«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ ժողովրդի կենսագործունեությունը մեծապես կախված է Հայոց պետականության կայացումից և ամրապնդումից։ Պատմությունն ապացուցել է, որ առանց զորեղ և կայուն պետության գրեթե անհնար է ազգային հարատևման ապահովումը, որդեգրած նպատակների իրականացումը։ Ինչպես ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին. «Չկա՛ պետություն, չկա՛ նաև պատմություն», քանզի ապրելով դեռ երկար ժամանակ 428թ. հայոց պետության անկումից հետո, պատմահայրը չի շարադրել մեր ժողովրդի պատմությունը, համարելով, որ առանց պետության չի կարող լինել պատմություն։
Հայոց պետության և հայ ժողովրդի լիարժեք, խաղաղ և բարեկեցիկ գոյության ապահովումը չի կարող լինել առանց զորեղ, մարտունակ, հասարակական հոգածության առանցքում գտնվող ազգային բանակի առկայության։ Վերոնշյալ գործոնները հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ ազգ-բանակ հայեցակարգի հռչակումը և կայացումը բխում են հայ ժողովրդի կենսահրամայականից։ Ցանկացած երևույթ, որը փորձում է բանակը թիրախավորել և տարանջատել հասարակությունից, հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին։ Բնականաբար, ողջունելի է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետամուտ քաղաքականությունը նախ և առաջ հռչակելու մի գաղափարախոսություն, որը ազգային մտածողության և արժեհամակարգի տեսանկյունից ունի միտում համախմբելու ողջ հայությանը բանակաշինության գործի շուրջ և դրանով տեր կանգնելու ազգային նպատակների իրականացմանը։ Հիշյալ քաղաքականության դրսևորումներից է զինծառայողի նկատմամբ պետության և հասարակության նոր վերաբերմունքի ձևավորումը, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հիմնադրամի և գործունեության ծավալումը (տե՛ս https://www.1000plus.am), միտված են ապահովելու պետական և հասարակական հոգածություն ընդհանրապես զինվորականի նկատմամբ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կյանքի է կոչում երկրի պաշտպանությանը արական սեռի յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության սահմանադրական պահանջը։ Այդուհանդերձ, մեր պետության ձևավորման առաջին իսկ օրվանից գործած տարկետման իրավունքի և բուհերում ռազմագիտության ամբիոնների վերացման պատճառով այժմ մոտավորապես մի քանի տասնյակ հազար առողջ տղամարդ ի վիճակի չէ մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը այն պարզ պատճառով, որ զենք բռնել չգիտի։ Անհրաժեշտ է կազմել և կիրառման ներկայացնել մի նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքից օգտված տղամարդիկ կարողանան գոնե ծանոթանալ զինծառայության առանձնահատկություններին և մասնավորապես՝ ստանան կրակային պատրաստություն։ Եվ, վերջապես, Ազգ-բանակ հայեցակարգի՝ որպես կենսունակ գաղափարախոսության կայացման համար անհրաժեշտ է.
ա) ՀՀ տարածքը պայմանականորեն բաժանել զինվորական շրջանների (հնարավոր պատերազմական իրավիճակի պարագայում) և ապագայում իրականացնել չափահաս տարիքի բնակչության բոլոր շերտերի շրջանում կրակային պատրաստության դասընթացներ, ինչը ոչ միայն գիտելիք կտա, այլև մարդիկ կզգան Ազգ-բանակ հայեցակարգի ոգեղեն մասը։
բ) Ըստ տեղամասերի առանձնացնել հատուկ պահպանվող ուսումնական և մարտական զենքերի զինապահեստներ իրենց պատասխանատուներով, ովքեր հնարավոր ռազմական գործողությունների պարագայում կարող են տեղերում համակարգել բնակչության տեղաբաշխումը ու ինքնապաշտպանությունը։
գ) Իրականացնել հասարակության տարբեր շերտերի ռազմահայրենասիրական դաստիարակություն, որի գաղափարական և քարոզչական աշխատանքների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ձևավորել մտավորականների համապատասխան խմբեր։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ
Կարծում եմ` գաղափարը շատ կարևոր է, հատկապես այսօր։ Անկումների մեր ճանապարհին որքան ավելի ենք հեռանում մեր ազգային իդեալներից, այնքան ավելի մեծանում է ինչ-որ մի գաղափարի շուրջ միավորվելու, ոտքի կանգնելու և մեր հասակը շտկելու անհրաժեշտության գիտակցումը։ Գուցե Ազգ-բանակ գաղափարը դառնա այն շարժիչ ուժը, որը հիմք կդառնա ոչ միայն նոր, արդիական բանակի, այլև արդիական տնտեսության, կրթության և մշակույթի ստեղծման համար։
Կարծում եմ, որ վիթխարի պատասխանատվություն իր ուսերին վերցնող, ինչպես նաև բարձր նպատակների հավակնող նման կառույցի ստեղծման համար թիվ մեկ պահանջը և պայմանը պետք է լինի արդարությունը։
Հարցազրույց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Մարտիրոսյան, տևական ժամանակ է՝ հասարակության տարբեր շերտեր քննարկում են «Ազգ-բանակ» հայեցակարգի ընդգրկումը, նպատակն ու խնդիրները։ «Ազգ-բանակի» անհրաժեշտությունը հիմնավորվում է տարբեր հարթակներում և հանրային տարբեր ոլորտներում։ Ի՞նչ կասեք նոր հայեցակարգի մասին։
-Միանշանակ՝ դրական, չէ՞ որ երկիր մոլորակի վրա առաջինը հենց հայերն են որդեգրել, ներողություն՝ մշակել «Ազգ-բանակի» գաղափարաբանությունը, և հիմա հիմնավորումների համար բերում ենք այլ ազգերի և ժողովուրդների օրինակը։ Ինչո՞ւ չենք արձանագրում, որ մեր նախահայր Հայկը ազգ-բանակ գաղափարաբանության կրողն էր։ Ի՞նչ արեց նա, երբ Բելը գալիս էր նվաճելու: Վկայակոչենք Քերթողահայր Խորենացուն. «Այդ ժամանակ ուշիմ և խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր ուստրերին ու դուստրերին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր… և ձայնելով՝ ասում է նրանց. «Մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, որ մեր մատների հաջողությունը նրանց վրա ցույց տանք և հաղթություն տանենք»։
Ասել է թե՝ ազգ-բանակով պիտի նվաճենք ապրելու և արարելու մեր իրավունքը:
-Եթե Ձեզ ճիշտ հասկացա, համոզված եք, որ այս հայեցակարգը հայի էությանը բնորոշ և զուտ հայկական կենսաձև՞ է։
-Այո՛, սա զուտ հայկյան բանաձև է, որը կենսունակ է նաև այսօր։ Բոլորս միասին զինվոր ենք, բոլորս միասին հաղթանակի տերն ենք, բոլորս միասին՝ պարտության պատասխանատուն: Ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ հայկյան բանաձևով:
Ազգ-բանակի դեպքում կյանքի է կոչվում հայոց միասնականության, հավաքականության գաղափարը, հիշենք Չարենցին. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Հայրենիքը անվտանգ է, երբ յուրաքանչյուրը սահմանի իր բաժինն է պահում, իր մասնակցությամբ ամրացնում բերդապարսպի մի հատվածը։ Երբ չինացիները պարիսպ էին կառուցում, իրենց անվտանգությո՞ւնն էին ապահովում, թե՞ ավելի գլոբալ խնդիր էին լուծում։ Միասին շինանյութ էին բերում, քարը քարին դնում, հոգնում, հացի նստում, մտերմանում, սիրահարվում ու ամուսնանում և զավակներ ծնելով՝ նրանց էին փոխանցում պարիսպն ավարտելու մեծ երազանքը: Հիմա հերթը ձերն է. մարմին է պետք տալ երազանքին։
Շինարարության ամբողջ ընթացքում ձևավորվում էր չին ժողովրդի միասնությունը, ամբողջականությունը։ Դրան նպաստում էր երազանքի ընդհանրականությունը։
Ընդհանրական են մեր նպատակն ու երազանքը, հայտնի է դրանց հասնելու ուղիղ ճանապարհը՝ ազգ-բանակ։ Այս հայեցակարգը մեր միասնականության ազնիվ խմորիչն է, մեր արժանապատիվ և ապահով ընթացքի երաշխիքը, աշխարհում և տարածաշրջանում երևելի և արժանավոր մեր ներկայության թիվ մեկ նախապայմանը։
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կտա մեզ «Ազգ-բանակ» արդեն կայացած արժեհամակարգը։
-Որևէ մեկին նախապայմաններով մեզ հետ խոսելու իրավունք չվերապահող անսակարկ ուժ, գիտությամբ, մշակույթով, ստեղծարար աշխատանքով հզորացող Հայաստան։
Հայրենիքում և սփյուռքում ապրող ու արարող յուրաքանչյուր հայ Հայկ նահապետի զարմից է, նրա զուլալ շառավիղը։ Մեր ազնվազարմ նախահոր պատգամը հազարամյակների միջով գալիս ու հասնում է նաև հենց այս պահին ծնվող յուրաքանչյուր հայորդու։ Ականջալուր լինենք այդ հորդորին նախակրթարաններում, կրտսեր, միջին, ավագ ու բարձրագույն դպրոցներում, ընտանիքում, մեր ազնիվ ձեռնարկումներում և մի օր կտեսնենք, որ ազգ-բանակը կայացել է, շաղախը պնդացել ու դարձել է նոր ու հզոր հայրենիքի խորհրդանիշ բերդապարիսպը։
ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Բանակ և հասարակություն