ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱԶԱ
Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարյանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին:
Նվիրատվությունը, որ ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ և գույք, փոխանցվել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի միջոցով: Ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է մեծաքանակ բժշկական սարքավորումներ՝ և գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր՝ շարժական ռենտգեն ապարատներ, անզգայացման և արհեստական շնչառության ապարատներ, ուլտրաձայնային հետազոտման սարքեր, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, հիվանդների խնամքի մոնիտորինգի և ավտոմատ ներարկման համակարգեր, 10 մլն դոլար արժողությամբ:
ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազայում պահեստավորված սարքավորումները և գույքը, խնամքի պարագաներն ու ծախսվող նյութեր, ըստ կարիքների, բաշխվելու են զինվորական հոսպիտալներին:
Կարևորելով սահմանամերձ համայնքների առողջապահական համակարգի արդյունավետ գործունեությունը` սարքավորումների որոշ մասը կհատկացվի սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին: