Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵԱ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ



ՀՐԵԱ ՊՐՈՖԵՍՈՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑՀրեա ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի և պարտավորությունների վերաբերյալ, որոնք  Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:

Աուրոնի փաստաբան Էյթայ Մաքն արտգործնախարարություն ուղարկած խնդրանքում նշում է, որ «Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Իսրայելի ժխտումը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերությունների հետ»:

«Թուրքիան Իսրայելից գնել է միլիարդավոր դոլարների ուսումնական և ռազմական համակարգեր: Զենքի գծով գործարքները ներառում են ինքնաթիռների և տանկերի, ռադիոլոկացիոն և մոնիտորինգային համակարգերի, հրթիռների և զինամթերքի արդիականացում»: Ադրբեջանը ևս Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլար արժողությամբ ժամանակակից զենքեր:

2011թ. Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների ժամանակ, փոխարտգործնախարար Դանի Այալոնը և Կնեսետի կրթության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը միանշանակ բացառել են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը՝ իսլամական աշխարհում Իսրայելի «գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները չվնասելու նպատակով»:

Պրոֆ. Աուրոնի նամակում նաև մեջբերումներ են արված «Մեր տունն Իսրայելն է» («Yisrael Beiteinu») աջակողմյան կուսակցության մի քանի ղեկավարներից` նշումով, որ նրանք չեն թողնելու, որ Կնեսետը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն է: Ի նպաստ Ադրբեջանի քարոզիչ և Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի խոսնակ Արյե Գուտը հաստատել է, որ «Լիբերմանը ադրբեջանա-իսրայելյան գործընկերության ճարտարապետներից է»: RTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «տեսականորեն պատմական վիճահարույց հարց է, և դրա ճանաչման բացակայությունը անպայմանորեն չի առնչվում Թուրքիային, այլ առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ [Իսրայելի] ռազմավարական հարաբերություններին»: Աուրոնը շեշտում է, որ այս փաստարկները շատ նման են հրեական Հոլոքոստը ժխտող փաստարկներին:

Պրոֆեսոր Աուրոնն իր նամակում, որպես Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների օրինակ, տեղեկացնում է, որ 2016 թ. փետրվարի 26-ին «613 ծառ տնկվեց Խայիմ Վեյցմանի (Իսրայելի 1-ին նախագահ) անտառում՝ «Խոջալուի ցեղասպանության 24-ամյակի» առթիվ, 613 զոհերի հիշատակին, որին ներկա էր [Կնեսետի անդամ] Ավիգդոր Լիբերմանը: Միայն Ադրբեջանը և Թուրքիան են նշում այս «ցեղասպանությունը»: Վերջին տարիներին պաշտոնական Իսրայելը դարձել է ենթադրյալ Խոջալուի ցեղասպանության պահանջի ուղղակի և անուղղակի սատարողը: Խոջալուի ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. փետրվարին, Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմի ժամանակ: Կան մի քանի վարկածներ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ներառյալ զոհերի թիվը, սակայն մի հարցում միջազգային հանրությունը միակարծիք է՝ ոչ մի ցեղասպանություն, իր ընդհանուր սահմանմամբ, այնտեղ տեղի չի ունեցել»:

Աուրոնը եզրափակում է Իսրայելի կառավարությանն ուղղված իր խոսքը, նշելով, թե՝ «կասկած չկա, որ Իսրայելի պետությունը ոչ միայն «առևտուր» է անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այլ դրա վերաբերյալ իր վրա իրական պարտավորություններ է վերցրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համաձայնագրերում»:

Հետևաբար, փաստաբան Մաքը հատուկ պահանջում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը գաղտնազերծի հետևյալ տեղեկատվությունը.

1)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, փոխըմբռնման և պայմանավորվածության փաստաթղթերը»:

2)  «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած նամակագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»:

3) «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն»:

4) «Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության որոշումներին և դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բողոքների լույսի ներքո»:

Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք Իսրայելի արտգործնախարարությունը կկատարի պրոֆեսոր Աուրոնի օրինական պահանջը: Թե ամերիկյան, թե բրիտանական կառավարությունները, որոնք ներքին տեղեկատվության բացահայտման պահանջների վերաբերյալ նմանօրինակ օրենքներ ունեն, արձագանքել էին իրենց քաղաքացիների նման պահանջներին՝ հրապարակային դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը: Գուցե թե Իսրայելի կառավարությունը գաղտնիության պատճառով անընթեռնելի դարձնի գաղտնազերծված փաստաթղթերի որոշ հատվածներ՝ տեղեկատվությունը տրամադրող անձանց ինքնությունը պաշտպանելու կամ ազգային անվտանգության նկատառումներով:

 

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Տարածաշրջան


17/01/2018