Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՒԲԱՐՅԱՆ



Նուբարյան գերդաստանի նախահայրը համարվում է 18-րդ դարի հայ զորապետ Նուբար Մելիքյանը, որը, ըստ պատմագիտական աղբյուրների, եղել է Չավնդուրի իշխանը, աջակցել Դավիթ-Բեկին եւ ապստամբության ավարտից հետո ընտանիքով տեղափոխել Զմյուռնիա։ Նրա որդին՝ Մկրտիչը, զբաղվելով առեւտրական գործերով, տեղափոխվել է Կ. Պոլիս, որտեղ էլ ամուսնացել է եգիպտահայ մեծահարուստ, հետագայում Եգիպտոսի արտաքին գործերի եւ առեւտրի նազիր (նախարար) Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ։ Նրանց ամուսնությունից ծնված զավակներն էլ իրենց պապի անունով սկսել են կրել Նուբարյան ազգանունը։
Գերդաստանի ամենանշանավոր ներկայացուցիչը եղել է Մկրտիչի ավագ որդին՝ Նուբար Նուբարյանը (1825-1899), որն առավել հայտնի է Նուբար Փաշա անունով։ Պատանի հասակում տեղափոխվել է Եգիպտոս՝ քեռու մոտ, վայելելով նրա աջակցությունը՝ կրթություն ստացել Փարիզում, վերադարձել Կահիրե եւ վարել զանազան պետական պաշտոններ, տարբեր ժամանակահատվածներում չորս անգամ նշանակվել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար, երեք անգամ՝ վարչապետ։

Նուբար Փաշան մեծ ծառայություններ է մատուցել Եգիպտոսին, ակնառու ավանդ ներդրել նրա տնտեսական անկախության ամրապնդման, բրիտանական գաղութարարների իրավունքների սահմանափակման գործում, հետադիմության դեմ շուրջ ինը տարի տեւած համառ պայքարից հետո ստեղծել Եգիպտոսի քաղաքացիական, առեւտրական եւ քրեական օրենսգրքերը։
Նուբար Փաշան մշտապես ապրել է իր ժողովրդի ճակատագրով, միջոցներ տրամադրել հայ գաղթօջախներում մշակութային եւ կրթական հաստատությունների ստեղծման համար, օգնել աղքատ տարագիրներին, հրատարակել հայ գրողների գրքեր, պարբերականներ։ 1878-ին կազմել եւ Բեռլինի կոնգրեսին է հղել թուրքական տիրապետության տակ գտնվող հայության վիճակի բարելավմանն ուղղված ծրագիր, որը, սակայն, քննարկման չի դրվել։

Եգիպտոսին մեծ ծառայություններ է մատուցել նաեւ Նուբար Փաշայի եղբայրը՝ Առաքել Նուբարյանը (1826-1858)։ Եղել է Եգիպտոսի առեւտրի նախարար, երբ երեսուն տարեկան էր, նշանակվել Սուդանի ընդհանուր կառավարիչ, բայց ապրել է կարճ՝ ընդամենը երեսուներկու տարի։
Երեւելի հասարակական-քաղաքական գործիչ է եղել Նուբար Փաշայի որդին՝ Պողոս Նուբարը (1851-1930)։ Կրթություն ստանալով Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում՝ նա վերադարձել է Կահիրե, նշանակվել Եգիպտոսի երկաթուղիների վարչության տնօրեն, հիմնել մի շարք ընկերություններ։ 1906-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը գործում է առայսօր եւ մեծ նպաստ բերում հայ ազգային կյանքին ամբողջ աշխարհում։

Պողոս Նուբարը եղել է Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի հիման վրա հայկական բարենորոգումներ ծրագրի կազմողներից մեկը, Գեւորգ V-րդ կաթողիկոսի հատուկ կոնդակով նշանակվել է հայկական պատվիրակության ղեկավար եվրոպական տերությունների հետ բանակցություններում՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի անկախ պետականության հաստատմանը, որը, սակայն, չի հաջողվել Անտանտի դաշինքի մեջ մտնող պետությունների մեղքով։ Նրա տրամադրած միջոցներով հայկական տարբեր գաղթօջախներում բացվել են հիվանդանոցներ, մշակութային եւ կրթական հաստատություններ, հրատարակվել բազմաթիվ հայագիտական աշխատություններ։
Նուբարյանները եղել են մեծահարուստ գերդաստան, իրենց ձեռքերում պահել եգիպտական մի շարք ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը, Եգիպտոսի տարբեր նահանգներում ունեցել բամբակի խոշոր պլանտացիաներ, սակայն 1880-ական թվականների սկզբից, երբ Եգիպտոսում հաստատվեց բրիտանական տիրապետությունը, գերդաստանի տնտեսական հզորությունն աստիճանաբար սկսեց քայաքյվել։ Կորցնելով իրենց երբեմնի քաղաքական եւ տնտեսական հզոր դիրքը՝ Նուբարյանները 1919-23թթ. վաճառել են իրենց կալվածքները եւ Եգիպտոսից տեղափոխվել Ֆրանսիա, իրենց վերջին հանգրվանը գտել Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատան տոհմական դամբարանում։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Պատմության էջերից


24/08/2011