Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ» ՌՈՒՄԲԵՐԸ



1944թ. սեպտեմբերին Երեւանից Մերձբալթյան 1-ին ռազմաճակատ մեկնեց Հայֆիլհարմոնիայի ժողովրդական երգի-պարի համույթը՝ վաստակաշատ երաժիշտ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ «Մարտական» այդ խումբը՝ բաղկացած քսանութ հոգուց, պետք է համերգներ տար 2-րդ եւ 6-րդ գվարդիական, 51-րդ, 43-րդ համազորային դիվիզիաների եւ 3-րդ ավիացիոն միավորման ռազմիկների ու հրամանատարների համար, կրակոտ երգերով ու պարերով բարձրացներ կռվողների հայրենասիրական ոգին, ավելի բորբոքեր ատելության կրակը թշնամու նկատմամբ։ Այդպես էլ եղավ՝ ռազմաճակատում գտնվելու երկու ամսվա ընթացքում խումբը տվեց ավելի քան հարյուր համերգ եւ զորամասերի հետ հասավ մինչեւ Արեւելյան Պրուսիա։ Ռազմիկների եւ երաժիշտների «փոխգործողությունները» հասան իրենց նպատակին։
Պատահական չէր, որ Ալթունյանի խումբը «դեսանտ իջավ» հենց Մերձբալթյան 1-ին ռազմաճակատում։ Հրամանատարն այդ ժամանակ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանն էր, որի գլխավորած զորքերի կազմում կռվում էին մեծ թվով հայեր։ 51-րդ դիվիզիան նախկին Հայկական 76-րդ դիվիզիան էր, որի նվագախմբի ղեկավարը ճանաչված դիրիժոր Հակոբ Խանջյանն էր։ 1944թ. հունիսին ռազմաճակատին հանձնվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը հերոսական մարտերով Վիտեբսկից հասավ Բալթիկ ծով եւ մինչեւ պատերազմի հաղթական ավարտը մնաց շարքում։ Մերձբալթիկայի երկնքում կռվում էր անվեհեր օդաչու, «Բալթիական մրրկահավ» պատվանվանը արժանացած Նելսոն Ստեփանյանը։

Մերձբալթյան 1-ին ռազմաճակատում կռվում էին բազմահազար հայեր, այնուամենայնիվ՝ Ալթունյանի խմբի համերգները միայն նրանց համար չէին։ Հայկական երգն ու պարը ցնծությամբ ու ծափահարություններով էին ընդունվում բազմաթիվ ազգերի ներկայացուցիչների կողմից, որոնց միավորում էր համատեղ պայքարը՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։ Խումբն օրական երկու-երեք համերգ էր տալիս, երբեմն նույնիսկ թշնամու արկերի պայթյունների ներքո։ Հատկապես լավ էր ընդունվում «Հայաստանի աղջիկները» երգի կատարումը, որը մարտիկների խնդրանքով կրկնվում էր մի քանի անգամ։ Այնքան մեծ էր ոգեւորությունը, որ Շյաուլյայում տեղակայված ավիացիոն միավորման օդաչուները ռումբերի վրա գրում էին՝ «Հայաստանի աղջիկներից», եւ նետում թշնամու դիրքերի վրա։ Նրանք համոզված էին, որ այդ ռումբերը խփում էին ճիշտ նշանակետին եւ, թերեւս, չէին սխալվում՝ միավորման ռմբակոծիչները կենդանի ուժի եւ տեխնիկայի հսկայական կորուստներ էին պատճառում թշնամուն, ապահովում հետեւակի հաջող առաջխաղացումը։ Անվարան կարելի է ասել՝ օդաչուները ոգեշնչվել էին հայ գեղեցկուհիների հմայքով, ինչը նրանք արտահայտեցին յուրօրինակ ձեւով՝ ռումբերի վրա թողնելով «Հայաստանի աղջիկներից» մակագրությունը։ Նշանակում է՝ հայ երգը մասնակցել, հաղթել է ահեղ կռիվներում։ Դա պատերազմի ժամանակ այնքան տարածված «Երգ, զինվորական շինել հագիր» կարգախոսի ուղղակի եւ անմիջական դրսեւորումն էր։ Պատահական չէին ավիացիոն միավորման հրամանատարության՝ Հայաստանի ղեկավարությանը հասցեագրված շնորհակալական նամակի հետեւյալ տողերը. «Խմբի լավ կազմակերպված համերգները ռազմաճակատի ու թիկունքի սերտ կապի ապացույցն են։ Արեւոտ Հայաստանի բազմաժանր արվեստը առաջ բերեց համընդհանուր հիացմունք մեր անձնակազմի եւ ազատագրված Շյաուլյայի բնակիչների շրջանում…»։

Ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, խմբին հայրենիք ճանապարհելիս, իր զորակայանում կազմակերպեց ընդունելություն։ Դիմելով խմբի անդամներին՝ նա ասաց. «Դուք՝ Հայաստանի պատվիրակներդ, մեծ գործ կատարեցիք։ Դուք յուրաքանչյուր օր քաջաբար պայքարում էիք թշնամու դեմ ձեր հրաշագեղ արվեստով։ Դուք պատրաստ էիք զոհելու ձեր կյանքը՝ հանուն հայրենիքի ազատագրման, եւ դա երբեք չի մոռացվի»։
Ալթունյանի խմբին իրավամբ մարտական առաջադրանք էր տրված, եւ այն կատարվեց մեծ հաջողությամբ։ Պատահական չէր խմբի 18 անդամների պարգեւատրումը շքանշաններով ու մեդալներով։ Ինքը՝ Թաթուլ Ալթունյանը, խմբի անդամներ Ժենյա Բաղդասարյանը, Ժենյա Բասյանը, Թամարա Դեմուրյանը, Էդուարդ Մանուկյանը, Վարդան Մաթեւոսյանը եւ Զավեն Թարումովն արժանացան Կարմիր աստղի շքանշանի, մյուսները պարգեւատրվեցին «Մարտական ծառայության համար» մեդալով։ Ռազմաճակատի փառաբանված հրամանատարը գոհ էր՝ իր հայրենակիցները գիտեն կռվել ոչ միայն զենքով, այլեւ արվեստով։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Պատմության էջերից


24/08/2011