ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑ
ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ–ի միացյալ ուժերի հրամանատարության պատվիրակության հոգեբանական և տեղեկատվական գործողությունների մասնագետներից կազմված փորձագիտական խումբն անցկացրեց դասընթաց տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ:
Իզուր չէ, որ 21-րդ դարը բնորոշվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և սառը պատերազմների դարաշրջան: Տեղեկատվական և հոգեբանական գործողությունները արդի հակամարտությունների, ինչպես նաև բուն պատերազմական գործողությունների ընթացքի անքակտելի բաղկացուցիչն ու ուղեկիցն են: Ինչպես տեղեկատվական պայքարի փորձագետներն են նշում` հենց դրանցով են որոշվում և կարգավորվում մարտական գործողությունների մեկնարկը, ընթացքն ու հանգուցալուծումը: Ուստի տեղեկատվական և հոգեբանական գործողությունները պետք է հնարավորինս վաղ սկսվեն և համապատասխան հող նախապատրաստեն մինչև բուն մարտական գործողությունների մեկնարկը:
Հաճախ այս ստորաբաժանումների աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինում խուսափել զինված բախումներից կամ մեղմել դրանց ուժգնությունը: Հենց այս նպատակին է ծառայում ՆԱՏՕ–ի խաղաղարար առաքելության մեջ ներգրավված հոգեբանական և տեղեկատվական գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը: Խաղաղարար առաքելությունների հոգեբանական և տեղեկատվական բաղկացուցիչների հիմնական գործառույթը հակամարտող կողմերի գիտակցության մեջ` նրանց ընկալումներում, դիրքորոշումներում և գլխավորը` վարքային դրսևորումներում ցանկալի փոփոխությունների իրականացումն է, որը նպաստում է «թեժացող մթնոլորտի» լիցքաթափմանը և բախումների հնարավորինս անարյուն, խաղաղ լուծմանը:
Դասընթացի շրջանակում ՆԱՏՕ–ի փորձագիտական խմբի անդամները ներկայացրին ՆԱՏՕ–ի Տեղեկատվական հաղորդակցությունների կենտրոնի կառուցվածքում հոգեբանական և տեղեկատվական գործողությունների ստորաբաժանումների տեղը, դերը և գործառույթները, ինչպես նաև բուն տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վարման` ՆԱՏՕ–ի չափորոշիչներով սահմանված մեխանիզմները, մեթոդներն ու միջոցները: Փորձագիտական խմբի ներկայացուցիչները համապատասխան դիդակտիկ նյութերի և տեսաֆիլմերի միջոցով մասնակիցներին ծանոթացրին նաև խաղաղարար առաքելություններում ՆԱՏՕ–ի հոգեբանական և տեղեկատվական ստորաբաժանումների մասնակցության առավել հետաքրքրական և ուսանելի օրինակներին: Դասընթացն անցկացվեց սեմինար–քննարկում–խմբային աշխատանք ձևաչափով, որի շնորհիվ ուսումնական նյութի յուրացման գործընթացն ավելի դյուրին ու արդյունավետ եղավ:
Քնար Թադևոսյան
Խորագիր՝ Նորություններ