Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Երեւանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին

 Բարեւ, հա՛յ զինվոր, մեր ազգի պարծանք: Մենք գիտենք, որ շատ դժվար է ձեր ծառայությունը սահմանում, սակայն, վստահ ենք, որ դուք աչալրջորեն պաշտպանում եք սահմանը եւ պատրաստ եք դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգությանը, չխնայելով նույնիսկ սեփական կյանքը, ինչպես չխնայեցին իրենց կյանքը քառորյա պատերազմի մասնակից մեր զոհված հերոս տղաները: 

Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, թող ձեր ծառայությունն անցնի առանց պատերազմի, եւ դուք փառքով ավարտեք ձեր ծառայությունը եւ վերադառնաք հայրենի տուն:

Հիշեք` դուք կատարում եք ամենակարեւոր գործը` պաշտպանում եք հայրենիքը:

 ♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ շատ սիրելի զինվոր եղբայր: Չգիտեմ, կհավատաս ինձ, թե ոչ, բայց ես քեզանից շատ-շատ հեռու` Երեւանում, ամեն գիշեր քնելուց առաջ շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ այս գիշեր եւս դու պիտի արթուն ու զգոն մնաս, որ ես այստեղ` իմ տաքուկ անկողնում, հանգիստ քնեմ: Ես Աստծուն խնդրում եմ, որ դու անփորձանք լինես ու մեր երկրի սահմանները միշտ այսչափ անառիկ պահես: Ուզում եմ՝ իմանաս, որ մի ամբողջ ազգ աղոթում է քեզ համար, վստահում է քո ուժին ու հպարտանում է քեզանով: Գիտես, երեւի աշխարհում չկա ուրիշ ոչ մի ազգ, որն այսչափ սիրի իր զինվորին:

Եվս մի քանի տարի, եւ ես էլ կդառնամ հայոց բանակի զինվոր: Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան, իսկ մինչ այդ, դու մնա այդքան քաջ ու անվախ, որ մենք շարունակենք լավ սովորել, որպեսզի քեզ արժանի փոխարինող լինենք:

 ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 ♦♦♦ 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՍիրելի՜ հայ զինվոր, ես ուզում եմ, որ դու միշտ քաջ լինես, կանգնած մեր Հայաստանի սահմաններին: Եղի՛ր առողջ, ուժեղ: Եվ շո՛ւտ վերադարձիր տուն:

 ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆ

 

♦♦♦

Բարեւ, իմ անունը Բորիս է: Ես սովորում եմ երկրորդ դասարանում: Դու ինչպե՞ս ես, ընկերներ ունե՞ս այդտեղ: Ես ուրախ եմ, որ դու պաշտպանում ես քո հայրենիքը: Շուտ վերադարձիր, չէ՞ որ քեզ սպասում են, զինվո՛ր:

 ԲՈՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի՛ զինվոր…

Նախ` խոսքս սկսեմ նրանից, որ Աստված խաղաղություն թող տա մեր Հայաստան աշխարհին, մեր սահմաններին, հոգու համբերություն տա ձեր մայրերին եւ հայրերին: Ես ցանկանում եմ քեզ ու քո ծառայակից ընկերներին բարի ծառայություն, խաղաղ ու անամպ երկինք, արեւոտ ու անհոգ օրեր: 

Ես քո կրտսեր եղբայրն եմ՝ մեր չքնաղ Հայոց աշխարհի փոքրիկ զինվորը, եւ մենք միասին կպաշտպանենք մեր երկիրը վախկոտ թշնամիներից:

Ես հպարտ եմ, որ ունենք քեզ նման քաջ զինվորներ, Աստված քեզ հետ, Աստված բոլոր զինվորների հետ:

Ապրես, հա՛յ զինվոր…

 ՄՈՒՇԵՂ ՍԻՄՈՆՅԱՆ

 ♦♦♦ 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ հայ զինվոր: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր հայ մարտիկ կանգնած է հիմա խրամատում եւ պաշտպանում է մի ամբողջ ազգի, մի ամբողջ երկրի խաղաղությունը: Ձեր ուսերին դրված է մեծ պատասխանատվություն: Երբ մի ամբողջ ազգ կարողանում է գլուխը դնել բարձին եւ հանգիստ քնել, հայ զինվորը մեկ վայրկյան անգամ չի մտածում զենքը ցած դնել եւ ննջել, որովհետեւ հայ ազգը վստահում է նրան:

Նա իր կյանքը զոհում է հանուն կյանքի: Հա՛յ զինվոր, ի՛մ եղբայր, ես սիրում եմ քեզ,:

 ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

8-րդ դաս.

♦♦♦

 ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, իմ հայ զինվոր, 

Բարեւ, իմ քաջ զինվոր…

Ձեզանով հպարտ եմ:

Դուք պաշտպանում եք մեր երկիրը, հաճախ կյանքի գնով:

Մեր քաջ ու անպարտ զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ: Ձեր շնորհիվ է, որ մենք ապրում ենք խաղաղ ու ապահով: Թող Աստծո օրհնությունը միշտ ձեզ հետ լինի: Մենք ձեզ շատ ենք սիրում:

Բարի ծառայություն, բարի վերադարձ:

 ՍՅՈՒԶԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Բանակ և հասարակություն


07/12/2017