Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎՆԵՐ



Շելկովնիկովների (Շելկովնիկյաններ) գերդաստանը խոր հետք է թողել 19-20-րդ դարերի հայ եւ ռուս իրականության մեջ, աչքի ընկել ինչպես ռազմական, այնպես էլ գիտության եւ մշակույթի ասպարեզներում։
Ռուսական բանակի գեներալ-մայոր էր Բեհբութ Շելկովնիկովը (1837-1878), որը ծնունդով Նուխի, այժմ՝ Շաքի քաղաքից էր։ Մոսկվայի առաջին կադետական կորպուսի, Գլխավոր շտաբի Նիկոլաեւյան ակադեմիայի սաներից էր, 1855թ. Ղրիմի, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմների մասնակից։ Զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ Զաքաթալայի, Սեւծովյան, Էրզրումի զինվորական օկրուգների պետ, իր զորախմբով ազատագրել է Աբխազիան թուրքերից, խափանել նրանց մուտքը Սոչի, ջախջախել Մուխթար փաշայի գլխավորած թուրքական բանակը։ Մահացել է բծավոր տիֆից, Էրզրումում, թաղվել Ս. Գեւորգ եկեղեցու բակում։

Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր գերդաստանի մյուս զավակը՝ Գեւորգ Շելկովնիկովը, որի մասին, ցավոք, կան սուղ տեղեկություններ։ Հայտնի է, որ գործել է 19-րդ դարի երկրորդ կեսին եւ աչքի ընկել ռուսական բանակի թիկունքային ծառայության կազմակերպման ու իրականացման մեջ։
Գերդաստանի ծնունդ զինվորականներից էր Գրիգորի Շելկովնիկյանը (1867-1921), որը 1918-ին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, 1919-ին նշանակվել Նախիջեւանի զորաջոկատի հրամանատար։ Նա նույն թվականին ստացել է հայկական բանակի գեներալի կոչում։
Գրիգորի Շելկովնիկյանի կյանքը, սակայն, դաժանորեն ընդհատվեց։ որհրդային պետանվտանգության մարմինները 1921թ. հունվարին դիմեցին ճիվաղային քայլի՝ որպես «վտանգավոր տարրերի» ձերբակալեցին հայկական բանակի 1400 սպայի, տեղափոխեցին Բաքու, այնտեղից էլ՝ Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Ձերբակալված 15 գեներալներից մեկը Գրիգորի Շելկովնիկյանն էր, որը ճամբար չհասավ, մահացավ աքսորի ճանապարհին։ Այդ ժամանակ նա 54 տարեկան էր։

Գերդաստանի տված նշանավոր գիտնականն էր բնախույզ, կովկասագետ Ալեքսանդր Շելկովնիկովը (1870-1933), որը նույնպես ծնունդով Նուխիից էր։ Կրթություն ստանալով Պետերբուրգում՝ նա վերադառնում է Կովկաս եւ ակտիվորեն մասնակցում բնագիտական արշավներին, ուսումնասիրում Կովկասի, մասնավորապես Հայաստանի բուսական եւ կենդանական աշխարհը, կազմում մեծաթիվ հավաքածուներ, հանդես գալիս գիտագործնական նախաձեռնություններով։ Նրա ջանքերով են Երեւանում կազմակերպվել Հայաստանի բնապատմական (1922), գյուղատնտեսական (1925) թանգարանները, բուսաբանական այգին (1927)։ Եղել է Հայաստանի բնության ուսումնասիրության եւ պահպանության կոմիտեի նախագահը։ Իրավամբ նա համարվում է հայկական ֆաունայի եւ ֆլորայի գիտական ուսումնասիրության հիմնադիրը։
Նշանավոր արվեստաբան եւ հնագետ էր Բեհբութ Շելկովնիկովը (1897-1975), որը կրում էր գեներալ պապի անուն-ազգանունը։ Ավարտել էր Լենինգրադի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1930) եւ այնուհետեւ նվիրվել Անիի, Դվինի խեցեղենի ու ապակու ուսումնասիրությանը։ Աշխատել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում, Լենինգրադի Էրմիտաժում, տեղի համալսարանում դասընթացներ վարել միջին դարերի հայկական եւ ռուսական կիրառական արվեստի վերաբերյալ։ Այս ասպարեզի նրա աշխատությունները, մասնագետների գնահատմամբ, եզակի են իրենց տեսակի մեջ։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Պատմության էջերից


24/08/2011