Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՆՐՈՑ` ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ



ԾԱՆՐՈՑ` ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐՎերջապես ամուսինն էլ քնեց: Ու երբ նրա խաղաղ շնչառությունը տարածվեց ննջասենյակի լռության մեջ, կինը զգուշորեն բարձրացավ անկողնուց ու սկսեց ոտքով փնտրել հողաթափերը: Լավ էր, որ չպատմեց ամուսնուն: Անցյալից մնացած սովորություն է` օրվա ամենաաննշան անցուդարձը մանրամասն «զեկուցել» քնելուց առաջ: Բայց հիմա պիտի խնայի նրան. արդեն էն տարիքում չէ. սիրտը շատ է բարակել: Երբ խանութում շաքարափոշու մեջ թաթախված փոքրիկ կարկանդակները շարեց իրար վրա, վաճառողուհին ժպտալով հարցրեց. 

-Արարողություն ունե՞ք, տիկին Անուշ: Մի մեծ տոպրակ կարկանդակ…

-Զորամաս եմ գնալու,- պատասխանեց,- զինվոր ունեմ: Իսկ զինվորի ծանրոցի մեջ ուտելիքն այնքան պիտի դնես, որ բոլոր ընկերներին հերիքի: Բանակում էսպիսի օրենք կա. բոլոր ընկերներիդ պիտի բաժանես, նոր ինքդ ուտես: Քո ծանրոցից վերջինը դու պիտի վերցնես: Արամայիսս է պատմել:

Արամայիսի անունը լսելով` աղջիկը խոնարհեց հայացքն, ու ինքը տեսավ, թե ինչպես մոմլաթե տոպրակը բռնած ձեռքը դողաց:

-Դավիթիս մոտ եմ գնալու,- չնկատելու տվեց վաճառողուհու հուզմունքը.- Դավիթն իմ մանկատան սաներից է:

Աղջիկը շրջվեց՝ իբր մածունները տոպրակի մեջ դնելու համար ու աննկատ սրբեց այտն ի վար հոսող արցունքը:

Երբ Արամայիսը բանակում էր, ինքն էլի էս խանութից էր գնում «տուլիկի» ամբողջ պարունակությունը: Տուլիկ բառը Արամայիսից է սովորել: Ասում էր` մամ, էլ տուլիկ չուղարկես, դիրքերում ինչն է բոլ, ուտելիքը, մի օր ուղարկածդ հետ եմ ճամփելու:

Դավիթի համար ծանրոց պատրաստելը դժվար չէր. անգիր գիտեր` ինչ պիտի դնի զինվորի ծանրոցի մեջ, Արամայիսի զորակոչվելուց առաջ մանկատան զինվորների համար էր պատրաստում, հետո սկսեց իր որդու համար պատրաստել…

Արամայիսը այստեղ լիներ, կասեր` մամ, շատ դիր, լիքը դիր, թող տղան իրեն լավ զգա ընկերների մոտ, թող հարազատ մոր ուղարկածից չտարբերվի : Այդպես էր ասում, երբ դպրոցական էր, ու ինքը ծանրոց էր պատրաստում իր զինվոր սաների համար: Ասում էր` մամ, քո գործն էլ է դժվար, տես՝ քանի հոգու պիտի մայրություն անես: Նրանք «մայր» ասելիս քեզ են պատկերացնում, որովհետեւ դու ես նրանց սեղմել կրծքիդ, երբ ընկել են ու քերծել ոտքը, դու ես անքուն գիշերներ լուսացրել նրանց մահճակալի մոտ, երբ հիվանդ են եղել, դու ես մաքրել նրանց արցունքներն ու համբուրել, երբ լացել են….

…Վերջապես գտավ հողաթափերը, հագավ ու ոտքի թաթերի վրա դուրս եկավ ննջարանից: Խանութից առածը շարել էր խոհանոցի պահարանին, մնում էր դարսել իրար վրա ու տեղավորել մեծ ու ամուր տոպրակում: Արամայիսը Դավիթին շատ էր սիրում: Առհասարակ մանկատան բոլոր երեխաներին սիրում էր, երեխաներն էլ՝ Արամայիսին: : Երբ Արամայիսը բանակում էր, օր չկար, որ չհարցնեին` Արամայիսը զանգե՞լ է, ի՞նչ է ասում, ո՞նց է: Ինքը զանգում էր Արամայիսին ու հեռախոսը տալիս երեխաներին. ոնց էին ուրախանում, մեկը խոսում էր, փոխանցում մյուսին: Արամայիսին էլ իր հերթին ամեն զանգելով հարցնում էր` երեխեքին շոկոլադ տվե՞լ ես: Մամ ջան, երեխեքին լավ նայի:

Բայց փոքր ժամանակ խանդում էր. մի անգամ ասաց` մանկատան երեխաներին ինձնից շատ ես սիրում: Հետո ինքը երկար-բարակ բացատրեց… Արամայիսը իր խելոք, կլորիկ աչքերով նայում էր: Որդու մանկական դեմքը հիշելիս ժպտաց ու փակեց աչքերը, որ պատկերը չչքանա:

…Պատշգամբի լուսամուտը բաց էր մնացել, քամին աղմուկով շարժում էր փեղկը: Մոտեցավ լուսամուտին: Քաղաքը քնած էր, հեռվում, խավարի մեջ հատուկենտ լույսեր էին վառվում: Շատ տարիներ առաջ ինքն էլի այսպես կանգնած էր լուսամուտի մոտ ու չգիտեր անելիքը: Ասել էին` գնա Գեղարքունիքի հեռավոր գյուղերից մեկը ու մանկապարտեզ հիմնիր: Ջահել աղջիկ էր այդ ժամանակ, նոր էր ավարտել համալսարանը: Ինչո՞ւ պիտի կյանքդ թաղես էդ հեռավոր գյուղում` ընդդիմացել էր մայրը: Ու ինքը էլի չէր քնել: Հաջորդ օրը ճանապարհվեց գյուղ: Նորաբաց մանկապարտեզի առաջին տնօրենն էր: Երեխաների առաջին ուսուցիչը: 10 տարի աշխատեց մանկապարտեզում: Երեխաներից շատերի դեմքերը արդեն մոռացել է: Երբեմն փողոցում բեղ-մորուսով տղամարդիկ են մոտենում կամ միջին տարիքի կանայք, գրկում են ու ասում` ես Ձեր սանն եմ եղել: Ու հանկարծ հասկանում է, որ 40 երկար ու ձիգ տարիներ են բաժանում իրեն այն օրերից, երբ մանկապարտեզի երեխաներին հայրենասիրական ոտանավորներ ու ազգագրական երգեր էր սովորեցնում: Պատմում էր Արեւմտյան Հայաստանի ու Մեսրոպ Մաշտոցի մասին:

Հետո տեղափոխվեց մանկատուն: 30 տարին ե՞րբ անցավ:Մանկատան երեխաները ծնողազուրկ էին, ի տարբերություն մանկապարտեզի երեխաների, ու ավելի շատ ունեին իր կարիքը: Սկզբում անընդհատ լաց էր լինում: Երեխաներին սեղմում էր կրծքին ու լաց էր լինում: Ինքն իրեն երդվեց, որ մայր է դառնալու նրանցից յուրաքանչյուրի համար: Սեր ու քնքշանք է տալու: Այդքան սեր որտեղի՞ց ես գտնելու, մեր բաժինը չտաս` կատակով ասում էր ամուսինը ու ավելացնում՝ դու ինձ մի որդի պարգևի, հետո ինչ ուզում ես արա: .

-Զինվոր, հա, զինվոր: Դու հազիվ ուրիշի երեխաներին զինվոր դարձնես: Բա իմ տան զինվո՞րը: Աղջիկներին կամուսնացնես- կգնան, ուրիշի օջախը կշենացնեն, բա իմ տո՞ւնը… Բա ես բանակի քեֆ չանե՞մ, տղա չամուսնացնե՞մ, իմ ազգանունը կրող թոռ չունենա՞մ:

Ինքը արդեն 40 տարեկան էր, բայց ամուսինը չէր համակերպվում որդի չունենալու մտքի հետ:

…Մտավ ննջարան, խարխափելով վառեց լուսամփոփը, դարակից հանեց ալբոմն ու հետ եկավ խոհանոց: Ալբոմի առաջին էջին նորածին Արամայիսն է: Ամուսինն ուրախությունից գժվել էր, երբ Արամայիսը ծնվեց: Քանի դեռ երեխան շատ փոքր էր, երես էր տալիս, հետո, երբ մի քիչ մեծացավ, ասաց` Անուշ, փեշիցդ մի կարի, թող տղամարդ մեծանա: Մարդ ու կին համաձայնության եկան ու սկսեցին «տղամարդ մեծացնել»: Խեղճ երեխային էնքան ասացին` տղամարդ ես, տղամարդ ես, որ 9-10 տարեկան տղա՝ գիշերով, մութ, դատարկ փողոցներով մի քանի կիլոմետր ճանապարհ էր կտրում, որ մորը մանկատնից տանի տուն:

Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, ասաց.

-Ես պիտի Արցախում ծառայեմ, առաջնագծում: Էս տղան պիտի դիրք պահի, որ հետո դիրքից իջնի ու իրեն տղամարդ զգա:

…Ալբոմի հերթական էջին Արամայիսի առաջին զինվորական լուսանկարն է, կողքի էջին՝ մի մեծ ծաղկեփունջ: Արամայիսը դիրքերում էր: Մեկ էլ դռան զանգը տվեցին, դուռը բացեց ու տեսավ շեմքին դրված հսկա ծաղկեփունջը՝ «Քո զինվոր որդուց»: Իր ամենաերջանիկ ծննդյան տոնն էր:

Նոյեմբերի 23-ին Արամայիսն արձակուրդ եկավ: Էնքան սիրուն էր զինվորական համազգեստով, բոյովացել, ավելի թիկնեղ էր դարձել: Կարգին չկարողացավ տեսնել որդուն. օրը մի ընկերոջ տանն էր, բոլոր բանակային ընկերների ծնողներին այցելեց: Նոյեմբերի 29-ին զորամաս վերադարձավ: Երբ մանկատանը հուզվում, լաց էր լինում, երեխաներն ասում էին.

– Դուք մտածելու բան չունեք, ընկեր Անուշ, բոլորիս աղոթքը մեր եղբորը կպաշտպանի վտանգից:

Ալբոմը սեղմեց կրծքին, մտավ որդու սենյակ:

-Գնում եմ Դավիթի մոտ,- ասաց բարձրաձայն:

– Տուլիկի մեջ ամեն ինչ դրել եմ, ոչ մի բան չեմ մոռացել: Չանհանգստանաս, մանկատան երեխաներից ով զինվոր դառնա, ես զինվորի մայր եմ դառնալու: Զանգում են, հեռախոսը վերցնում եմ, մեկ էլ թե` բարեւ, մամ: Ու նրանք բոլորը նույն ձայնն ունեն: Քո ձայնը: Ես օր ու գիշեր աղոթելու եմ, որ իմ զինվորները պատվով ու անփորձանք տուն դառնան բանակից:

Արամայիսի մեծադիր նկարի առջեւ փոքրիկ գրություն կա: Հազարերորդ անգամ է կարդում, բայց ամեն անգամ կարդալիս տառերը շաղվում են, լուծվում արցունքի մեջ:

«Դիրքից քիչ հեռու աղմուկ է լսվում: Արամայիսը արագ վերցնում է դիտարկման սարքը ու նետվում առաջ: Նույն պահին հնչում է ճակատագրական կրակոցը: Դիրքի անձնակազմը կարողանում է հետ մղել հակառակորդի դիվերսիան, սակայն Արամայիս Ոսկանյանի կյանքը փրկել չի հաջողվում» :

…Դեմքին սառնություն զգաց: Կիսաբաց լուսամուտից անձրևը լցվում էր ներս: Քաղաքն արթնանում էր: Զինվորի մայրը հագավ վերարկուն, վերցրեց ծանրոցը, իջավ բակ ու ձուլվեց քաղաքի անդեմ աղմուկին…

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Ազգային բանակ


10/01/2018