«ԵՂՆԻԿՆԵՐ». ԱՄՈՒՐ ԴԻՐՔԵՐԻ ԼԵՌՆԱՆՄԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Մեր խրամատը փոքր-ինչ բարձրում է եւ վերահսկում է հակառակորդի դիրքեր տանող ճանապարհը: Անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքում երկու բանակներն իրարից բաժանող սահմանագիծն է, չեզոք գոտին՝ Գյուլիստանը: Երբեմնի բարետես հայկական գյուղը հիմա ավերակ է՝ քարուքանդ եղած տներով։
Կրակակետերից մեկում հերթապահող սերժանտը` Հովսեփ Հակոբյանը, ինձ է մեկնում ժամանակակից հեռադիտակը` մոտեցնելով պատկերը: Ինքը չի դիտարկում, առանց նայելու էլ պատմում է, թե գյուղի կենտրոնում կամ ծայրամասում ինչ շինություն է: «Եղնիկների» յուրաքանչյուր զինվոր, որ սահմանի այս հատվածում է ծառայում, սեփական ձեռքի հինգ մատի պես գիտի նիրհող գյուղի ամեն անկյունն ու քարը: Հեռադիտակը վերադարձնում եմ. դժվար է նայել պատերազմի ու խաղաղության արանքում կուչ եկած Գյուլիստանին:
-Մի օր մերն է լինելու,-Հովսեփն այնպես է ասում՝ կարծես ամեն ինչ մինչեւ վերջ մտածված է: Հետո քննախույզ նայում է ինձ՝ հասկանո՞ւմ եմ, ինչ նկատի ունի, թե՞ չէ, ապա համոզված ավելացնում է.-վերցնելու ենք, առիթի ենք սպասում:
Մյուսները լսում են, գլխով անում՝ կարծես միասին որոշել են իրենց անելիքը: Հետո ասում են՝ մինչեւ բանակ գալը Գյուլիստանի տեղն էլ չգիտեին, անունն էլ չէին լսել, բայց այստեղ այն նպատակ է դարձել: «Եղնիկներ»-ի զինվորներն առավոտյան ցողի պես թարմ դեմք ունեն, արտահայտիչ ու անվրդով աչքեր, առնական պահվածք ու արտաքին: Այնքան համահունչ են այստեղի բնությանը. լեռնանման են: Եվ նրանք հավատում են պահին, այն եզակի պահին, որ իրենց հերոսության կմղի:
Ռուստամ Հակոբյանը` ձիգ կերպարանքով դիրքի ավագը, խճաքարերով ծածկված արահետով վստահ է քայլում՝ կարծես իրենց բակում լինի: Շարունակ ետ է նայում՝ առանձնակի հոգատարությամբ վերահսկելով իմ շարժը: Խրամատը խնամքով, խորամանկ ու հմուտ է կահավորված: Եզրերն ամրացված են ծանր գերաններով՝ հողը անշարժ պահելու համար: Միանգամից է երեւում՝ մի օրվա գործ չէ: Ռուստամը կանգ է առնում հրաձիգի խրամաբջիջի առաջ, որ հակառակորդի աչքից քողարկված է: Ցույց է տալիս կրակակետի պաշտպանիչ վահանակը. այն ապահովագրում է զինվորին ցանկացած տիպի փամփուշտից: Ասում է` այստեղից անկաշկանդ կարելի է մարտ վարել: Քիչ հեռվում երեւում է հրամանի սպասող խոշոր տրամաչափի զենքը: Եվ թվում է` համատարած այս լռության մեջ պատերազմ է թաքնված։
Փշալարերի արանքից տեսնում եմ հերթապահող զինվորի՝ Ռաֆիկ Մեժլումյանի խաղաղ դեմքն ու սաղավարտով գլուխը: Հիմա եմ միայն նկատում` բոլոր տղաները նոր սաղավարտներ են դրել: Լավ նստած, ավանդական նախշ ու գույնից տարբերվող սաղավարտներն այնքան են սազում զինվորների հասուն տեսքին:
Ռաֆիկն ասում է՝ փափուկ է, ապահովում է գերազանց տեսադաշտ: Թեթեւ է, բայց եւ նախորդից ավելի ապահով:
-Հա՞ որ…,-կասկածանքով նայում եմ:
Պնդում է, որ ինքս հագնեմ: Այդպես էլ անում եմ:
-Շա՜տ սիրուն է,-ասում է Ռաֆիկն, ու ժպիտն աշխուժանում է:
-Բատինկաներն էլ են նո՞ր:
-Վերջերս ենք ստացել. նուրբ, ամուր կաշվից է, պադոշն էլ՝ հարմար,-վստահեցնում են զինվորները:-Սրանցով կարելի է եւ ամուսնանալ:
Բոլորը ծիծաղում են: Ծիծաղում են զվարթ ու անկաշկանդ: Եվ այնքան խաղաղություն կա «Եղնիկների» զինվորների ծիծաղում:
Հյուսիսային սահմանի այս խրամատի ամենավերջում Գեւորգ Հովսեփյանն է կանգնած՝ հաղթ արտաքինով դիրքապահը: Սիրում է այստեղի աշունը, գարունը, ամառն ու ձմեռը: Ասում է՝ «Եղնիկներում» հարազատանում ես հողին: «Օդը շնչում՝ բոյովանում ես»,-դիրքապահը ձգվում է ամբողջ մարմնով եւ շնչում աղմուկով, բայց հանդարտ:
-Մնում է` խաղաղություն լինի,-նկատում եմ:
-Դրա համար շատ բան հարկավոր չէ` պիտի դադարեն կռվել,-Գեւորգը մատը մեկնում է դեպի այն բարձունքը, որտեղ հակառակորդն է:
Բայց քանի դեռ խաղաղությունը սեղմվում է կրակոցներով, աչքը պետք է թշնամու վրա պահել: Անտառապատ բացատում կարճ փայտերով քողարկված բլինդաժն է, որ դրսից փոքրիկ մատուռ է հիշեցնում: Ներսից, սակայն, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարանի է նման` բազմաթիվ սարքեր եւ դրանք աշխատացնելու տարատեսակ կոճակներ: Մի սեղմում, եւ սահմանը խախտած հակառակորդը «թակարդը կընկնի»: Իսկ էկրանին հակառակորդի տարածքն է: Հիմա ոչ ոք չի երևում։ Եվ դիրքի ավագը միացնում է գիշերային տեսագրությունը. երկու եղնիկ ձորն են իջնում: Ձորը, որ մեր եւ նրանց միջեւ է: «Եղնիկների համար արգելքներ չկան. ուր ուզեն՝ կվազեն»,-մեկնաբանում է Ռուստամը:
Մեզ դիրքեր բերած զինվորական մեքենան շարժվում է: Նստել եմ վերջին նստատեղին ու հետ եմ նայում: Զինվորները կանգնել են գետնատնակի դիմաց, ձեռքով են անում: Հետո ծառուղին վերջանում է: Մենք գնում ենք քաղաք, «եղնիկները» մնում են լեռներում` խաղաղությունը պաշտպանելու:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում