Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՈՎ



ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՊԱՏԳԱՄՈՎԿապիտան Գարիկ Քոչինյանը ծառայում է  փոխգնդապետ  Հ.  Հայրումյանի հրամանատարությամբ գործող զորամասում, մոտոհրաձգային վաշտի հրամանատար է:

Գարիկի հայրը 36 տարի նվիրված ծառայել  է ոստիկանության համակարգում, Արցախյան պատերազմի  ժամանակ Վանաձորում ներքին  գործերի աշխատակիցներից խումբ է  ձեւավորել,  կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին, մարտնչել  Լաչինի հատվածում:

-Հորս ապրած կյանքն օրինակ է ինձ համար,- ասում է կապիտանը,- ես էլ  ընտրեցի  համազգեստը, բայց՝ զինվորական: Դպրոցական ընկերոջս՝ Տիգրանի  հետ որոշեցինք ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ուսումն ավարտելուց հետո ծառայության անցա առաջնագծում, որպես դասակի հրամանատար:

Գարիկը առանձնակի ջերմությամբ է վերհիշում այդ տարիները.

-Դիրքեր ունեինք ամպերից  վեր էին, ամպերը՝ ոտքի տակ- ժպտում  է երիտասարդ  սպան,- բարձր, անառիկ  ժայռերի վրա  էինք իրականացնում մեր ծառայությունը, ու ծառայության ամեն ժամն ու րոպեն դժվարություններից չհուսահատվելու, չընկրկելու յուրօրինակ դաս էր, փորձություն ու փորձառություն… Տեսնել է պետք, թե  զինվորները ոնց են  հաղթահարում բոլոր այդ դժվարությունները, ինչ կամքով, վճռականությամբ:

Երիտասարդ կապիտանը տարբեր զորավարժությունների է մասնակցել՝  Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան…

-Միշտ էլ աշխատել ենք   բարձր պահել մեր երկրի  պատիվը,  լավ  արդյունքներով վերադառնալ:  Չեմ կարող չհպարտանալ. զորավարժությունների  ժամանակ տարբեր երկրներից ժամանած  պայմանագրայիններն են հիմնականում  հանդես գալիս, այսինքն՝  ավելի  թրծված են, հմտացած  իրենց գործում, ավելի պատրաստված, բայց մեր ժամկետային զինվորները նրանց բոլորովին  չեն զիջում իրենց որակներով:

♦♦♦

Ծառայության մեջ  աչքի ընկած տղաների հետ զրուցում ենք բանակային կյանքից, զինվորական առօրյայից:

Սերժանտ Գեղամ Դուրինյանը  մոտոհրաձգայի դասակից է,  արդեն մեկուկես տարուց ավելի ծառայում է:

– Իմ հայրենի գյուղը՝ Դովեղը, հազար դժվարություն է տեսել, մանկությունս թշնամու կրակների տակ է անցել: Հայրս 90-ականներին մեզ մոտ վաշտի հրամանատար էր: Ինքն իր պարտքը տվել է, հիմա իմ հերթն է, առաջնորդվում եմ հորս պատգամով՝ պատվով ծառայել:

– Հմայակ քեռիս  Արցախյան պատերազմի  մասնակից է, կռվել է այս կողմերում,   ես շատ էի ուզում՝ հենց այս տարածքում  ծառայել,- զրույցին միանում է էջմիածինցի Բեգլար Գրիգորյանը:

– Այսօր էլ խաղաղ չէ մեր երկիրը,  ու  նույն թշնամին է մեր կողքին՝ նենգ ու դավադիր, -կապավոր, ավագ հեռախոսավար Սերյոժա Վարդանյանն է:- Եղբայրս էլ Թալիշում է ծառայել.  ապրիլյան պատերազմի մասնակից է:  Եղբայրս  այդ օրերից չի պատմում, ավելի շատ լռում է, մենք էլ, ճիշտն ասած, չենք հարցնում. հերոսական, բայց եւ դաժան օրերի հիշողությունները, կարծում եմ,  պետք չէ փորփրել: Մեր հայրերի, եղբայրների կյանքի գնով  պահած հողը հիմա էլ մենք ենք պաշտպանում ու ամուր պահում:

-Ամուր ենք պահում   ու մենք էլ ամրանում, ամրանում  թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես,-լրացնում է Համլետ Հովհաննիսյանն ու շարունակում:-Մի քանի ամսվա ծառայող եմ,  զգում  եմ  զգալի տարբերություն՝  բանակում կոփվում ես,  այլ կերպ ես  նայում  երեւույթներին. գնահատում ես  ամեն ինչ, կարեւորում քո դերն ու պատասխանատվությունը հայրենիքի պաշտպանության գործում:

-Օրը, թվում է, իր հունով սովորականի պես անցնում է, բայց ամեն անցնող  օրվա հետ բնավորությունդ փոխվում է, ավելի ամուր ու զգոն ես դառնում,- ասում է շարքային Կարապետ Ավոյանը:- Ես շուտով զորացրվելու եմ, պարտքս հայրենիքին տված ու պարզ ճակատով տուն եմ վերադառնալու:

Սերժանտ Էդվարդ Սերոբյանը հավելում է.

-Մենք զորացրվում ենք,  մեր փոխարեն նոր համալրում  է,   ուզում եմ նոր եկողներին պարզապես  ասել՝  տղերք ջան,  իրար սարի պես թիկունք եղեք, պինդ պահեք մեր  պապերի, մեր հայրերի, մեր զինվոր ընկերների արյունով գծված հողը,  պատվով ծառայեք ու  միշտ հիշեք՝ տանը ձեզ սպասող կա…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Բանակ և հասարակություն


25/01/2018