Language:

  • Հայերեն
  • Русский
  • English



Նամակ հայ զինվորին

 

Բերդավանցի երեխաների նամակները հայ զինվորին

 ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, սիրելի զինվորներ: Շնորհակալ եմ ձեզ, որ պաշտպանում եք մեր հայրենիքը եւ մեզ խաղաղ քուն պարգեւում: Շնորհակալ եմ, որ անքուն գիշերներ եք անցկացնում, որպեսզի մենք ապահով լինենք: Իմացե՛ք, որ մենք ամեն օր աղոթում ենք ձեզ համար: Դուք մեր ազգի հպարտությունն եք: 

 ՄԱՐԻԱՄ ԲԱՅՐԱՄՅԱՆ

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԵս ապրելով սահմանամերձ գյուղում, զգում եմ ինձ ապահով, որովհետեւ կաս դու` հայ զինվոր: Հայաստանը կանգուն է եղել ու կմնա քեզնով: Դու ես Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Անդրանիկի, Գեւորգ Չաուշի արժանի ժառանգը:

 ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՄեր շատ սիրելի զինվորներ, միշտ իմացեք, որ հայ ժողովուրդը ձեզնով է հպարտ եւ միշտ էլ հպարտ է լինելու: Ձեզ ցանկանում ենք առողջություն եւ տոկունություն: Մենք ոչ մի անգամ չենք կասկածել ձեր քաջությանն ու արիությանը: Մաղթում ենք, որ խաղաղությամբ վերադառնաք ձեր օջախները: Ձեզ լավ նայեք, դուք մեր հպարտությունն եք: Մնացեք խաղաղությամբ:

Այս նամակը ձեզ եմ հղում գյուղի միջնակարգ դպրոցի X դասարանի բոլոր աշակերտների անունից:

 ԱՆԻ ԹԱՆԴԻԼՅԱՆ

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, զինվոր ջան, բարեւ հերոս ջան: Թանկագին եղբայր, վստահ եմ, որ այսուհետ թույլ կտաս` քեզ եղբայր կոչել, որովհետեւ դու արժանի ես այս կոչմանը յուրաքանչյուր հայի կողմից: 

Ք՛աջ զինվոր, քեզ ցանկանում եմ քաջառողջություն:

Շնորհակալ եմ քեզ, մեր երկրի պահապա՛ն:

Ժպտա՛…

ԼՅՈՒԴԱ ԲԱՅՐԱՄՅԱՆ

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարե՛ւ, իմ սիրելի զինվոր: Մենք արդեն զարդարել ենք մեր դպրոցը, դրել ենք շատ գեղեցիկ տոնածառ, ու հիմա հանգիստ նստած ենք տաք դասասենյակում միայն ու միայն քո շնորհիվ: Ես դրա համար քեզ շա~տ-շատ շնորհակալ եմ, իսկ դու հիմա կանգնած ես ձյունոտ, ցուրտ սահմանին, որ պաշտպանես մեր երկիրը:

 Ձեր փոքրիկ քույրիկ` ՎԻԿՏՈՐՅԱ ԽՈՋՅԱՆ

♦♦♦

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարե՛ւ, իմ սիրելի՛ զինվոր, ես շատ ուրախ եմ, որ նամակ եմ գրում քեզ, որովհետեւ լավ գիտեմ, որ դու մեր խաղաղությունն ես պաշտպանում: Երբ երկու տարի առաջ թշնամին անընդհատ կրակում էր մեր գյուղի վրա, այդպես էլ չհասկացավ, որ մենք նրանցից չենք վախենում, քանի որ գիտենք, որ սահմանին ամուր-ամուր կանգնած է հայ զինվորը: Գլուխդ շատ չցավեցնեմ. դու հիմա կարեւոր գործ ես անում, ժամանակդ չխլեմ: Մաղթում եմ, որ շուտ հասնես ընտանիքիդ: Եվ թող նոր տարին հաջողություններով լի տարի լինի քեզ համար:

ՍՈՆԱ

♦♦♦ 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՀիմա ես նստած եմ դասարանում եւ կարողանում եմ սովորել, որովհետեւ դու եւ քո ընկերները կանգնած եք դիրքերում եւ հսկում եք մեր երկիրը: Ես գիտեմ, որ շատ դժվար է այս ցրտին կանգնել դիրքերում եւ հետեւել թշնամու անցուդարձին:

Վեց տարի հետո ես եմ ձեզ փոխարինելու:

Ես ձեզ եղբոր պես եմ ընդունում, շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Թող բոլոր զինվորները վերադառնան տուն իրենց ծնողների մոտ եւ աշխարհում խաղաղություն լինի…

 ՌԱՖԱՅԵԼ ԱԹԱԲԵԿՅԱՆ

7-րդ դասարան

♦♦♦ 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԵս շատ եմ հարգում ու սիրում զինվորներին: Անհամբեր եմ՝ թե երբ եմ ինքս էլ պարտքս տալու հայրենիքին: Ես երազում եմ դառնալ ֆուտբոլիստ: Իմ ամենասիրած երեք ֆուտբոլիստներն են` Լեոնել Մեսսի, Պոլ Պոգբա, Յուրի Տիելեմանս: Ես գիտեմ, որ դուք էլ ունեք երազանքներ, եւ վստահ եմ, որ դրանք անպայման կկատարվեն:

 ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ 

7-րդ դասարան

Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն


10/01/2018