ԶԻՆՎՈՐԸ՝ ՔԱՋ, ՍԱՀՄԱՆԸ՝ ՀՈՒՍԱԼԻ
Մարտական դիրքում մեզ դիմավորեց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արտակ Ավալյանը և ուղեկցեց գետնատնակ: Բայց մինչ գետնատնակ հասնելը, մենք հարկադրված էինք հաղթահարել հենակետի չորքոտանի պահապանների «արգելքը», որոնք, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին ու մի լավ «զննեցին» բոլորիս:
-Հավատարիմ ու խելացի կենդանիներ են,- շներին մեզանից հեռացնելով՝ ասաց դիրքի ավագը:- Մեզ շատ են օգնում: Անմիջապես կռահեցին, որ դուք թեպետ անծանոթ, սակայն յուրային եք: Նրանք իրենց գործը լավ գիտեն: Դրա համար լավ «տնտղեցին» ձեզ:
Նկատեցի, որ շներից մեկի ոտքը թաթից կտրված էր: Արտակն ասաց, որ ականի վրա է պայթել:
– Ականներից մեր չորքոտանի բարեկամներն էլ են տուժում:- Հոգոց հանելով հավելեց դիրքապահներից մեկը, որը կենդանիների կերակրողն ու վարժեցնողն էր. նրա մոտենալուց հետո միայն շները մեզ հանգիստ թողեցին:
Այս անգամ առաջնագիծ էինք այցելել նաև հատուկ առաքելությամբ. առաջնագծում դժվարին ծառայություն իրականացնող մեր դիրքապահներին պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձն ու նվերներն էինք բերել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը անձնակազմի համար բարձրաձայն կարդաց հենակետի ավագը:
Գետնատնակի հենց շեմից երևաց, որ այստեղ հոգատար ու սրտացավ ձեռք է դիպել: Կացարանը իսկական ամրաշինական կառույց էր հիշեցնում, ներսն էլ նորոգ ու կոկիկ կահավորված էր: Ամեն ինչ իր տեղում էր. զենք-զինամթերքը՝ հատուկ պահոցում, սննդամթերքը՝ սառնարանում, պարենը՝ պահարանում, պտուղ- բանջարեղենն էլ՝ հատուկ առանձնացված վայրում: Հենակետն ուներ նաև բաղնիք, փոքրիկ մարզավան, որտեղ ազատ ժամերին մարզվում, իրենց մարմինն են կոփում դիրքապահները:
Դիրքի ավագի ուղեկցությամբ խրամուղիով շարժվում ենք առաջնագիծ: Մարդաբոյ խորությամբ խրամատը բառիս բուն իմաստով ժայռերի մեջ է փորված: Մտածում եմ՝ ինչքան խելացի, կամքով արի ու քաջ են մեր դիրքապահները, որ հաղթահարելով ամեն տեսակ դժվարություն ու վտանգ՝ հենց թշնամու քթի տակ այսպիսի հուսալի և ապահով խրամուղիներ են կառուցել: Այս ամենը տեսնելով՝ հոգեպես գոտեպնդվում ես նաև դու:
Խրամատը շատ երկար է: Կատարված մեծ ծավալի ամրաշինական աշխատանքները այն դարձրել են ապահով և անվտանգ: Աջ ու ձախ վստահություն ներշնչող կրակակետեր ու ռմբապաստարաններ, խրամախորշեր ու խրամաբջիջներ են: Դիտորդ, շարքային Սամվել Ադյանի դիտակետից մոտավորապես 200 մետր հեռավորության վրա հակառակորդի դիրքն է, ներքևում՝ գյուղը, որը կարծես ափիդ մեջ լինի:
Այս մարտական դիրքի մյուս դիտորդը պայմանագրային զինծառայող Կոլյա Չոփուրյանն է, որն արդեն ինը տարի է, ինչ սահման է պահում: Դիրքի ավագը գովեստի խոսքեր ասաց նրա հասցեին. «Կարգապահ, պատասխանատվության բարձր զգացումով օժտված, մարտական հերթապահությունը գերազանց կատարող զինվոր է մեր Կոլյան»:
Շարքային Չոփուրյանը զեկուցեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին: Նրա դիտակետի դիմաց՝ շատ մոտ հեռավորության վրա, հակառակորդի հենակետն է: Շուրջբոլորն այնքան հանգիստ է, որ մտքովդ չի էլ անցնում, որ թշնամին դեմ-դիմաց է, որ հանդիպակաց սարալանջին թշնամու կրակակետերն են: Բացարձակապես շարժ չի նկատվում:
-Խաբուսիկ է անդորրը, պարոն փոխգնդապետ,- կարծես կարդալով մտքերս՝ ասաց փորձառու պայմանագրայինը:
– Մեր պահպանության հատվածում ամենամոտ տարածությունն է,- խոսակցությանն է միանում դիրքի ավագը:
– Առաջնագծի մյուս դիտորդը Ավագյան Ռոմանն է,- խրամաբջիջին մոտենալիս ասաց դիրքի ավագը: Մոտեցող ոտնաձայները գրավեցին դիրքապահի ուշադրությունը: Զինվորի պարթև հասակն ու ատլետիկ կազմվածքը մեզ հիացրեց:
– Ռոմանը պատվո պահակային վաշտում է ծառայել, հավասարակշռված, կազմակերպված, խոսքի արժեքը հասկացող զինվոր է,- հընթացս իր ենթակային է ներկայացնում կրտսեր սերժանտ Ավալյանը:
Բարևում եմ ու հետաքրքրվում զինվորի ծառայությամբ, մարտական հերթապահությամբ:
– Հերթապահությունս կատարում եմ զգոն, աչալրջորեն: Ոչ մի շեղում: Աչքս բացել՝ սահման ու զինվորական եմ տեսել… Ես ծննունդով Ներքին Կարմիրաղբյուրից եմ, ծննդավայրս հենց սահմանի պռնկին է: Երկուսուկես տարի է, ինչ ծառայում եմ, սակայն արդեն հասցրել եմ տիրապետել սահմանային ծառայության նրբություններին,- անկեղծանում է շարքային Ավագյանը:
Գոռը հպարտանում է պատվո պահակային վաշտում իր ծառայությամբ եւ դրվագ առ դրվագ վերհիշում, թե ինչպես է դիմավորել ՌԴ նախագահ Վ. Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին, Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլուն:
Վերցնում եմ հեռադիտակը և փորձում մի քանի րոպե ինձ զգալ դիրքապահի դերում: Պետք է խոստովանեմ, որ չկարողացա կատարյալ դիտարկում իրականացնել՝ ոչ միայն տեղանքին անծանոթ լինելու, այլև իմ ապահովությամբ մտահոգ դիրքապահ զինվորի անհանգստության պատճառով, որ հանկարծ թշնամու դիպուկահարը չթիրախավորի ինձ:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում