ՏԱՐԿԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆ ՈՒ ՏԵՍԱԿԵՏՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
սերժանտ
Ներկա ժամանակներում կրթությունը և գիտությունը պետությունների առաջխաղացման գլխավոր հիմնասյուներից են, հատկապես փոքր և զարգացող այնպիսի պետության համար, ինչպիսին է Հայաստանը: Ուստի, երիտասարդները, ծառայելով գիտությանը, ծառայում են նաև մեր հայրենիքին, որն սկսվում է սահմանից, բայց զարգանում և բարգավաճում է գիտության զարգացմանը նպաստող մեր հայրենակիցների շնորհիվ: Ես և իմ նմանները ծառայում են ոչ միայն հայրենիքի սահմանները անառիկ պահելու, այլ նաև երկու տարվա ծառայությունից հետո ավելի զարգացած ու տնտեսապես կայուն պետություն տեսնելու համար:
…Կարծում եմ` նախքան մեր տարկետման իրավունք ստացած ուսանողներին անդրադառնալը, որոնց միջից են հենց ծնվում մեր ապագա գիտնականները, պետք է անդրադառնալ ծառայությունից խուսափելու կոռումպացված մեթոդներին, ինչպիսիք են՝ կեղծ առողջական խնդիրները և նմանատիպ այլ երևույթները: Եթե մենք մտածում ենք, որ տարկետում են ստանում անարժան մարդիկ, ապա պետք է մտածել ոչ թե տարկետման վերացման, այլեւ այն արժանի մարդկանց տրամադրելու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ: Իսկ եթե վախենում են այն փաստից, որ հենց այդ նույն տարկետման իրավունքից օգտված մեր գիտնականները արտագաղթում են, ապա դրա համար կարող ենք կիրառել մի շատ պարզ և արդյունավետ մեթոդ: Անհրաժեշտ է պարզապես պայմանագիր կնքել նման գիտնականների հետ՝ երկրից դուրս չգալու և հայրենիքում գիտությանը ծառայելու համար: Բայց հենց այդ նույն պայմանագրով պետությունը պետք է պարտավորվի ապահովել գիտնականների բարձր կենսամակարդակը: Ես համոզված եմ, որ ոչ մի գիտնական իր երկրում ապրած տարիների գիտական աշխատանքը չի թողնի և գնա այլ երկրներ, եթե նրան ապահովեն գիտությամբ զբաղվելու բոլոր անհրաժեշտ նյութական միջոցներով և գիտնականին վայել հնարավորություններով՝ ապահով կյանք, բարձր աշխատավարձ, առաջխաղացման հնարավորություն, պետական մշտական աջակցություն և ուշադրություն, ինչպես ընդունված է աշխարհի բոլոր զարգացած և քաղաքակիրթ երկրներում:
Կուզենայի անդրադառնալ նաև այն ուսանողներին, որոնք չեն ցանկանում շարունակել իրենց կրթությունը մինչև ասպիրանտուրա և զբաղվել գիտությամբ, այլ պարզապես ուզում են առանց ընդհատման ավարտել բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագիրը և դրանից հետո մեկնել ծառայության: Ես ինքս անցել եմ ծառայության Հայաստանում՝ բակալավրի որակավորում և Պորտուգալիայում մագիստրոսի որակավորում ստանալուց հետո, որի համար անչափ ուրախ եմ: Ես կարողանում եմ իմ տարիների փորձը փոխանցել ինձնից տարիքով փոքր զինակից ընկերներին: Համոզված եմ, որ այն օգտակար կլինի նաև նրանց քաղաքացիական կյանքում: Իմ օրինակով շատերը կարող են օգտակար լինել մեր բանակին, ուստի բացառել տարկետման իրավունքն ընդհանրապես՝ ինձ համար անհասկանալի և անընդունելի է:
շարքային
Վերջերս երիտասարդների հիմնական քննարկման առարկա է դարձել «տարկետմանի իրավունքի» սահմանափակման վերաբերյալ օրենսդրի որդեգրած մոտեցումը: Եվ հենց սկզբից ակնհայտ էր օրենսդրի հետ իրենց կարծիքը չկիսող որոշակի զանգվածի դժգոհության ալիքը: Սակայն այդ հարցը երկու իրարամերժ կողմերն էլ դիտում են «տարկետման իրավունքի» տեսանկյունից, երկու կողմերն էլ խնդրի լուծումը փորձում են գտնել ՀՀ զինված ուժերում ծառայելու կամ չծառայելու դիրքերից: Հատկապես այն շրջանակը, որը դեմ է օրենսդրի առաջարկած սահմանափակումներին, պետք է հարցը բարձրացնի ոչ թե տարկետման իրավունքի, այլեւ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու ազատության տեսանկյունից, քանի որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը շարունակելը ոչ թե տալիս է տարկետման իրավունք, այլեւ գիտությամբ զբաղվելու իրավունք, որից նոր միայն ածանցվում է տարկետման իրավունքը: Այսինքն` պաշտպանության «կարիք ունի» ուսում ստանալու իրավունքը:
Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցադրումը, թե երկու տարի գիտությունից կտրվելը ինչպե՞ս կանդրադառնա գիտությամբ զբաղվելու հետագա հնարավորությունների վրա: Այս առումով իմ մոտեցումը միգուցե սուբյեկտիվ լինի: Իմ կարծիքով` այն անձին իսպառ չի զրկում հետագայում գիտական միտքը զարգացնելու հնարավորությունից, սակայն այդ ընդհատումը, թեկուզ այն փաստը, որ երկու տարի անձը որևէ առնչություն չի ունենում իր ոլորտի հետ, չի կարող բացասաբար չանդրադառնալ: Հատկապես ներկա ժամանակներում, հասարակական հարաբերությունների այսքան արագ զարգացման պայմաններում, գիտության որևէ ճյուղի բնական էվոլյուցիայից երկու տարի կտրվելը անպայման կունենա իր բացասական հետևանքները:
Մյուս կողմից, սակայն, նժարին դրված է պետության կարևորագույն ֆունկցիայի՝ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը, որը էապես կախված է մարդկային ներուժից: Բանակը համալրման անհրաժեշտություն ունի: Հետևաբար բարձրացված խնդրի շուրջ քննարկումները պետք է լինեն հասարակական հարաբերությունների երկու ոլորտների՝ պաշտպանության և գիտության միջև փոխզիջողականության մեխանիզմների մշակմամբ, ինչը լավագույնս կարող է իրականացվել վիճակագրական տվյալների վերհանմամբ: Կարեւորագույն խնդիր է, թե տարկետման իրավունքի սահմանափակմամբ բանակն ինչպիսի համալրվածություն է ստանում և դրանով ինչպիսի մարտական խնդիրներ կարելի է իրականացնել, որոնց հնարավոր չէ հասնել ներկայիս կարգավորման պայմաններում: Սակայն, բոլոր դեպքերում, պետք է ստեղծել, մշակել այնպիսի մեթոդ, որը կապահովի թեկուզ խիստ սահմանափակ թվով, սակայն գիտությամբ իրոք զբաղվելու ցանկություն ունեցող անձանց՝ ուսումնառությունն առանց ընդհատման շարունակելու հնարավորություն:
շարքային
Կարծում եմ՝ տարկետումը օրենքով վերացնելը կարող է խմորումների տեղիք տալ: Այն և անհրաժեշտ է, և չարաշահման դեպքում՝ վտանգավոր: Առաջին տեսակետի համար բերեմ հետևյալ փաստերը. նախ, ուսանողին դրանով հնարավորություն է տրվում առանց ընդմիջման յուրացնել առաջարկվող կուրսը ամբողջությամբ, խորանալ գիտության մեջ և որակյալ մասնագետ դառնալ: Հետո էլ՝ դպրոցական նստարանից անմիջապես բանակ մեկնող զինծառայողի աշխարհայացքը ավելի լայն չի կարող լինել, քան արդեն համալսարանում ուսանող երիտասարդինը: Վերջինս ավելի ըմբռնողաբար է մոտենում բանակում առաջացող խնդիրներին ու հարցերին, փորձում է մեղմ լուծումներ գտնել: Պակասում են միջանձնային ընդհարումները:
Երկրորդ դեպքում. կարծում եմ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ տարկետումը երբեմն օգտագործվում է զինակոչիկին ապօրինաբար բանակից ազատելու համար: Արդյունքում մեծ հարստություն կուտակած կամ ամուր մեջք ունեցող խավի փափկասուն որդիները չեն ծառայում բանակում և համալրում են մեր «գիտնականների» շարքերը:
Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Բանակ և հասարակություն