ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
Ազդարարելով 2017 թվականի ավարտը՝ մենք կարող ենք հաստատակամորեն փաստել, որ Հայոց բանակը ևս մեկ քայլ կատարեց մարտունակության և հզորության նոր մակարդակի հասնելու ճանապարհին: 2017թ. մեր բանակը արձանագրեց բազմաթիվ հաջողություններ և, որ ամենակարևորն էր, մեր սահմանները մնացին անառիկ:
Տարեմուտի այս օրերին, ամփոփելով ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերում և հատկապես առաջնագծում իրականացված աշխատանքները, արձանագրում ենք, որ արվել է առավելագույնը՝ մեր սահմանների անառիկությունը և անխախտելիությունը ապահովելու համար: Մարտական հենակետերում նպատակաուղղված աշխատանքներ են իրականացվել ինժեներական ապահովման, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ` խնդիր ունենալով ավելի գրավիչ դարձնել զինվորական ծառայությունը. այս առումով մենք հատկապես կարևորել ենք «Ազգ-բանակ» հայեցակարգի կայացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը: Օգտվելով ընձեռված առիթից՝ խոսքս եմ ուղղում պարտադիր զինվորական ծառայությունը ավարտող զինծառայողներին. դուք եք մեր «ակտիվ պահեստազորը», ձեզ են սպասում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, բազմապատկեք ձեր գիտելիքները, հայոց զինուժին պետք են զարգացած, ուսյալ և միշտ պատրաստ պահեստազորայիններ:
Շնորհավորելով բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ես ուզում եմ առաջին հերթին երախտագիտություն հայտնել սահմանագծում կանգնած մեր զինծառայողներին` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի խաղաղ կյանքն ապահովող անխորտակելի հավաքական ուժին:
Թող Աստծու աջը միշտ պահապան ու հովանի լինի մեր ժողովրդին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Ազգային բանակ