«ՀԶՈՐ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԹԻԿՈՒՆՔԻՑ»
Գնդապետ Արամ Պողոսյանը 2016թ.՝ բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Ավարտել է ՌԴ ռազմական ակադեմիան:
2013թ.-ից զորամիավորման հրամանատարի տեղակալն է:
Արժանացել է մի շարք կառավարական եւ գերատեսչական պարգեւների:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
-Պարոն գնդապետ, ինչո՞ւ որոշեցիք դառնալ զինվորական:
-Որոշմանս համար կային մի շարք նախադրյալներ: Ես ծնվել ու մեծացել եմ զինծառայողների, Արցախյան պատերազմի մասնակիցների գերդաստանում՝ հայրս, հորեղբայրներս, որոնցից մեկը՝ բոլորին քաջ հայտնի գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, հորաքույրս ու նրա երկու որդիները, բոլորն էլ զինվորականներ են եղել:
Նրանց միջոցով ճանաչեցի բանակը, սիրեցի զինծառայողի կերպարը: Հայոց բանակը դարձավ հարազատ տուն, որի հանդեպ սերը մանկուց էր ձևավորվել:
Ինչու եմ ասում մանկուց, քանզի ես ծնվել ու հասակ եմ առել Նուբարաշենում, որտեղ տեղակայված էր ռուսական զորամաս: Եվ մանկապարտեզ ու դպրոց հաճախելիս ամեն օր հանդիպում էի նրանց: Երբ ավարտական դասարաններում էի, սկսեցի ավելի ակնածանքով նայել նրանց հանդերձանքին ու շքանշաններին: Որպես գաղտնիք ասեմ՝ ինձ ավելի շատ գրավել եւ հուզել են հայոց բանակի հիմնադիր նվիրյալների գաղափարները, կառույցի հանդեպ նրանց սերն ու հարգանքը: Նաեւ այս հանգամանքը պատճառ դարձավ, որ զինվորական դառնալու որոշումս մնա անբեկանելի:
Բուհն ավարտելուց հետո էլ չցանկացա մասնագիտությամբ աշխատել: Արդեն ընտրել էի իմ կյանքի ուղին…
Հետագայում ծառայելով ԶՈՒ տարբեր զորամասերում, ստանալով նախնական և բարձրագույն զինվորական կրթություն և ձեռք բերելով կազմակերպչական հմտություններ` լիովին ամրապնդվեց համոզմունքս. ես ճիշտ եմ ընտրել զինվորականի դժվար ու պատվավոր ճանապարհը:
Առաջին քայլերս սկսեցի որպես շարքային զինվոր՝ տքնաջան, երկարատև ուղի: Այսօրվա պես հիշում եմ առաջին խրախուսանքս՝ հրամանատարիս կողմից տրված պատվոգիրը, «Գարեգին Նժդեհ» մեդալս, որով պարգևատրվեցի մեծ հայորդու անվան զորամասում ծառայելիս:
Յուրաքանչյուր պարգև համարում եմ գնահատական կատարվածի և պարտավորվածություն հետագայում ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կատարելու պարտականություններս: Իսկ այս վերջին պարգեւը, որ ստացա զինված ուժերի գերագույն գլխավոր հարամանատարի կողմից, թերեւս ամենահիշվողն է ու պարտավորեցնողը:
Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո նշանակվեցի ԶՈՒ հարավային զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:
-Չորս զավակների հայր եք, Աստված պահապան: Խոստովանենք, մեր օրերում, ցավոք, ոչ այնքան տարածված երևույթ: Կարծում եմ` ոչ պակաս մեծ հայրենասիրություն է:
-Պետք է ասել՝ միակը չեմ իմ գերդաստանում, շատ զավակներ ունենալը մեր գերդաստանի գեղեցիկ ավանդույթն է` պապից պապ եկած պատվիրանով: Կարծում եմ` Արա, Արմեն, Աննա ու Մելս զավակներիս կողքին գուցե դեռ ծնվեն Տիգրան ու Հայկ, Նաիրի ու Լուսինե:
-Լինելով թիկունքի ծառայության մեջ, ինչպե՞ս եք գնահատում դրա դերը զինված ուժերում:
-Թիկունքն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի բանակում, որի գործառույթներն իրենց մեջ ներառում են անձնակազմին որակյալ սննդով, վառելիքաքսուքային նյութերով և կենցաղային պայմաններով ապահովման հարցերը:
Կարծում եմ` առանց որակյալ սննդի, լիարժեք հանդերձավորման և նորմալ կենցաղի, դժվար կլինի պահպանել կարգապահության սահմանված մակարդակը և կատարել մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները:
Աշնան ամիսներին բարձր պատասխանատվությամբ իրականացվեցին նախօրոք պլանավորված ձմեռային մթերման, կարտոֆիլի և բանջարեղենի պաշարների մատակարարման և երկարատև պահպանման աշխատանքները, որոնք մշտապես եղել են ինչպես զորամասերի, այնպես էլ հրամանատարության մշտական հսկողության ներքո:
Ընդհանուր առմամբ, մթերման աշխատանքներն, ինչպես միշտ, ընթացան սահուն` հաստատված պլանի համաձայն:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անմիջական վերահսկողությամբ և իմ աչալուրջ մասնակցությամբ իրականացվող մթերման աշխատանքները սահուն ընթացքով դեռ շարունակվում են, և միայն դեկտեմբերի վերջին կարող ենք վստահաբար հայտնել վերջնական արդյունքների մասին: Համոզված եմ՝ արդյունքները գոհացուցիչ կլինեն:
-Պարոն գնդապետ, ի՞նչ կարող եք ասել դաշտային պայմաններում անձնակազմի սնունդը պատշաճ մակարդակով կազմակերպելու մասին:
-Դաշտային պայմաններում անձնակազմի կերակրումը կազմակերպելու համար գործի են դրվում ենթակա զորամասերում առկա դաշտային խոհանոցները, որոնք բավարար չափով վերանորոգված են:
Վերջերս միացյալ զորախմբի լայնամասշտաբ և բնույթով աննախադեպ զորավարժությունների թիկունքային ապահովման անխափան և ժամանակին իրականացման հարցերում անմիջական օգնություն և օժանդակություն ցուցաբերեցին ԶՈՒ գլխավոր շտաբը, զորամիավորման հրամանատարությունը, ԶՈՒ թիկունքի վարչությունը:
Համալրելով և նորով փոխարինելով թիկունքի ծառայությունների դաշտային տեխնիկական միջոցները` հնարավոր եղավ բարձր մակարդակով ապահովել զինծառայողների կենցաղը, հանգիստը, սնունդը:
Միայն լիարժեք սնված, մաքուր, տաք հագնված զինվորը կարող է իր սարքին ու մարտունակ տեխնիկայով անմնացորդ կատարել առաջադրված մարտական խնդիրը:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ ստեղծվել է պլանավորման բաժանմունք, ապահովման ստորաբաժանում՝ համապատասխան տրանսպորտային և տեխնիկական միջոցներով, կազմավորվել են պարենամթերքի և իրային ունեցվածքի կենտրոնական պահեստներ:
Նյութատեխնիկական միջոցների այսպիսի ծավալներով ապահովվածությունը բնականաբար ենթադրում է առաջընթաց, թույլ է տալիս լիարժեք և ժամանակին կատարել ցանկացած առաջադրանք:
Սակայն, անելիքներ և խնդիրներ դեռևս կան ու միշտ էլ լինելու են…
Ճիշտ է, բոլոր խնդիրներն էլ բանակում առաջնային են, բայց և այնպես, հզոր և առողջ բանակը սկսվում է թիկունքից:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում