Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՆԹԵՆ



ՄՈՆԹԵՆ«Երբ Մոնթեի մահվան լուրը լսելուց հետո առաջին անգամ փողոց դուրս եկա, զարմանքով տեսա, որ մեքենաները սուրում են առաջվա նման, մարդիկ քայլում են, որը՝ գործնական, որը՝ մտազբաղ։ Արեւը լուսավորում է։ Ամեն ինչ նույնն է, իսկ նա չկա։ Նա չկա, իսկ աշխարհում ոչինչ չի փոխվել»: Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի կինը. փորձում է ժպտալ, ու թե աչքերին չնայես, նույնիսկ կթվա, թե ժպտում է լիաշուրթ։

 

-Հիշու՞մ եք ձեր առաջին հանդիպումը։

-Լսել էի, որ քրոջս տանը Ամերիկայից եկած մի տղա է ապրում, բայց դեռ չէի տեսել։ Ամանոր էր։ Բացում եմ տան դուռն, ու հայացքս հանդիպում է մի ջերմ, ժպտուն դեմքի։ Կկոցած, քննախույզ աչքերը ծիծաղում էին։ Մոնթեն էր։

-Քանի՞ տարեկան էր այդ ժամանակ։

-Մոնթեն՝ 21, ես՝ 15։ Առաջին հանդիպումն արտակարգ տպավորիչ էր։ Երբեք չմոռացվեց։ Մոնթեն պատմում էր, որ իր հետ էլ այդ պահին ինչ-որ անսովոր բան է կատարվել: Ինքը ծիծաղել է այդ զգացումի վրա ու փորձել է հասկանալ. ի՞նչ կա այս փոքրիկ աղջկա մեջ, որ այդպես գրավել է իրեն։

-Դուք Մոնթեի առաջի՞ն սերն եք եղել։

-Այո՛։ Նա ընդհանրապես չէր հետաքրքրվել կանանցով։ Ծնողները զարմացան, երբ իմացան, որ ուզում է ամուսնանալ։ Մեր ծանոթությունն արագ փոխվեց մտերմության։ Ես նրան պատմում էի մեր հայկական գյուղի՝ Այնճարի մասին։ Խոսում էինք քաղաքականությունից, հայկական համայնքից: Նա ընդհանրապես խաղաղ էր, բայց քաղաքական հարցերում անսպասելի բորբոքվում էր, տաքանում: Սկզբնական շրջանում մենք անգլերեն էինք հաղորդակցվում, ինքն անգլերեն էր դասավանդում Բեյրութի Թորոսյան վարժարանում։ Սակայն 4-5 հանդիպումից հետո սկսեց հայերեն խոսել:

Փարիզի բանտից նամակներ էր գրում մաքուր, գեղեցիկ հայերենով։ Պատասխան նամակներից մեկում իմ գոհունակությունը հայտնեցի, որ հնարավորություն ունի օգտվելու բառարանից, խորանալու մայրենի լեզվի մեջ։ Հետագայում, երբ հանդիպեցինք, ասաց` գիրք չունեի, բանտում թույլ չէին տալիս պահել։ Փաստորեն, այդ հարուստ բառապաշարն արդեն իր սեփականությունն էր։ Ուղղակի անհավատալի էր։

-Ձեր հանդիպումը պատահականությո՞ւն էր…

-Չէ՛, ի՞նչ եք ասում… Իհարկե, ճակատագրի շնորհն էր, որ մենք վաղ հանդիպեցինք, բայց, ամեն դեպքում, պիտի՛ հանդիպեինք։ Այն ճանապարհը, որ ընտրել էինք երկուսս էլ, վաղ թե ուշ մեզ միացնելու էր: Բնավորության շատ կողմերով մենք նման էինք։ Առաջին հերթին` ըմբոստությամբ, ազդեցության չենթարկվելու առանձնահատկությամբ:

-Մոնթեն որեւէ կուսակցության անդա՞մ էր։

-Ո՛չ։ Մոնթեն երբեք կուսակցության չի հարել։ Արկածային կյանքը` ընդհատակ, փախուստ, վտանգներ, հետագայում սովորական դարձան մեզ համար։ Բայց առաջին անգամ ինձ համար խիստ դժվար էր` Մոնթեն հանկարծ անհայտացավ հայկական Բուրճ Համուտ թաղամասից, ու երկար ժամանակ ես նրանից ոչ մի տեղեկություն չունեի։ Ամիսներ անց իմացա, որ տեղեկացել է իր դեմ կազմակերպված մահափորձի մասին եւ ընդհատակ անցել։ Նախկինում մի անգամ արդեն կրակել էին Մոնթեի վրա, բարեբախտաբար, վրիպել էին։ Բայց նա խիզախ էր, լուրջ չընդունեց։

-Մոնթեն անգլիախոս էր, մինչեւ Բեյրութ գալը ոչ մի անգամ չէր եղել Հայրենիքում, ո՞վ էր բորբոքել այդ մեծ սերը չտեսած-չիմացած հայրենիքի հանդեպ։

-Չտեսածին համաձայն եմ, չիմացածին՝ ո՛չ։ Մոնթեն քաջատեղյակ էր հայոց պատմությանը, Հայաստանի քաղաքական-ազատագրական խմորումներին։ Նա տիրապետում էր հինգ լեզվի, իսկ երեք լեզու՝ բառարանով։ Կարդացել էր այդ լեզուներով ստեղծված համարյա ամբողջ գրականությունը հայերի ու հայոց խնդիրների մասին։ Ընդհանրապես, Մոնթեն շատ զարգացած, բացառիկ ընդունակությունների տեր էր։ Իսկ հայրենիքը նրա արյան մեջ էր։ Պատմում էր, որ իր շրջագայությունները 50-ից ավելի երկրներ (այն ժամանակ Մոնթեն տակավին պատանի էր) զուտ հաճելի զբոսանք, զվարճություն չէին, այլ հայկական համայնքներին ծանոթանալու հնարավորություն, հայրենիքի փնտրտուք։ Փարիզի բանտում իմ այցելություններից մեկի ժամանակ ասաց` իմ կյանքը բաղկացած է երկու կեսից, մեկը՝ հայրենիքն է։

ՄՈՆԹԵՆ-Իսկ մյո՞ւսը…

-Մյու՞սը… (ծիծաղում է բարձրաձայն), չեմ ասի։

-Ճի՞շտ է, որ դուք նման եք եղել նաեւ արտաքինով։

-Երեւի։ Երբ Մոնթեին ասացին այդ մասին, ժպտաց։ Սեդան անուշիկ է, ասաց։

-Դուք մի՞շտ եք նամակագրական կապ ունեցել։

-Երբեմն ընդհատվել է։ Ի դեպ, Մոնթեի նամակների մասին։ Մի օր դրանք անպայման կհրատարակվեն։ Մի առիթով Վազգեն Սարգսյանն ասել է, որ Մոնթեի մեծությունը հասկանալու համար պետք է կարդալ նրա նամակները։

-Սեդա, Դուք նրան ճանաչել եք 21 տարեկանից, նրա ամենամտերիմ անձնավորությունն եք եղել, ամբողջությամբ ընկալե՞լ եք Մոնթե երեւույթը։

-Երբ Մոնթեի ծնողները եկան Հայաստան, տեսան, թե ինչ մեծարանքի է արժանանում իրենց որդին, զարմացան։ Ինձ համար Մոնթեի քաջությունը, անձնազոհությունը երբեք հայտնություն չէր։ Դժվար է Մոնթեին տեղավորել բառերի մեջ։ Բայց ես գիտեի՝ ով է նա։ Նրա հերոսությունն օրվա պահանջ չէր։ Հայրենիքն ու ազգը նրա համար սկզբունք էին էն գլխից։ Ոչինչ չշնորհվեց նրան, Մոնթեն վաստակեց ե՛ւ փառքը, ե՛ւ ճանաչումը, ե՛ւ կոչումները, վաստակեց թանկ գնով։

-Հպարտությունը, որ Ձեր կողքին եղել, Ձեզ սիրել է այնպիսի մեկը, ինչպիսին Մոնթեն է, չի՞ մեղմում կորստի ցավը։

-Անմիջապես երեւում է, որ Դուք չգիտեք, թե ի՞նչ է սիրելի մարդու կորուստը։ Մարդ, որ իրենով էր լցրել քո կյանքն ափեափ։ Եվ լավ է, որ չգիտեք։

Ոչինչ չի կարող մեղմել ցավը, ոչինչ։ Այն դատարկությունը, որ բացվեց Մոնթեի հեռանալուց հետո, ոչնչով չի լցվի։ Ես քաջություն ունեցա նայելու այդ անհատակ անդունդն ու սարսռացի խորությունից։ Մի՛ փորձեք վերծանել իմ տառապանքը։ Մոնթեի հետ կապված հիշողությունները ջերմացնում են ինձ։

-Ձեզ շա՞տ եք մենակ զգում։

-Ո՛չ, ես մենակ չեմ։ Մոնթեն իմ կողքին է։ Երբ նրան բանտարկում էին, չզարմանաք, մի քիչ ուրախանում էի, գիտեի տեղը, գիտեի, որ դավադիր գնդակի զոհ չի դառնա։ Հիմա վերջնականապես վերացել է նրա կյանքի համար ունեցածս տագնապը։

-Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան։

-Մի հարցրեք, այն ինձ համար նույնպես անորոշ է: Առայժմ փորձում եմ ապրել, ու կարծես թե ստացվում է։ Ես սովորում եմ Մոնթեից։ Ամենաօրհասական պահին անգամ նա չէր կորցնում հոգու արիությունը։ Չափազանց կենսուրախ էր, ժպտադեմ, լավատես։ Բանտից գրում էր, որ լավ է, պատճառ չունի տխուր լինելու։ Այնտեղից էլ ինձ առաջարկեց ամուսնանալ: Համաձայնեցի։ Գործը գլուխ չեկավ, քանի որ երկուսս էլ արտերկրի քաղաքացի էինք։

-Ե՞րբ ամուսնացաք։

-1993թ.-ին, 15 տարվա մտերմությունից հետո։ Պսակվեցինք Գեղարդում։ Մեծ հարսանիք արեցինք։ Մոնթեն ասում էր, որ դա իր ամենաերջանիկ օրերից մեկն է: Հավաքվել էին երկուսիս հարազատները, ընկերները, մտերիմները։ Իսկական հայկական հարսանիք է, ասում էր, հարսը երկու ժամ ուշացավ, վերջում էլ կռիվ եղավ։ Իմ ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, նրանք վախենում էին, որ ես մենակ կմնամ։ Բայց հարսանիքի ժամանակ հայրս ասաց՝ ես հպարտ եմ, որ իմ աղջիկը Մոնթեի հետ է ամուսնանում, նրա ծնողները մեզ բնակարան նվիրեցին. Մոնթեն շատ հավանեց տունը, Մասիսին է նայում, ասաց։ Բայց չհասցրեց ապրել այդ տանը։

-Ինչո՞վ էր զբաղվում Մոնթեն ազատ ժամանակ, ի՞նչ նախասիրություն ուներ։

-Կարդում էր։ Սիրում էր հայրենասիրական երգեր, հաճույքով էր լսում Ռուբեն Հախվերդյանին։ Զրուցում էր, ծիծաղում։ Մոնթեի մասին շատ են գրում։ Գրում են նաեւ նրանք, ովքեր քիչ են շփվել հետը, աղավաղում են կերպարը։ Մի անգամ գրել էին, որ խմում էր մարտերից առաջ, պատկերել էին ծխախոտը ձեռքին։ Մոնթեն ոչ մի գրամ չի խմել Արցախում, որովհետեւ կռվի ժամանակ պիտի սթափ լիներ, երբեք չի ծխել: Մեկ ուրիշը գրում է, որ երբեք չէր խմում: Դա էլ է սուտ: Խմում էր Երեւանում, ձմռանը` գինի, ամռանը` գարեջուր, վիսկի չէր սիրում:

-Դուք տեսե՞լ եք Մոնթեին պատերազմի դաշտում։

-Հաճախ։ Նույն Մոնթեն էր, ուրախ, անխուճապ։ Ուզում էր, որ ես Երեւանում մնամ, ուսումս կիսատ չթողնեմ։ Ես նրա միակ կապն էի արտաքին աշխարհի հետ, նաեւ զենք, սնունդ էի հայթայթում: Բայց հաճախ չէի ենթարկվում հրամանին ու գնում էի ճակատ: Տրամադրությունը բարձրանում էր։ Մի անգամ ճաշի Ժամանակ դիրքերը ռմբակոծեցին, շատ զոհեր ունեցանք։ Մոնթեն մթնել էր. հազիվ էր ոտքի կանգնում։ Էսքան զոհերով Շուշին կգրավեինք, ասաց։

…Ես այնքան երջանիկ եմ եղել Մոնթեի հետ: Եթե մի քանի կյանք էլ ապրեմ` չեմ հասցնի սպառել իմ երբեմնի երջանկության պաշարները։ Եթե ամեն մեկն իր Մոնթեն ունենար, աշխարհում կպակասեր չարությունը։ Մոնթեի եղբայրը մի անգամ ասաց՝ ես նախանձում եմ նրան` ապրեց այնպես, ինչպես կուզենար ապրել, ունեցավ, ինչ կուզենար ունենալ:

…Ես հեռանում եմ՝ ինձ հետ տանելով Սեդա Մելքոնյանի լուսավոր մորմոքը, լացող ժպիտը, մեծադիր լուսանկարից ինձ նայող Մոնթե Մելքոնյանի հավերժացած հայացքը։ Դրսում աշուն է, ոսկենկար ու բազմագույն։ Մեքենաները սուրում են առաջվա նման, քայլում են մարդիկ, որը՝ մտազբաղ, որը՝ գործնական, որը՝ երջանիկ։ Իսկ նա չկա։ Նա չկա, բայց օդը լցված է նրանով, նրա մաքուր ու ոգեղեն հեւքն է հալվել աշնան դալուկ գույներում։ Նրա վաստակը կա այն մեծ երջանկության մեջ, որ Ազատ Հայրենիք անունն ունի։ Նա կա յուրաքանչյուր հայի հոգում՝ որպես ամենասուրբ մասունք, որպես երդում, որպես պատգամ։ Կա հայրենիքի ճակատագրին խարսխված նրա կենսագրությունը՝ որպես անավարտ հերոսավեպ, որպես լեգենդ, ցեղի կենսագրություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Բանակ և հասարակություն


13/12/2017