Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸ



ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏԸՀովհաննես Զարդարյանը ծնվել է 1918թ. հունվարի 8-ին, Կարս քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Եղեռնից մազապուրծ Զարդարյանների ընտանիքը որոշ ժամանակ ապաստանել է Ռուսաստանում՝ Կրասնոդար քաղաքում, այնուհետև Արմավիրում, իսկ հետո հաստատվել Թիֆլիսում: Այստեղ ապագա նկարիչը ավարտել է դպրոցն ու ընդունվել Գեղարվեստի  ակադեմիա: Շատ անցած՝ ընտանիքի հետ տեղափոխվում է Երևան և 1933թ. ընդունվում գեղարվեստի ուսումնարան, որը հետո անվանակոչվում է Փ. Թերլեմեզյանի անունով: Այստեղ նա ուսանում է այնպիսի անվանի հայ արվեստագետների, ինչպիսիք էին Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Ս. Աղաջանյանը, Վ. Ախիկյանը և այլք: Հետագայում Հովհաննես Զարդարյանը մասնագիտական կրթությունը շարունակում է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի մոնումենտալ գեղանկարչության բաժնում:

Հովհաննես Զարդարյանի արվեստը, ճիշտ է, ձևավորվել է դժվար ժամանակաշրջանում, բայց, ինչպես և ամեն ճշմարիտ արվեստագետի, այնպես էլ Զարդարյանի տաղանդը կապված է եղել ազգային մշակույթի ավանդույթների հետ: Հովհանես Զարդարյանը չէր սահմանափակվում միայն մեկ ժանրով: Նա իրեն դրսևորել է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի և սիմվոլիկ-այլաբանական կոմպոզիցիայի ժանրերում:

Հովհաննես Զարդարյանն ստեղծել է իր ժամանակակիցների դիմանկարները, որոնց կերպարները արտացոլում են ոչ միայն մարդու ներաշխարհը, այլև ձգտում են բացահայտելու դարաշրջանի ոգին: Ազգի պատմությունը ձևավորվում է առանձին անհատների պատմությունից:

«Մարդու կենսագրությունը երկրի կենսագրությունն» է: Իր գեղանկարներում Զարդարյանն անդրադարձել է Կոմիտասի կերպարին: Կոմիտասի կերպարի միջոցով նկարիչը մարմնավորել է հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգությունը, նրա պատմական ճակատագիրը: Ստեղծել է Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Վիկտոր Համբարձումյանի, Վիլյամ Սարոյանի եւ այլոց դիմանկարները: Զարդարյանն ստեղծել է նաեւ որմնանկարներ, որոնցից մի քանիսը ժամանակին զարդարում էին նաեւ երբեմնի «Արմենիա» հյուրանոցն ու «Արարատ» ռեստորանը:

Արժանանալով բազմաթիվ պարգևների, կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների՝ Հովհաննես Զարդարյանը ներկայացնում էր Խորհրդային Միությունը և մասնավորապես՝ Հայաստանը Ռուսաստանում,  Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ճապոնիայում, Կանադայում և այլուր:

Հովհ. Զարդարյանը վախճանվել է Երևանում 1992թ. և թաղվել Բյուրականում:

  1. 1956թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ:
  2. 1956թ.՝ «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշան:
  3. 1958թ.՝ ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ:
  4. 1963թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ:
  5. 1978թ.՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշան:
  6. 1988թ.՝ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ:

2018թ. հունվարի 8-ից ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշամեդալը: Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ դարձերեսին նրա դիմանկարն է և «Ձգտում» կտավից մի դրվագ:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Հոգևոր-մշակութային


07/02/2018