանց նախատում են: Եթե ինձ ինչ-nր բան դուր է գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը եւ շռայլորեն գովաբանում»:

Ահա այսպես է վարվում Շվաբը։ Իսկ ինչպե՞ս է վարվում սովորական մարդը։ Ճիշտ հակառակը։ Եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, նա սկսում է հայհոյել, իսկ եթե դուր է գալիս, ոչինչ չի ասում:

Շվաբը հայտարարում է. «Իմ բոլոր լայն շփումներով հանդերձ, իսկ ես հանդիպում եմ բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ աշխարհի տարբեր մասերում, դեռ չեմ տեսել մի մարդու, որքան էլ մեծ կամ բարձր պաշտոն զբաղեցնի, որն ավելի լավ չաշխատի եւ ավելի շատ ջանք չթափի բարյացակամության միջավայրում, քան քննադատության մթնոլորտում»։

Ըստ էության՝ հենց դրանում էլ թաքնված էր, Շվաբի խոսքերով ասած, էնդրյու Քարնեգիի բացառիկ հաջողությունների պատճառներից մեկը։ Քարնեգին գովում էր իր զինակիցներին եւ՛ հրապարակավ, եւ՛ մեկուսի։

Նա ցանկանում էր պատշաճը հատուցել իր օգնականներին նույնիսկ սեփական մահարձանով։ Նա իր համար դրել էր հետեւյալ տապանագիրը. «Աստ հանգչի աճյունը մարդու, որը գիտեր իրեն շրջապատել ավելի խելոք մարդկանցով, քան ինքն էր»։

Մարդկանց հետ վարվելու Ռոկֆելլերի գաղտնիքներից մեկը նրանց անկեղծորեն գնահատելու կարողությունն էր։ Օրինակ, երբ նրա գործընկերներից մեկը` Էդվարդ Տ. Բեդֆորդը, կոպիտ վրիպում թույլ տվեց` Հարավային Ամերիկայում անհաջող առեւտուր կատարելով, որը ֆիրմայի վրա միլիոն դոլար նստեց, Ռոկֆելլերը կարող էր նրան քննադատել, բայց նա գիտեր, որ Բեդֆորդն աշխատել է անել որքան հնարավոր  է լավ։ Դրանով էլ միջադեպն ավարտվեց։ Բայց եւ այնպես, Ռոկֆելլերը գովեստի համար էլ առիթ գտավ։ Նա շնորհավորեց Բեդֆորդին, որ վերջինս կարողացել էր փրկել իրենց ներդրած կապիտալի վաթսուն տոկոսը։ «Դա հրաշալի է,- ասաց Ռոկֆելլերը,- մենք այստեղ, վերեւում, միշտ չէ, որ այդքան լավ ենք աշխատում»։

Զիգֆիլդը, այդ ամենափայլուն բեմադրիչը, որ ժամանակին հիմնադրել է Բրոդվեյը, իր համբավով պարտական էր «ամերիկացի աղջիկներին հռչակելու» իր նուրբ կարողությանը։ Նա բազմիցս վերցնելով որեւէ անշուք, փոքրիկ արարածի, որին ոչ ոք չէր ցանկանա երկրորդ անգամ նայել, բեմի վրա վերափոխում էր մի խորհրդավոր եւ գայթակղիչ կախարդական տեսիլքի։ Իմանալով գովեստի եւ վստահության արտահայտման կարեւորությունը՝ Զիգֆիլդը կանանց հանդեպ միայն իր նրբակիրթ, զգուշավոր վերաբերմունքով հասնում էր այն բանին, որ վերջիններս իրենց գեղեցկուհիներ էին զգում։ Լինելով գործնական մարդ, նա երգչախմբի կանանց աշխատավարձը բարձրացրեց շաբաթական երեսունից մինչեւ հարյուր յոթանասունհինգ դոլարի։ Նա գիտեր նաեւ ասպետություն ցուցաբերել։ Այսպես, թատերական ռեւյուի բացման օրը նա շնորհավորական հեռագրեր էր ուղարկում մասնակից բոլոր աստղերին եւ «ամերիկյան գեղեցկուհի» վարդերի անձրեւ էր տեղում երգչուհիներից յուրաքանչյուրի վրա։

 Շարունակելի

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Հոգևոր-մշակութային


07/12/2017