ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Բարեկամավանցի դպրոցականների նամակները զինվորին
Նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետև դու պոստում կանգնած ժողովրդի քունն ես հսկում: Երկու տարի հետո ես նույնպես ծառայելու եմ Հայրենիքին: Իմ զինվոր ախպեր, քեզ լավ նայիր, ավելի ճիշտ՝ մեզ լավ նայիր, որովհետև քեզնից է կախված մեր ապագան: Գիտեմ, հեշտ չէ, կարոտել ես ծնողներիդ, բայց պետք է պարտքդ կատարես հայրենիքիդ առաջ ու հպարտ տուն վերադառնաս:
Շնորհավորում եմ քեզ Բանակի տոնի առթիվ, խաղաղ ծառայություն մաղթում: Թող ամեն մի զինվոր ողջ ու առողջ վերադառնա իր հարազատ օջախ:
ԳԱԳԻԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ
11-րդ դասարան
♦♦♦
Ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ:
Գիտես, ես միշտ աղոթում եմ Աստծուն, որ աշխարհում խաղաղություն լինի, որ բոլոր զինվորները ծառայեն ու վերադառնան իրենց տուն: Շնորհակալ եմ խաղաղ բացվող ամեն օրվա համար:
Մանե Ղարաքեշիշյան
3-րդ դասարան
♦♦♦
Շնորհակալ եմ մեր անդորրը հսկելու համար: Ես հանգիստ եմ, երբ դու կանգնած ես սահմանին եւ հսկում ես մեր սուրբ հողը: Դու ես մեր ուժը: Մենք հող չունենք տալու թշնամուն. դեռ վերադարձնելիք ունենք, եւ ես հավատում եմ, որ մենք կհաղթենք մեր ուժով, մեր համախմբված լինելու շնորհիվ:
Աննա Ղարաքեշիշյան
12-րդ դասարան
♦♦♦
Բարեւ, զինվոր եղբայր ջան, ճիշտ է, անծանոթ ենք, բայց կարծես ինձ հարազատ-բարեկամ լինես: Խոստանում եմ՝ քեզ նման հայրենասեր զինվոր լինել ու ազգիս պիտանի մարդ դառնալ:
Արտյոմ Աբազյան
6-րդ դասարան
♦♦♦
Թանկագին զինվոր ջան, դու գիտես, թե մենք ինչքան ենք սիրում ու հպարտանում քեզնով: Ես գիտեմ, թե ինչքան վտանգավոր ու պատասխանատու բեռ կա քո ուսերին, բայց վստահ եմ, որ դու պատվով կկատարես հայրենիքի հանդեպ քո սուրբ պարտքը:
Ես միշտ աղոթում եմ եւ խնդրում Աստծուն, որ թշնամու նենգ գնդակը երբեք ու երբեք չգտնի քեզ, ու դու ողջ ու առողջ վերադառնաս հայրենի տուն:
Սիրով՝ Անահիտ Ղարաքեշիշյան
6-րդ դասարան
♦♦♦
Սիրելի՛ զինվորներ, ձեզ ջերմ-ջերմ բարեւներ Բարեկամավան գյուղի բոլոր դպրոցականների անունից: Մեր գյուղը թշնամու սահմանի մոտ է, բայց մենք չենք վախենում, որովհետեւ դուք մեր գյուղի, մեր պաշտպաններն եք, մենք ձեր շնորհիվ մեզ ապահով ենք զգում: Որքան էլ թշնամին ջանա, միեւնույն է, չի հաղթի, որովհետեւ մենք մեր պապենական հողերն ենք պաշտպանում: Շնորհակալ ենք, զինվորներ ջան, որ հայրենիքի սահմանները ամուր-ամուր եք պահում:
Դիանա Միքայելյան
6-րդ դասարան
Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Բանակ և հասարակություն