ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ՆՈՐ՝ ԸՆԴԱՐՁԱԿ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջերս փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրեց գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:
Ռեմփելը Քըրքորյանի արտասովոր և խիստ անձնական կյանքի մանրամասները մանրակրկիտ հավաքել է ռազմական գրառումների, բիզնես արխիվների, դատական փաստաթղթերի, վաղեմի ընկերների և գործընկերների հուշերի ու հուշագրությունների միջոցով:
Չնայած թե՛ Քըրքորյանը, թե՛ Դոնալդ Թրամփը միլիարդատերեր էին և կազինոյի սեփականատերեր, սակայն նրանց միջև շատ քիչ ընդհանուր բան կար: Ռեմփելը գրել է. «Կազինոյի սեփականատեր Դոնալդ Թրամփը Քըրքին անվանում էր «թագավոր» և ասում ընկերներին՝ «ես սիրում եմ այդ մարդուն»: Սակայն Քըրքն իր ոճով և խառնվածքով Թրամփի ճիշտ հակապատկերն էր: Քըրքը մեղմախոս էր, բացահայտ չէր խոսում և սարսափելի վախենում էր հրապարակային ելույթներից: Նա ասում էր, որ կերազեր «խոսել Թրամփի նման»: Քըրքը նաև չէր ուզում, որ իր անունը նշվեր որևէ տեղ՝ ո՛չ շենքերի, ո՛չ փողոցային նշանների վրա, ո՛չ էլ նույնիսկ իր MGM Studios-ի անձնական կայանատեղիում: Եվ Քըրքը երբեք չի խախտել իր վարկային պարտավորությունները, իսկ իր ձեռքսեղմումը միշտ համարել է պարտադիր պայմանագրի երաշխիք»:
Երբ Լաս Վեգասի սրտում գտնվող Քըրքորյանի նոր բազմամիլիարդ դոլար արժողությամբ CityCenter հյուրանոց-կազինոն 2009-ին ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնեց, ըստ Ռեմփելի, Թրամփն սկզբում որոշ կարեկցանք արտահայտեց՝ «Ես սիրում եմ Քըրքին և հուսով եմ, որ նա դուրս կգա այդ վիճակից»: Հետո Թրամփը փոխեց իր կարծիքը և CNN-ի Լարի Քինգի շոուին տված հարցազրույցում CityCenter-ի նախագիծն անվանեց «բացարձակ աղետ»: Հետագայում Թրամփը հայտարարեց՝ «Դա անշարժ գույքի պատմության մեջ կլինի ամենամեծ ձախողումը… շատ վատ է»: Իհարկե, Թրամփը սխալ դուրս եկավ իր կանխատեսումներում: Քըրքորյանը ևս մեկ անգամ ոտքի կանգնեց և CityCenter-ը մեծ ֆինանսական հաջողություններ ունեցավ…
Երբ Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի միլիարդատերերի 1989 ցուցակում էր, Թրամփը ևս սկզբում այդ ցուցակում էր: Սակայն, շուտով «Ֆորբսը» Թրամփին հեռացրեց իր միլիարդատերերի ցուցակից՝ պատճառաբանելով, որ «իրենք մոլորվել էին Թրամփի ներկայացրած ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով…. ԱՄՆ ապագա նախագահի կապիտալն այն ժամանակ, ըստ խմբագիրների, «մոտ էր զրոյական սահմանագծին»։
Հարփեր Քոլինզի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ Ռեմփելը ներկայացրել է «ԱՄՆ-ի ամենահարուստ եւ սակավ հայտնի ֆինանսական հսկաներից մեկի՝ իր ջանքերով հաջողության հասած միլիարդատեր, խիզախ օդաչու, կինոմագնատ, խոշոր ձեռներեց Քըրք Քըրքորյանի՝ ցնցոտիներից մեծ հարստության հասնելու պատմությունը, որը իբրեւ հաջողակ ներդրող ամերիկյան գործարար կենտրոնի վերածեց Լաս-Վեգասն ու Հոլիվուդը»:
Այս կենսագրականի հիմնական առավելություններից մեկը ամերիկահայ համայնքի և Հայաստանի Հանրապետության համար Քըրքորյանի բարեգործության լայնածավալ լուսաբանումն է։ Վերջին երկու տարիների ընթացքում ես մի քանի ժամ անցկացրել եմ գրքի հեղինակ Ուիլյամ Ռեմփելի հետ՝ պատմելով նրան Քըրքորյանի նվիրատվությունների մասին ամերիկահայ բարեգործական կազմակերպություններին և Հայաստանում խոշոր նախագծերին։ Ռեմփելն ինձ այսպես է ներկայացրել իր գրքում. «Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում անգլերենով հրատարակվող «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ, որը նաև Միացյալ հայկական հիմնադրամի նախագահն էր և Քըրքի հայկական բարեգործական ջանքերի շարժիչ ուժը»։ Իրականում, Քըրքորյանն ինքն էր իր բարեգործությունների շարժիչ ուժը: Նա իսկապես հոգ էր տանում հայ համայնքի բարօրության և Հայաստանի բարգավաճման մասին։
Թեև Քըրքորյանը մնում է որպես ամենահայտնի և խիստ հարգված անուն համայն հայության շրջանում, սակայն շատ օտարներ տեղյակ չեն, որ նա ամերիկահայ է։ Բարեբախտաբար, Ռեմփելի գրքի երեք գլուխները նվիրված են Քըրքորյանի հայկական ժառանգությանն ու բարեգործությանը։
Գրքի 12-րդ գլուխը կրում է «Հայկական կապերը» վերնագիրը։ Այն նկարագրում է Քըրքորյանի պատահական հանդիպումը Մենի Աղասիի հետ Լաս Վեգասում, 1963 թվականին, որը «Տրոպիկանա» հյուրանոցի մատուցող էր և նրա հայրենակիցը Թեհրանից։ Մենին դարձավ Քըրքորյանի մտերիմ ընկերը և իր ապագա որդուն կոչեց Անդրե Քըրք Աղասի, որը հետագայում դարձավ հայտնի թենիսիստ։ Ռեմփելը նաև նկարագրել է Քըրքորյանի գործարքները Ջորջ Մեյսոնի (Էլմասյան) հետ, որը նրա վաղեմի բորսային միջնորդն էր և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի (1958 թ.) հիմնադիրը։
31-րդ գլխում Ռեմփելը նկարագրում է Հայաստանի հյուսիսում 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը, և թե ինչպես է Քըրքորյանը համաձայնել միանալ Միացյալ հայկական հիմնադրամին, որն ավելի քան 150 ավիափոխադրումներ իրականացրեց, իսկ հետագա 25 տարիներին 700 միլիոն դոլարի մարդասիրական բեռներ առաքեց՝ սկզբում երկրաշարժից տուժածներին, իսկ հետագայում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ բնակչության համար։ Կենսագիր Ռեմփելը նաև նկարագրել է, թե ինչպես է հիմնադրվել Միացյալ հայկական հիմնադրամը՝ հայ-ամերիկյան յոթ ամենախոշոր բարեգործական և կրոնական կազմակերպությունների համախմբումը, ներառյալ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը: Ալեքս Եմենջյանը Միացյալ հայկական հիմնադրամի ատենապետն էր, իսկ Հարութ Սասունյանը՝ նախագահը:
36-րդ գլուխը կրում է «Ցեղասպանությունը և առատաձեռնությունը» խորագիրը։ Այն նկարագրում է Քըրքորյանի ամենաառաջին այցը Հայաստան (1998 թ.) իր սեփական ինքնաթիռով՝ Հարութ Սասունյանի ընկերակցությամբ։ Այս գլխում նկարագրված են թռիչքի ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները՝ Թուրքիայի և բռնազավթված հայկական հողերի մասին, ինչպես նաև քննարկվել է «Լինսի» հիմնադրամի նոր ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Հետագայում ես նշանակվեցի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ՝ վերահսկելու 242 միլիոն դոլարի ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանում և մի քանիսը Արցախում։ Այս գիրքը ներառում է նաև զվարճալի պատմություններ խորհրդային ոճի հյուրանոցում Քըրքորյանի մնալու անհարմարությունների մասին, որոնք ստիպեցին այն վերափոխելու «Մարիոթ» հյուրանոցի։ Խոսվում է նաև նրա հուզիչ այցելության մասին Հայոց ցեղասպանության թանգարան:
Քըրք Քըրքորյանի կենսագրությունը յուրահատուկ մարդու հետաքրքրաշարժ պատմություն է։ Նա փայլուն գործարար էր, չափազանց համեստ բարերար, իսկական ամերիկացի, ինչպես նաև իսկական հայ: Երբ 2015 թվականին նա 98 տարեկանում կնքեց իր մահկանացուն՝ որպես ազնվության և առատաձեռնության վերջին նշան, իր ողջ ունեցվածքը՝ 2 մլրդ դոլար (բացի 1 միլիարդ դոլարից, որը «Լինսի» հիմնադրամով արդեն նվիրաբերել էր ամերիկյան և հայկական բարեգործական ծրագրերին) տվեց բարեգործությանը։
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Ճակատագրեր