Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉՎԵՑԻՆ ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐԸ



ԶՈՐԱԿՈՉՎԵՑԻՆ ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐԸՀունվարի 15-ին Քաշաթաղում ձյուն տեղաց, սակայն դա չխանգարեց, որ շրջանի տարբեր բնակավայրերից զորակոչիկները ժամանակին ներկայանային շրջանային զինկոմիսարիատ: Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի մոտ: Զորակոչային բաժնում զբաղված էին զորակոչիկներին ընդունելով ու վերջնական տեսքի բերելով նրանց փաստաթղթերը: Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ ներկայացած տղաներն առողջական խնդիրներ չունեն, բոլորն էլ անցել են բժշկական հանձնաժողովով: Բերձորի բնակիչ Հրայր Սարգսյանը երրորդ որդուն՝ Գոռին է ճանապարհում: Ավագ որդին՝ Ժիրայրն այս ամռանն է վերադարձել բանակից, մասնակցել է 2016թ. ապրիլյան ռազմական իրադարձություններին, պարգևատրվել: Վլադիմիր որդին արդեն մեկ տարի է հայրենիքի զինվոր է, և շուտով կրտսեր եղբայրը կմիանա նրան, ու միասին կհսկեն Հայոց տան շեմը: Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգն անցած ամռանն է ավարտել Գոռը: Կրթօջախից այսպես են բնութագրել նրան. «Ընկերների նկատմամբ հարգալից է, ներողամիտ, վայելում է ընկերների և ուսուցիչների սերը…»: Բոլոր զինվորներին իր հայրական օրհնանքը տվեց Գոռի հայրը՝ մաղթելով նրանց քաջություն, հաջողություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանն ասաց՝ բոլոր զորակոչիկների տրամադրությունը բարձր է, գիտակցում են իրենց անելիքը, առաքելությունը: Գանձայից Խ. Օսեյանը 7 երեխաների հայր է` ունի 3 աղջիկ, 4 տղա: Ավագ որդին՝ Դավիթն է զինվորացու: Բարձր է նորակոչիկի տրամադրությունը: «Ես պետք է պաշտպանեմ քույրերիս ու եղբայրներիս»,- ասաց Դավիթը: Վաչագան Հովհաննիսյանին մայրն էր ուղեկցում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Վաչագանն ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Առաջին կուրսից է մեկնում բանակ, չի օգտվել տարկետման իրավունքից. դիմում է ներկայացրել, որ իրեն բանակ տանեն: Լիդա Սոլոմոնյանն իր զավակին և բոլոր զինվորներին տվեց մայրական օրհնանքը՝ ծառայեն խաղաղությամբ և տուն գան անփորձանք, իսկ ծնողներին համբերություն ցանկացավ: Երբ արդեն պատրաստ էին նորակոչիկների փաստաթղթերը, զինկոմի տեղակալ Կամո Ալավերդյանի հրահանգով տղաները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում և ականջալուր եղան նրա խրատներին: Արդեն որերորդ զորակոչն է ճանապարհում Կ. Ալավերդյանը, և մշտապես հետաքրքրվում է նորակոչիկների անձնական, առողջական խնդիրներով: Այս անգամ էլ հորդորեց, որ զորամասում լինեն կարգապահ, ենթարկվեն հրամանատարների հրամաններին, բանակի կարգ ու կանոնին, միմյանց նկատմամբ լինեն հարազատի պես: 

Քաշաթաղի շրջանում արդեն բարի ավանդույթ է, որ նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, այնուհետև Արցախյան ազատամարտի զոհված հերոսներին նվիրված հուշահամալիր: Այստեղ զորակոչիկներին դիմավորեցին Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երաժիշտները: Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկավ համույթի երգչուհի Փիրուզա Արզումանյանը: Նորակոչիկներն ու նրանց ուղեկցող հարազատները պարեցին հուշահամալիրի տարածքում: Ուրախ երաժշտության հնչյունների ներքո զինվորացու տղաները մեկնեցին հավաքակայան:

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ


17/01/2018