Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԱՎ ԱՊԱԳԱ ԵՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ»



«ԼԱՎ ԱՊԱԳԱ ԵՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ»Գլուխս հենել եմ նստարանի թիկնակին ու փակել աչքերս: Ռադիոյի հաղորդավարուհին մանկական ձայնով ինչ-որ բան է քարոզում մարդկային հարաբերությունների ու հոգու առողջության մասին: Ուղեղս միացրել է «հրաժարվել» ռեժիմը ու թուղթ «ծամող» մեքենայի պես փոշիացնում է դրսից եկած ամեն միտք: Անիվների բվվոցը նինջ է բերում… 

-…Դու ի՞նչ ես արել հայրենիքի համար:

Տղամարդու ձայն է: Մի պահ թվում է` երազում եմ:

-Ե՞ս…

-Չէ՛, ընդհակառակը, յուրաքանչյուրը` բացի զինվորականներից, որովհետեւ զինվորականի մասնագիտությունն ընտրելն արդեն հայրենասիրություն է,- ասում է վարորդը:

Ես հասկանում եմ, որ նախադասության առաջին մասը չեմ լսել: Պարզապես հայրենիք բառից անջատված միտքս միացել է… ու փորձում եմ ընկալել լսածս: 

-Որտեղի՞ց գիտեք, որ զինվորական եմ:

-Դե, պաշտպանության նախարարության շենքից դուրս եկաք:

Ես ճիգով «հավաքվում եմ»:

-Իմ տղան էլ է զինվորական: Ավելի ճիշտ` շուտով զինվորական կդառնա: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում է սովորում, գերազանցիկ է:

-Անունն ի՞նչ է:

-Գեւորգ Նիկողոսյան: Շատ լավ տղա ունեմ: Իմ հայրը խորհրդային տարիներին կուսկոմի շրջանային քարտուղար էր, մայրս` բժշկուհի: Ծնողներիս բոլոր երեխաները բարձրագույն կրթություն ստացան, բացի ինձնից: Ես սովորելու հետ սեր չունեի. արհեստ էի սիրում: Տղաս ծնողներիս քաշեց` ընդունակ, կարդացող: Երեք քրոջ միակ եղբայրն է: Մեծ աղջիկս 17 տարեկան էր, երբ Գւորգը ծնվեց: Շատ էի ուզում տղա ունենալ: Տղան հոր հպարտությունն է, հոր թիկունքը, տանդ սյունը:

Խելացի, հանգիստ երեխա էր: Բայց կամքով ու իրասածի: Մանկուց էդ գծերը երեւում էին: Բժշկուհի մորից բարություն սովորեց, ինձնից` տղամարդկություն: Երբ փոքր էր, նստեցնում էի, խոսում հետը: Ասում էի` միշտ ճշտի հետեւից կգնաս: Չվախենաս ճիշտն ասելուց: Լուրջ-լուրջ նայում էր աչքերիս ու գլխով էր անում:

Դպրոցը գերազանցությամբ ավարտեց ու ընդունվեց պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Անվճար ու, բնականաբար, զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով: Համալսարանում էլ էր գերազանց սովորում: Բայց մի օր եկավ, թե` «տարկետման իրավունքից հրաժարվում եմ, գնում բանակ: Ուզում եմ իմ տարեկիցների հետ ծառայել: Բանակից կգամ, ուսումս կշարունակեմ»: Դու որոշիր` ասացի: Էդպես` գնաց բանակ:

«ԼԱՎ ԱՊԱԳԱ ԵՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ»Զինվորական երդման արարողության ժամանակ առաջին անգամ տեսա Գեւորգիս զինվորական համազգեստով: Սրտիս մեջ մի բան թրթռաց: Էնքան հպարտ, էնքան ձիգ ու սիրուն էր էդ համազգեստով: Հիշեցի` եղբայրս ոնց էր համոզում, որ ընտանիքս առնեմ, գնամ Ռուսաստան: Հազար ու մի խոստում էր տալիս: Բայց ես մնացի հայրենիքում, որ տղաս իր հողի վրա մեծանա, իր հայրենիքի օդը շնչի: Ռուսաստանում ուրիշ մարդ կդառնար: Էս երջանիկ օրվա համար մնացի` մտածում էի տղայիս զինվորական երդումը լսելիս ուրախության արցունքներս կուլ տալով:

Տղաս վեց ամիս պատվով ծառայեց: Դիրքապահ էր ամենավտանգավոր հատվածում, բայց` տրամադրությունը բարձր, միշտ ուրախ: Մի օր էլ ասաց` պա՛պ, ռազմական համալսարան եմ ընդունվելու, ուզում եմ զինվորական դառնալ: Շատ եմ սիրում բանակը: Ապշած մնացի: Տղա՛ ջան, ասացի, պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ էիր ընդունվել անվճար, տարկետման իրավունքից հրաժարվեցիր, եկար բանակ, հիմա էլ ուզում ես համալսարանից դուրս գալ: Ասաց` պա՛պ, որոշված է. մի բան մտցրեց ուղեղը, էլ հանել չես կարող:

…Ապրիլյան պատերազմի ժամանակ տղաս դիրքերում էր: Թե ինչի միջով անցանք, միայն մեզ է հայտնի: Ապրիլի կեսերին, պատերազմից մի քանի օր հետո ես ու կինս գնացինք զորամաս: Ասացի` Գեւորգ ջան,  զինվորական դառնալու միտքդ չե՞ս փոխել պատերազմից հետո: Ասաց` պա՛պ, ընդհակառակը, հիմա ավելի հաստատ եմ որոշել, որ պիտի զինվորական դառնամ: Ասաց ու արեց: Սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ էր:

Ես ոչինչ չեմ խնայել, որ տղաս լավ կրթություն ստանա: Դպրոցական տարիներին մայրը հետեւում էր դասերին, լրացուցիչ մաթեմատիկա էր պարապում, հայերեն, անգլերեն: Էնքան կազմակերպված, ռեժիմով, կարգուկանոնով, մաքրասեր երեխա էր: Տարիներով գիրքը կօգտագործեր, վրան մի ծալք, մի խազ չէր անի, տետրերը` մաքուր, ձեռագիրը` գեղեցիկ:

…Հիմա ես կարող եմ ասել, որ իզուր չեմ ապրել: Ես կարող եմ հարցնել ինքս ինձ` դու ի՞նչ ես արել հայրենիքի համար ու հպարտ, գլուխս բարձր պատասխանել` զինվոր եմ տվել հայրենիքին: Ես վստահ եմ, որ տղաս լավ ապագա է ունենալու իր հայրենիքում:

Մենք բոլորս լավ ապագա ենք ունենալու մեր հայրենիքում, քանի դեռ հայ օջախում տղամարդ տղաներ են ծնվում, քանի դեռ մեր որդիները սիրում են իրենց պապերի հողը, չեն խնայում կյանքը հայրենիքի ազատության համար ու փառքով մահը գերադասում են անպատիվ կյանքից…

…Անձրեւը դադարել է: Ու արեւի տակ լվացված գույնզգույն քաղաքը փայլում է: Մեքենայի դիմապակու մեջ վարորդի դեմքին խաղաղ ժպիտ կա: Ինձ թվում է` թոռնիկի ձեռքից բռնած փողոցը հատող պապիկին է ժպտում: Ես բացում եմ լուսամուտը, ու թարմ օդը լցվում է ներս: Մենք դանդաղ անցնում ենք «Կոմիտասով»: Կողքի մեքենայից 14-15 տարեկան մի տղա շփոթված նայում է ինձ: Հանկարծ ես հասկանում եմ, որ ժպտում եմ տղային, ժպտում եմ մայթով անցնող մարդկանց: Ինձ թվում է, թե յուրաքանչյուր ընտանիքում մի Գեւորգ է մեծանում, Հայաստանի վաղվա քաղաքացին, որը լավ ապագա է ունենալու իր հայրենիքում:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2017