Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ



«Հոռետեսը դժվարություն է տեսնում յուրաքանչյուր հնարավորության մեջ, իսկ լավատեսը հնարավորություն է տեսնում յուրաքանչյուր դժվարության մեջ»:
Ուինսթոն Չերչիլ

Արաբները, ինչպես նաեւ պարսիկներն ու հատկապես թուրքերը եւ ռուսները, պատմության ընթացքում ստեղծած լինելով մեծ կայսրություններ, օրինաչափ էին համարում պատերազմներ շահել մեծ կորուստների գնով: Թերեւս դա պայմանավորված էր կայսրությունների` մեծ թվով հպատակներ ունենալով, որոնց կայսրերը կարող էին անհրաժեշտության դեպքում ե՛ւ հարստահարել, ե՛ւ պատերազմում օգտագործել որպես թնդանոթի միս: Ռուսների պարագայում ռազմավարության այդ սկզբունքը բխում էր նաեւ մեծ տարածքներ եւ ռեսուրսներ (այդ թվում` մարդկային) ունենալուց: Ասիականության այս դրսեւորումը հետագայում վերածվում է բնավորության եւ դառնում պետական հայեցակարգի, ազգային անվտանգության հիմնադրույթի, զինվորականների ու ստրատեգների մտածելակերպի հիմք: Բնականաբար, նման միջավայրում մարդկային կյանքը չէր կարող մեծ արժեք ունենալ, եւ պատերազմների ժամանակ մեծաքանակ մարդկային զոհերը համարվում էին ավելի շուտ օրինաչափություն, քան բացառություն:

Հայ ժողովուրդը, ապրելով նշված կայսրությունների տիրապետության ներքո, որոշակիորեն կրել է այդ մտածելակերպի ազդեցությունը, թեպետ այն խորթ է եղել մեզ համար: Հնուց ի վեր, ունենալով համեմատաբար փոքր տարածք եւ նյութական ու մարդկային սահմանափակ ռեսուրսներ, հայոց զորքի սպարապետների համար մեծ արժեք էր յուրաքանչյուր զինվորը, իսկ հայոց զորքի ամեն մի գունդ պետական մեծ նշանակություն ուներ: Քանի~ հաղթանակ ենք կերտել փոքրաքանակ զորքով: Բավական է միայն նշել Վարդան Մամիկոնյանի շահած Խաղխաղի ճակատամարտը, Գեւորգ Մարզպետունու իրականացրած փայլուն մարտական գործողությունները կամ 1111թ. Թորոս Ա իշխանի հարձակումը Կիզիստրա ամրոցի վրա: Հայոց ամբողջ պատմությունը լի է նման հերոսական դրվագներով:

Հայոց պատմիչների գործերում մեծ տեղ է հատկացված հայ քաջարի զորավարներին, իսկ նրանց զորքի կորուստը ներկայացված է որպես փորձանք` ամբողջ հայ ժողովրդի համար: Հիշենք, թե մեր ժողովրդի համար ինչ ողբերգություն էր ամեն մի հայդուկի մահը, եւ թե ինչ սուգ էր լինում Արցախյան ազատամարտում զոհված յուրաքանչյուր ազատամարտիկի համար: Սա միանգամայն բնական է փոքրաթիվ ժողովրդի համար:
Բայց հարցը միայն քանակը չէ: Ըստ մեր ազգային արժեհամակարգի` յուրաքանչյուր մարդ անհատականություն է` տիեզերքում անկրկնելի, հասարակության կարեւոր անդամ, քաղաքացի, լավ մասնագետ ու տաղանդավոր մարդ, այլ կերպ ասած` անփոխարինելի ԱՐԺԵՔ: Ահա թե ինչու մեզ համար անպատկերացնելի եւ անընդունելի է որեւէ նվաճում, որի համար պետք է վճարել մարդկային կյանքեր:

Տեղին է համեմատություն անել Իսրայելի հետ: Հրեական պետության եւ բանակի ղեկավարությունը, բարձր գնահատելով յուրաքանչյուր զինվորի կյանքը, մեկ անգամ չէ, որ իր քիչ թվով զինվորների փրկության համար ազատ է արձակել հարյուրավոր ռազմագերիների եւ նույնիսկ հատուկ ռազմագործողություններ է իրականացրել: 1956թ. պատերազմից հետո ընդամենը 4 հրեա ռազմագերու վերադարձման համար հրեաները ազատ արձակեցին 5500 արաբի (!):
Այսօր էլ մեր հասարակությունը պատրաստ չէ «օրինաչափ» համարել հակառակորդի կրակից զոհված եւ ոչ մի զինվորի կամ խաղաղ բնակչի մահը, համակերպվել դրա հետ: Նման հասարակությունը պատրաստ է իր յուրաքանչյուր զավակի կյանքը փրկելու համար զրկանք կրել: Այս հոգեվիճակում թշնամու նկատմամբ պասիվ հանդուրժողականությանը փոխարինելու են գալիս վճռականությունն ու նախաձեռնողականությունը, որոնք դրսեւորվում են նաեւ պատերազմի հանդեպ վերաբերմունքի մեջ:

Ցայսօր մենք խուսափել եւ խորշել ենք պատերազմից: Մինչդեռ աշխարհն այն համարում է քաղաքականության իրականացման մի լծակ: Ցայսօր մենք անընդունելի ենք համարել նախահարձակ լինելը, մինչդեռ ժամանակակից ռազմավարության մեջ արդեն միանգամայն արդարացված է համարվում «կանխարգելիչ (պրեւենտիվ) հարված» հասցնելը:
Այս մոտեցումը մեզանում պետք է փոխվի: Հիշենք ՀՀ նախագահի` վերջերս արված այն հայտարարությունը, ըստ որի` Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանի ստացած հակահարվածը կլինի «կործանարար եւ վերջինը»: Այսինքն` նրա ցանկացած ոտնձգություն կավարտվի իր համար շատ մեծ կորուստներով, իսկ մենք հերթական անգամ տարածքներ կազատագրենք:
Ահա այստեղից էլ պետք է սկսվի մտածելակերպի փոփոխությունը: Մեր պետական գործիչները, զինվորականները, մտավորականները եւ բոլոր քաղաքացիները պետք է հասկանան` եթե հայոց երազանքի իրականացման ճանապարհին պատերազմելու կարիք կա, ապա չպետք է ամեն գնով խուսափել դրանից: Պատերազմը քաղաքականության սխալ չէ, իշխանության անկարողության հետեւանք չէ` ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆԱԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է:

Հարկավ, կոչ չենք անում ցանկացած հարց լուծել պատերազմով, սակայն ճիշտ չենք համարում նաեւ ցանկացած գնով դրանից հրաժարվելը, միշտ պաշտպանվողի դիրքում հայտնվելը: Եղել են բազմաթիվ «փոքր» պատերազմներ, որոնք կանխել են ավելի մեծերն ու արյունահեղները: Պատմական փաստ է, որ պետությունների եւ հատկապես ազգերի միջեւ ծագած հիմնարար խնդիրները ցայսօր իրենց լուծումը ստացել եւ ստանում են պատերազմի միջոցով:
Մեզ համար սա պետք է ակնհայտ դառնա հատկապես այսօր, երբ պատերազմի եւ խաղաղության սահմանները օր օրի ավելի պայմանական եւ աննկատելի են դառնում: Պատերազմը ռազմադաշտերից սահուն տեղափոխվում է այլ հարթություններ` դիվանագիտական, քարոզչական, հոգեբանական, տեղեկատվական, մշակութային: Ընդ որում, նախահարձակ լինելը դառնում է գերակայող գործելաոճ: Մեր իսկ պատմական փորձն ապացուցում է, որ դա, որպես կանոն, արդարացված է. Արցախյան պատերազմում հայկական կողմն իր բոլոր հարձակողական գործողությունների ժամանակ ավելի քիչ զոհ է տվել, քան 1993-1994թթ. ադրբեջանական լայնածավալ հարձակումը հետ մղելիս:

Մենք պետք է լավ յուրացնենք պատմական մի օրինաչափություն եւս. մեծ պատերազմների, ճգնաժամերի, հասարակարգերի փոփոխությունների եւ քաղաքական ցնցումների արդյունքում է, որ փոքր ազգերին սովորաբար բախտ է վիճակվում լուծելու իրենց պետականության խնդիրները: Չպետք է մոռանալ, որ մենք` հայերս, դարերի ընդմիջումից հետո մեր երազած անկախությունը ձեռք բերեցինք Առաջին համաշխարհային պատերազմի, իսկ հրեաներն իրենցը ձեռք բերեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ամենաշատը հենց այդ ժամանակաշրջաններում է ավելացել փոքր պետությունների քանակը:

Պատերազմներից ու ցնցումներից վախենում են այն երկրները, այն ազգերը, որոնք չունեն վեհ նպատակ, չունեն համարձակություն եւ չունեն պատերազմի մեջ իրենց համար հնարավորություններ բացահայտելու կարողություն: Իսկ ՆՊԱՏԱԿ ունեցող երկրներն անխոտոր գնում են առաջ` միշտ պատրաստ լինելով օգտվելու իրենց աստեղային ժամից:
Հայ ժողովուրդը այդպիսին է եւ այդպիսին պետք է լինի: Այդ նպատակին պիտի ծառայեն ազգային ընտրանու միտքն ու գործը: Այս ուղղությամբ պիտի աշխատեն հայ դիվանագետը, գիտնականը, զինվորականն ու մարզիկը: Յուրաքանչյուրս:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


24/08/2011