ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ. ՍՈՒՆ ԾԸԱ
Գլուխ Ե
ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԸ
Ընդհանրապես, մեծ բանակի ծավալումը նույնն է, ինչ մի քանի զինվորի դասավորումը, կարեւորը՝ ճիշտ կազմակերպումն է: Ճիշտ այնպես, ինչպես մեծ բանակի կառավարումը նույնն է, ինչ մի քանի մարդունը. դա որոշակի գործողությունների ու պայմանական նշանների համակարգ է:
Կանոնավոր զորքը եւ հատուկ նշանակության զորքերը օգնում են բանակին դիմակայելու թշնամու բուռն գրոհին: Գրագետ կառավարման օրինակ է, երբ զինվորները ջախջախում են թշնամուն, ինչպես քարն է փշրում ձվի կեղեւը:
Որպես կանոն, կանոնավոր զորքը օգտագործում են ճակատամարտի սկզբում, իսկ հատուկ նշանակության զորքերը վերջնական հաղթանակի համար են:
Արտակարգ ունակություններով օժտված, լավագույն մարտիկներից կազմված զորք ունեցողը տիրում է Երկնքի ու Երկրի ուժերին: Ուժեր, որ անսանձ են ինչպես մեծ գետերը, որոնց ջրերը հավերժ հորդում են, քանի դեռ պտույտը կա արեգակի ու լուսնի. թաքնվում են ու հայտնվում կրկին ու կրկին` փոխարինելով մեկը մյուսին, ինչպես տարվա եղանակները:
Կա ընդամենը յոթ նոտա, բայց սրանց համադրումը ծնում է այնքան երաժշտական գործեր, որ անհնար է բոլորն ունկնդրել:
Կա ընդամենը հինգ գույն, բայց խառնվելով՝ առաջանում են այնքան երանգներ, որ անհնար է բոլորը տեսնել:
Կա ընդամենը հինգ բուրմունք, բայց սրանց համադրություններն անքանակ են, եւ անհնարին է ուսումնասիրել մինչեւ վերջ:
Պատերազմի ժամանակ կան կանոնավոր եւ հատուկ նշանակության զորքեր, որոնց դասավորումը բազում հնարավորություններ է տալիս մանեւրելու:
Այս երկու ուժերը մշտապես փոխարինում կամ լրացնում են մեկմեկու:
Կսնանկանա՞ միտքն արդյոք` սրանց փոխհարաբերությունները մշակելով:
Շնորհիվ իր հզորության սելավն ապառաժաքարն է գլորում: Շնորհիվ իր ճշգրիտ հաշվարկի բազեն որսին է հասնում: Հմուտ զինականը պետք է տիրապետի արտակարգ եռանդի եւ վայրկյանի ճշտությամբ որոշի հարձակման պահը: Նրա ուժը կարծես լարված աղեղ լինի, իսկ միտքը` կայծակ, հանց արձակված նետ:
Դիտորդի համար մարտը կարծես քաոս լինի` աղմկոտ ու լի շարժումներով: Իրականում, զորքերի շարժման մեջ չպետք է լինի որեւէ անկանոնություն: Արտաքուստ շփոթը պետք է թաքցնի խիստ կարգապահությունը, դա կպահպանի զորքը պարտությունից:
Ճակատամարտում հավուր պատշաճի կարգը կարող է թվալ որպես անկառավարելիություն, խիզախությունը` որպես վախկոտություն, իսկ ուժը` թուլություն: Կարգն ու անկարգությունը կախված են կազմակերպվածությունից եւ կառավարումից, խիզախությունն ու վախկոտությունը` ստեղծված իրադրությունից, իսկ ուժն ու թուլությունը` ռազմավարական դիրքերից:
Հմուտ զորավարը գիտի` ինչպես հակառակորդին հավասարակշռությունից հանել ու դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Նա կշահագրգռի թշնամուն հետաքրքրող խայծով` ստիպելով նրան շարժվել ցանկալի ուղղությամբ եւ կգրոհի` ասպարեզ հանելով լավագույն ուժերը:
Չպահանջելով զինվորներից անկարելին` փորձառու զորավարը կհաղթի մարտում` հմուտ կառավարելով իրադրությունը: Ճիշտ կդասավորի զորքերը` առավելագույնը կորզելով ստեղծված դիրքից: Իրադրությունից ճիշտ օգտվողի զորքը նման է գլորվող ապառաժաբեկորի: Բնության մեջ քարը չի շարժվի հարթության վրա, բայց կգլորվի բլրից, եթե կլոր է: Փորձառու զորավարի հրամանատարության ներքո զորքի շարժական ուժը կնմանվի լեռից գլորվող կլոր ժայռաբեկորի:
Շարունակելի
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Հոգևոր-մշակութային