Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՂՋՈ՜ՒՅՆ, ՏՂԵ՛ՐՔ»



«ՈՂՋՈ՜ՒՅՆ, ՏՂԵ՛ՐՔ»Օրերս «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին ազգագրական պարի սիրահարները` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի եւ «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Մեր օրերում հազվադեպ է պատահում, երբ գիրքը վերահրատարակվում է մի քանի անգամ, քանզի ամեն անգամ տպաքանակն արագ սպառվում է։ 2006 թվականին «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակեց «Ողջույն, տղե՛րք» գիրքը. կարճ ժամանակ անց տպաքանակն սպառվեց: Հեղինակը խոստովանեց, որ մի քանի անգամ ինքը տպագրել է գիրքը։ Եվ ահա «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հետ որոշել են գիրքը վերահրատարակել։ Այն համապարփակ մի ժողովածու է Գագիկ Գինոսյանի տարբեր տարիների ստեղծագործությունների, իսկ վերնագիրն արդեն հուշում է, որ գրքում տեղ գտած համանուն բանաստեղծությունը նվիրված է անմահության ուղին բռնած տղերքին, ովքեր հանգչում են Եռաբլուրում։ 

Արցախյան ազատամարտի առաջին կամավորներից էին մտավորականները։ Գագիկ Գինոսյանը ղարաբաղյան հողի ազատագրման համար ռազմաճակատ մեկնած այն արվեստագետներից է, որ գրի առավ մերօրյա պատմության հերոսական էջերը նրանց մասին, ովքեր ընկան ռազմի դաշտում. «Ինձ համար Եռաբլուրն ամենահպարտություն առաջացնող գաղափարն է, որովհետեւ ավելի քան վստահ եմ, որ տղերքը չեն գնացել, տղերքը մեզ հետ են, տղերքը մեզնից վեր են… Տղերքն իրենց «հավերժական» խրամատներում են, եւ յուրաքանչյուրն ընտրել է հոգեւոր սահմանագծում լինելու եւ մեզ անընդհատ սթափ պահելու առաքելությունը: Մեր Հայրենիքն սկսվում է Եռաբլուրից եւ ավարտվում է իրական սահմանով:

Եվ քանի դեռ մենք այդ երկու սահմանը սրբությամբ պահում ենք, որեւէ ոտնձգություն չի կարող լինել հայոց հայրենիքի հանդեպ: Սակայն, պիտի հասկանանք, որ մենք պիտի արժանի լինենք ե՛ւ սահմանին, ե՛ւ Եռաբլուրին: Եվ եթե մեր հոգիները փտախտով չեն տառապում, եւ մենք մեր հայրենիքի քաղաքացին ենք, եթե մենք այնպես ենք ապրում, որ սահմանում կանգնած հայ զինվորը հասկանում է, որ ինքը պաշտպանում է  իր հոգեւոր հայրենիքը եւ ոչ հոգեւոր անապատը, ապա մենք պետք է միշտ հաղթենք»: Գրքում զետեղված ուշագրավ բանաստեղծությունները ներկայացվեցին հանդիսատեսին, ծավալվեց քննարկում Գագիկ Գինոսյան գրողի, նրա յուրահատուկ գրելաոճի, բանաստեղծական աշխարհի մասին։ Սակայն Գինոսյանի մասնակցությամբ երեկոն անհնար է պատկերացնել առանց խրոխտ պարերի։ Պարը մտքի սլացք է, ոգու կռիվ ու հերոսացում: Եվ ահա պարահրապարակում են ազգագրական պարի սիրահարները, ովքեր պարբերաբար «Նարեկացի» արվեստի միությունում մասնակցում են Գագիկ Գինոսյանի «Մեր պարերը եւ մենք» հայկական պարերի բաց դասերին։ Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապվում է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի աստվածների, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ։ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը ներկայացնելով Գագիկ Գինոսյան անհատին, մտավորականին, պարուսույցին` նրան կոչեց հայոց պարապետ։ Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան «Կարին» եւ «Նժդեհ» ազգագրական պարախմբերը։ Եվ վերջապես իր անզուգական պարով բեմում էր Գագիկ Գինոսյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Գագիկ Գինոսյանը տեղեկացրեց, որ Նարեկ Հարությունյանի հետ որոշել են գրքի երկրորդ հատորն էլ հրատարակել: Գիրքը նվիրված է ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին, «Արծիվ մահապարտներ» գումարտակի «X» գաղտնի դասակի հրամանատար Ալեքսանդր Թամանյանին եւ բոլոր այն տղաներին, որոնց արյամբ կերտվեց մեր երկրի անմահությունը։

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Հոգևոր-մշակութային


20/12/2017