2017 Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստականության և պատրաստության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության, զորքերի ծառայության հարցեր:
Ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Ցականյանը զեկուցեց 2017թ. ուսումնական տարում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների, զորքերի ծառայության, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, ինքնուսուցման, դաշտային կառավարման կետերի վիճակի, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, պահակային և ներքին ծառայության հարցերի, կատարողական կարգապահության մասին:
Շտաբի պետն իր զեկույցում առանձնակի կարևորեց մարտական հրաձգությամբ անցկացված մարտավարական զորավարժությունների ամրագրումը, հաջողությունների պահպանումը, ստորաբաժանումների մարտական ներդաշնակման կատարելագործումը:
Գնդապետը նշեց նաև առկա որոշ թերությունների մասին, որոնց վերացման ուղղությամբ ստորաբաժանումների հրամանատարները պետք է համապատասխան աշխատանքներ տանեն:
Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին, ընդհանուր առմամբ, մարտական պատրաստականությունը նա գնահատեց բավարար:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ներկայացրեց 2017 թ. ուսումնական տարում իրականացված դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը՝ ընդգծելով այդ գործընթացում զորամիավորման ամբողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, կանխարգելիչ տարբեր միջոցառումների, դաստիարակչական զրույցների, սոցիոլոգիական հարցումների կարևորությունը:
Գնդապետը կարևորեց զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը:
Կարգապահության գծով զորամիավորումը, թեպետ, ապահովել է շոշափելի առաջընթաց, սակայն, անելիքները դեռ շատ են:
Նշվեցին նաեւ թերությունները և դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ամփոփիչ խոսքից, առաջարկած հետևություններից և հանձնարարականներից հետո հանդիսավոր պայմաններում Պատվո դրոշ հանձնեց 2017թ. ուսումնական տարում լավագույն արդյունքներ գրանցած զորամասերին ու ստորաբաժանումներին, զինծառայողներին՝ պատվոգրեր, թանկարժեք նվերներ եւ դրամական խրախուսանքներ:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ