ԱԶԳ-ԲԱՆԱԿ
Ժողովուրդը դառնում է ազգ միայն այն ժամանակ, երբ արթնանում է ազգային ինքնագիտակցումը: Այսինքն` երբ ծնվում է ՄԵՆՔ-ի գաղափարը: ՄԵՆՔ-ի գիտակցումը անհատի արժեհամակարգում կարեւորելու, նրա կենսական առաջնահերթությունների վերին հորիզոնականներում ամրագրելու համար հարկավոր է «կառուցել» ու տեսանելի դարձնել այն կենտրոնաձիգ առանցքը` գաղափարի ու արժեքների շարքը, որոնք ակնհայտորեն նույնական ու հույժ կարեւոր են ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ նրանց սոցիալական վիճակից, մտավոր կարողություններից, բնակության վայրից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած Ազգ-բանակ հայեցակարգը հենց այդ առանցքի կերտման ծրագիր է՝ ընդհանուր հայրենիքի պաշտպանության գաղափարը դիտելով որպես գերակա ու անսակարկելի արժեք յուրաքանչյուր հայի համար, եւ հզոր պետությունը համարելով վաղվա Հայաստանի լինելության միակ գրավականը: Այս համատեքստում ինքնաբերաբար առաջնային է դառնում ուժեղ, պաշտպանունակ, բարոյական, ոգեղեն, ազգի վստահությունը, սերը ու աջակցությունը վայելող բանակ ձեւավորելու հրամայականը: Ինչը իր հերթին բարձրացնում է ամբողջ ազգի բարոյական ու ֆիզիկական, նյութական ու հոգեւոր ներուժը բանակի, ասել է թե` հայրենիքի պաշտպանության գործի շուրջ համախմբելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը:
Ազգ-բանակ գաղափարի իրագործման առաջին փուլը, իրավամբ, սկսվեց բանակում առկա բոլոր մանր ու մեծ թերությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ սխալները, տարիներով կուտակված խնդիրները արմատապես վերացնելու եւ բանակի կատարելագործման ընթացքը առավել օպերատիվ ու արդյունավետ դարձնելու աշխատանքից` այն գիտակցումով, որ միայն արդար, ուժեղ, բարոյական ու նվիրյալ բանակը կարող է մարմնավորել ու առաջնային դարձնել Հայրենիքի պաշտպանության գաղափարը եւ իր շուրջը համախմբել Ազգին:
Ազգ-բանակ հայեցակարգը հիմք դարձավ մեր պաշտպանական քաղաքականության լրջագույն ու խորքային վերանայման համար, եւ նոր քաղաքական մոտեցումներն արտացոլվեցին բազմաթիվ ծրագրերում: Ազգ-բանակ հայեցակարգի քաղաքականության հիմնական ուղղություններից են զինվորական մասնագիտության արժեւորումը եւ արդարության ու հանրային վստահության ամրապնդումը հասարակության շրջանում:
Բանակի ողնաշարը սպայականությունն է, բանակի դիմագիծը կերտում է սպան, բանակի առավելություններն ու թերությունները, բանակի ձեռքբերումներն ու ձախողումներն ուղղակիորեն աղերսվում են զինվորականության կերպարին ու նրա հեղինակությանը հասարակության շրջանում: Զինվորականի մասնագիտության արժեւորմանն ուղղված ծրագիրն ըստ էության նոր որակի սպայակազմ ձեւավորելու եւ այդ խավի հեղինակությունը հասարակության շրջանում բարձրացնելու ծրագիր է, որն ընդգրկում է հնարավոր բոլոր ոլորտները` սկսած ռազմական կրթօջախների կենցաղային պայմաններից մինչեւ ուսման որակի բարձրացում, սպայակազմի սոցիալական խնդիրներից մինչեւ նրա ծառայության պայմանների բարելավում, ծառայողական շարժի մեխանիզմների կատարելագործումից մինչեւ մասնագիտական որակների բարձրացում:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին նվազում էր ռազմական կրթօջախներ դիմողների թիվը: Սա ահազանգ էր, որը խոսում էր զինվորականի մասնագիտության, նույնն է թե` բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքի ու հայրենիքի պաշտպանության գաղափարի արժեզրկման մասին: Ու հայրենիքին ձոնված՝ տարբեր ամբիոններից հնչող սրտառուչ ելույթները կամ ժողովրդի` սահման պահող սպային ուղղված սիրո ու երախտիքի խոսքերը դառնում էին աննպատակ, երբ այդ նույն հասարակության մեջ նվազում էր հայրենիքը պաշտպանելու ցանկություն ունեցողների թիվը: Սպայի մասնագիտության, պատվի, հերոսականության մասին խոսքերը հնչում էին որպես պարզ ճամարտակություն, երբ, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ընդունելության քննությունների ժամանակ ոչ միայն մրցակցություն չկար, այլ չէր հավաքվում անգամ դիմորդների անհրաժեշտ քանակը, ու ստեղծվել էր մի վիճակ, երբ ստիպված ռազմական բուհի ուսանող դառնալու հնարավորություն էր տրվում յուրաքանչյուր ցանկացողի` անկախ մտավոր կարողություններից ու բարոյակամային որակներից: Այս նախադրյալներով ինչպիսի սպայակազմ էր ձեւավորվելու ապագայում, ակնհայտ է: Եվ զինվորականի մասնագիտությունը հասարակության համար գայթակղիչ դարձնելու առաջին քայլը շատ պրագմատիկ էր` բարելավել ռազմական կրթօջախների կենցաղային պայմանները եւ տալ բարձրորակ, ասել է թե` մրցունակ կրթություն: Առաջին օրինակը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն էր: Այն Երեւանից տեղափոխվեց Դիլիջանում տեղակայված նոր շենք, որն իր պայմաններով, հարմարավետությամբ, շքեղությամբ բավարարում է աշխարհում ընդունված ամենաբարձր չափանիշները: Արդյունքը երևաց արագ ու ուղղակի. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում 2017-ի ընդունելության քննությունները անցան աննախադեպ մրցակցության պայմաններում եւ հնարավորություն ընձեռվեց ընտրելու լավագույն դիմորդներին: Ռազմական կրթօջախների շենքային պայմանները բարելավելու եւ կրթակարգը բարեփոխելու ճանապարհով զինվորականի մասնագիտությունը գայթակղիչ դարձնելու, ռազմական կրթոջախի դիմորդների քանակն ավելացնելու հաջողված փորձը ներդրվեց Հայաստանում գործող ռազմական բուհերի ոլորտում: Իզմիրլյան հիմնադրամի հետ կնքված հուշագրով մեկնարկեց ռազմական համալսարանների արդիականցման ծրագիրը: Նոր նախագծով ռազմական համալսարանները կունենան նոր տեսք ու բովանդակություն՝ բավարարելով ամենաբարձր չափանիշները:
Ուշադրության կենտրոնում է սպայակազմի համալրման այլընտրանքային ձևերը կատարելագործելու խնդիրը՝ պայմանագրայինների ինստիտուտը բարեփոխելու եւ «Պատիվ ունեմ» նոր ծրագիրը արդյունավետ իրագործելու միջոցով: «Պատիվ ունեմ» նախագիծը, որպես բանակի ցածր օղակի սպայակազմը համալրելու ծրագիր, գործնական նշանակությունից բացի, ունի նաեւ բարոյական ընդգծված հնչերանգ, որը շեշտադրելով սպայի ծառայության կարեւորությունը, երիտասարդ տղամարդուն հնարավորություն է տալիս ընտրելու` դառնալ շարքային զինվո՞ր, թե՞ սպայի ուսադիրներ կրել ու համալրել հրամանատարների շարքերը: «Պատիվ ունեմ» ծրագիրը պարտադիր զինվորական ծառայության մեջ ներմուծում է կամավորության գաղափարը: Կարիք չկա մեկնաբանելու, թե որոնք են «պարտադիրի» ու «կամավորի» բարոյական հնչերանգների ու հոգեբանական մղումների տարբերությունները, մնում է ավելացնել, որ կամավորականության սկզբունքը մեկ անգամ եւս ամրագրվեց «Ես եմ» ծրագրի միջոցով, որը ապագա զինվորին հնարավորություն տվեց ինքնակամ ու պատվախնդրորեն ստանձնել Հայրենիքի պաշտպանության գործը` առաջին կարգի զորամասում ծառայելով ոչ թե երկու, այլ երեք տարի և օգտվելով այն պատվավոր արտոնություններից ու դրամաշնորհից, որը սահմանել է պետությունը: Հայրենիքի պաշտպանությունը, բանակը դաձնելով հենք երեք տարվա զինծառայությունը կամավոր ստանձնած զինվորի համար՝ հետագայում կառուցելու իր կյանքը՝ իրեն տված 5 միլիոն դրամը որպես ուսման վարձ օգտագործելու, բնակարան ձեռքբերելու կամ սեփական փոքրիկ բիզնեսը հիմնելու հնարավորություն է տալիս:
Հայրենիքի սահմանները զենքով պաշտպանող եւ հասարակության բարոյական շարժիչ ուժը համարվող կամ դրան ձգտող հասարակական խավը՝ սպայականությունը, չի կարող լինել սոցիալական սանդղակի ներքին հորիզոնականներում: Եվ մարդու աշխատանքը պիտի գնահատել ոչ միայն բարոյահոգեբանական խթաններով, այլ նրա կենսամակարդակը արժանապատիվ դարձնելու գործուն միջոցներով: Այս նպատակին միտված ծրագրի առաջին քայլը կապված էր բնակարանաշինության հետ, եւ առաջարկվող ծրագիրը բանակի սպայակազմին հնարավորություն կտա օգտվել բնակարանի ձեռքբերման բացառիկ արտոնյալ հիպոթեքային ծրագրից:
Այն, որ բանակի հեղինակությունն ուղղակիորեն կապված է զինվորական խավի հեղինակության հետ, անվիճարկելի է: Բայց ակնհայտ է նաեւ, որ սպայի հեղինակության առաջին չափանիշը բանակում զինվորի ֆիզիկական ու հոգեբանական պաշտպանվածության մակարդակն է, ինչը նաեւ պայմանավորում է բանակի հանդեպ հասարակության վստահության ու բարյացակամության մակարդակը: Արդար զորակոչ, ծառայության հավասար պայմաններ բոլոր զինվորների համար, կուշտ, լավ հագնված, հարգված ու պաշտպանված զինվոր… Սրանք այն նախադրյալներն են, որոնք հասարակ հայ մարդուն «ստիպում են» սիրել բանակը` երկրի այն «տարածքը», որտեղ իր որդին` ամենաթանկը, սիրված, խնամված ու գնահատված է: Որտեղ չկան սոցիալական, մտավոր բեւեռացումներ, որտեղ իշխում են արդարությունն ու հավասարությունը, որտեղ ամենագերակա արժեքը հայրենիքն է ու նրա պաշտպանությունը: «Դիտակետ» նոր ծրագիրը ամբողջ հանրապետության տարածքով անանուն հարցումներ անցկացրեց զորացրված զինվորների ընտանիքներում՝ հավաքելով հավաստի, անկաշականդ, չպարտադրված տեղեկություններ զորամասերում տիրող իրավիճակի, բարքերի, խնդիրների, թերությունների, չլուծված հարցերի մասին՝ ուրվագծելով անելիքների ու առաջնահերթությունների ամբողջական պատկեր, նաև զգոնության կոչելով բոլոր նրանց, ովքեր դեռ փորձում են թերությունները վերացնելու փոխարեն քողարկել դրանք:
Սոցիալական արդարության ու հանրային վստահության շեմը բարձրացնելու բազմազան ու տարաբնույթ, մանր ու մեծ միջոցառումներից ուզում ենք առանձնացնել նաև «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործունեությունն ու վարկանիշը: Ժողովրդի մեջ «1000 դրամի» հիմնադրամ անվանումով հայտնի ձեռնարկը իր արդարությամբ, թափանցիկությամբ, հասարակական վերահսկողություն ապահովելու բացառիկ հնարավորությամբ աննախադեպ էր ու կարողացավ Հայաստանի քաղաքացուն շրջել դեպի իր երկրի սահմանները պաշտպանած զինծառայողի ճակատագրի համար գործնականորեն պատասխանատու դարձնելու գաղափարը: Ըստ իս, հիմնադրամի արժեքը, նրա գործունեության կարեւորությունը բնորոշվում է ոչ այնքան նյութական միջոցների հավաքագրման ու դրանց իրացման հրատապությամբ, այլ հայրենիքի պաշտպանության գաղափարի ու հայրենիքի պաշտպանի հանդեպ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքի ամրապնդմամբ: Ու պատահական չէր, որ հասարակության մեջ ծայր առան ծառայական պարտականությունները կատարելիս վիրավորված զինվորներին ու սպաներին, զոհվածների ընտանիքներին աջակցելու բազմաթիվ նախաձեռնություններ: Երկրում ստեղծվեց մի հոգեբանական վիճակ, երբ երեւելի պաշտոնյաներն ու մտավորականները սեփական նախաձեռնությամբ շրջեցին երկրով մեկ ու այցելեցին վիրավոր զինծառայողներին, տաքսի վարեցին, որպեսզի հասույթը տրամադրեն հաշմված զինծառայողների վերականգնողական կենտրոնի կահավորմանը: Սա Ազգ-բանակ գաղափարի առաջին հաղթանակն էր երկրում եւ հասարակության հոգեբանության մեջ կատարված հեղաշրջման առաջին դրսեւորումը:
Ազգ-բանակ գաղափարի իրագործման առաջին քայլերը արված են: Հաղթահարված են երկար ու քրտնաջան ճանապարհի առաջին կիլոմետրերը: Այսօր արդեն ակնհայտ է, որ համազգային կենսունակության բարձրացման հենակետը ազգային բանակն է, այստեղից է սկսվում հասարակության համախմբման ու գաղափարային միասնության հեռանկարը, «մենքի» ամրագրումը յուրաքանչյուր հայի գիտակցության ու սրտի մեջ, որի բարձրակետը կդառնա ոչ միայն Հայրենիքի սահմանների անառիկության գործին նվիրվելու պատրաստակամությունը, այլ այն գիտակցումը, որը հասարակության յուրաքանչյուր անդամ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ու յուրաքանչյուր հայ պարտավոր է ջանալ հանուն արդար ու բարեկեցիկ Հայաստանի: Եվ անկախ, աննվաճ Հայաստանի գաղափարը սկսվում է մեր կողքին ապրող հայի համար յուրաքանչյուրիս ստանձնած պարտավորությունից:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում