ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔՈՎ ԿԳԱՄ ՏՈՒՆ…
Դիրք թիվ 116-ը, որ 2016-ի գարնանը առաջիններից իր վրա ընդունեց թշնամու լայնածավալ հարձակումը, բոլորիս հիշողության մեջ մեկընդմիշտ դրոշմվել է նաև ու հատկապես հերոս հրամանատար Արմենակ Ուրֆանյանի գերմարդկային ճիգերով` ոչ մի դեպքում չհանձնելու հենակետը… Ճակատագրական զուգադիպությամբ Արմենակի ծննդյան օրը համընկնում է մեր բանակի տարեդարձի հետ: Այս տարվա հունվարի 28-ին նա կդառնար 28 տարեկան…
Այցելուների պակաս այս տունը չի ունենում. նախ և առաջ այն պարզ պատճառով, որ դուռը միշտ բաց է, իսկ հյուրընկալ տանտիրուհին` տիկին Համեստը, ուրախ է դիմավորելու բոլորին, հատկապես, որ շատերին այս տուն է բերում հարգանքն ու շնորհակալության զգացումը, խոնարհումը նրա որդու գործած սխրանքի առջև: …Փոքրիկ կամուրջը հատելով՝ քայլերս արագացնում եմ, խաչմերուկին չհասած՝ աջից երկրորդ տունը ձգողական ուժ ունի. անցնելով երկաթե դարպասով ՝ բացում եմ հյուրասրահի դուռը ու փակ աչքերով անգամ կարող եմ զգալ ձախ կողմի փոքրիկ սենյակից դեպի այս կողմ ուղղված պայծառ հայացքը. սենյակի այդ հատվածը տիկին Համեստը վերածել է պատվո անկյունի: Արմենակի նկարները բազմաթիվ են. մի տեղ լուրջ ու խոհուն է, մի տեղ ժպտում է ուրախ ու պայծառ…
Արդեն երկրորդ տարին է, ինչ ռազմական համալսարանների կուրսանտներն այցելում են հերոսաբար զոհված սպաների ու զինվորների ընտանիքներին: Տիկին Համեստը գրկել է Լևոնին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 3-րդ կուրսի կուրսանտին, որն արդեն այս օջախի սպասված հյուրն է դարձել: «Ձեռքերը միշտ սառն են,- Լևոնի ձեռքը շոյելով՝ ասում է տիկին Համեստը:- Շատ անուշ տղա է Լևոնս: Ամաչկոտ է: Շատ չի սիրում խոսել: Արմենս էլ էր էդպես: Ինչ-որ առումով նման են իրար…»:
Լևոնը տիկին Համեստից շատ պատմություններ է լսել Արմենակի մասին, բայց ամենից շատ տպավորված է զինվորների հանդեպ նրա վարմունքով: «Ընտանիքի անդամների պես է եղել իր զինվորների հետ,-ասում է ու մտորում:- Հերոսությունը միայն հերոսական արարքով չի չափվում. մինչև այդ պահը մարդու ապրած կյանքը, նրա վարքն էլ շատ բան են ասում նրա տեսակի մասին: Մենք բոլորս սովորելու շատ բան ունենք ՆՐԱՆՑԻՑ՝ նախ և առաջ պետք է գիտակցենք, որ հոգատար ու սրտացավ է պետք լինել այլոց հանդեպ»:
Տիկին Համեստը սեղան է գցում: «Քո սիրած ուտելիքն եմ պատրաստել, բալե՛ս,- ասում է ու սեղանին է մոտեցնում աթոռը:- Լևո՛ն ջան, դու քո տեղը նստիր»: (Լևոնը այստեղ արդեն իր աթոռն ունի): «Երբ առաջին անգամ էի այս տունը գալու,-ասում է ինձ, երբ տիկին Համեստը խոհանոց էր գնացել հերթական խորտիկը բերելու,- շատ դժվար էր, ծանր, մտածում էի՝ ինչպե՞ս եմ հանդիպելու Ուրֆանյանի նման որդի կորցրած մոր հետ…: Բայց անմիջապես թեթևություն զգացի, երբ տեսա տիկին Համեստի լուսավոր ժպիտը: Նա իր մեծ վշտի մեջ անգամ շատ ուժեղ է: Սպասում էի արձակուրդիս, որ նրան մորս հետ ծանոթացնեմ: Հպարտանալու շատ բան ունեմ, որ շփվում եմ այս մարդկանց հետ»:
Ես էլ եմ հիշում այն օրը, երբ առաջին անգամ տիկին Համեստին հանդիպեցի: Չարաբաստիկ ապրիլյան օրերից մի ամիս էլ չէր անցել: Նույն ծանր զգացումներով մտա այս տունը: Եվ շուտով հասկացա, թե ում էր նման Արմենակը՝ շիտակ, բարի և հոգու մեծ ուժով օժտված: Հերոսի մոր հանդեպ ակնածանքիս նաև սերը գումարվեց:
«Ընկերների համար կյանքը կտար,- մեր խոսակցությանն է միանում տիկին Համեստը:- Աշխատավարձի մեծ մասն իր զինվորների և իր սահմանի ամրացման համար էր օգտագործում: Միշտ ասում էի` կարևորը մարդու արժեհամակարգն է: Պաշտոնը և այլն… դատարկ բաներ են… Ի՞նչ կոմպոտ կխմես, Լևո՛ն ջան: Իմ տղան,- շարունակում է Համեստը,- շատ էր սիրում բալի կոմպոտ: Երբ հարցնում էի՝ «Տղե՛ս, ի՞նչ ուղարկեմ», ասում էր. «Ոչ մի բան, բայց բալի կոմպոտից չեմ հրաժարվի»: Հետաքրքիր է. Եռաբլուրում` Արմենակիս գլխավերևում բալի ծառ կար: Միշտ մտածում էի՝ պատահականություն չի: Աշնանը մի անգամ տեսա՝ կտրել էին: Նստեցի, լաց եղա: Որդնել էր՝ կտրել էին: Աշխատողը, տեսնելով ապրումներս, խոստացավ նորը տնկել: … Լևոն ջան, էլի վերցրու: Ափսեդ լավ մաքրիր, որ ընտրյալդ սիրուն լինի: Չնայած, ինչո՞ւ պիտի սիրուն չլինի. բոյով-բուսաթով, սիրուն տղա ես»,-հպարտությամբ նայում է կուրսանտին:
«Ընտրյալս առանց այդ էլ սիրուն է»,- համեստ ժպտում է Լևոնը: Բոլորս ուրախ ծիծաղում ենք. բացահայտել ենք գաղտնիքը:
«Արմենս էլ բոյով էր. մետր ու իննսուն: Ասում էի՝ «Որտե՞ղից ես քո պես բոյով աղջիկ գտնելու»,- պատմում է տիկին Համեստը:- Գտավ. Գոհարիկս բարձրահասակ, սիրուն, հրաշք աղջիկ է: Երբ հարցնում եմ` «Ո՞նց ես», ասում է. «Ապրում եմ էնպես, ինչպես Արմենը կուզեր, որ ապրեի…»:
«Արմենակին ենթակա դասակներից մեկի հրամանատարն ասում էր՝ «Տիկին Համեստ, գիտեք, չէ՞, Արմենը միշտ մի ձեռքով էր կրակում»: Չգիտեի, ոչինչ չէր պատմում, երբեք գլուխ չէր գովում: Շատ լավ հոտառություն ուներ,-ապրիլյան օրերը հիշելով` պատմում է տիկին Համեստը:-Դասակի հրամանատարը պատմեց, որ սկզբում մտածել են՝ սովորական դիվերսիա է: Բայց Արմենն զգացել է, որ լավ բան չի սպասվում: Դեպքի օրը հակառակորդի հարձակում գործած հատուկջոկատայինները սնկի նման աճել են… Արմենակին ասել են, որ նահանջի, պատասխանել է՝ «Մեռնեմ էլ, չեմ նահանջի»: Այդ օրը երկու անգամ գրոհը ետ են մղել…
…Հիմա ամբողջ օրը կռվում եմ հետը. «Ինչո՞ւ», հարցնում եմ, «Ինչո՞ւ»… Իսկ ինքը, եթե հիմա կողքիս լիներ, վստահ եմ, զուսպ ու հանդարտ կպատասխաներ. «Ախր, Համո՛ւլ, դու չես հասկանում… Դրանց դիմացը պիտի առնեինք: Դրանք մարդ չեն, ո՞նց մարդը մանկապարտեզի, դպրոցի վրա կկրակի…»:
«Դիվերսիաների վերաբերյալ դիսկերով նյութեր էր հավաքում,-շարունակում է պատմել հերոսի մայրը:- Հենց տուն էր գալիս, նստում էր համակարգչի առջև: Ասում էի. «Ա՛յ տղա ջան, չե՞ս հոգնել էդ ամենից, մի քիչ հանգստացի՛ր»: Չէ՛, անընդհատ մի նոր բան պիտի սովորեր… Ո՜նց էր սիրում երեխաներին…Երբ երեխա էր տեսնում, ուրախությանը չափ ու սահման չէր լինում… Արդեն թոռնիկ ունեմ` մյուս որդուս դստրիկը` Էդիտան: Թող բոլորի ընտանիքներում այդպիսի ձագուկներ լինեն. ամենադժվար պահերի սփոփանք են,-կենաց է ասում Համեստը:- Կիրակի օրերին, երբ չեմ աշխատում, այցելում եմ թոռանս…պետք է անընդհատ զբաղված լինեմ… »:
Տիկին Համեստն ամեն օր երեկոյան 21-ից շուտ տուն չի վերադառնում. ֆիթնեսի մարզիչ է, բուժական ֆիզկուլտուրայի մասնագետ: «Զինկոմիսարիատում գործս հիմնականում զինծառայողների արձակուրդայինների հետ է կապված: Սիրում եմ, որ ոչ մի րոպե չսպասեն. գան, կնիքը դնենք, ու տղաները շուտ գնան իրենց տները»: Բացի այդ, նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի աշխատանքներում է ներգրավված: «Հրաշալի աշխատակազմ է. մեծ մասամբ իրավաբաններ են, սոցիոլոգներ, հոգեբաններ. միշտ պատրաստակամ են օգնելու: Սակայն մի շատ կարևոր խնդիր եմ տեսնում: Ասում են` «զինծառայողը պետք է պաշտպանված լինի»: Բայց շատ հաճախ մարդիկ հենց իրենք տեր չեն կանգնում իրենց իրավունքներին, երբեմն անգամ չեն փորձում ծանոթանալ դրանց: Հաճախ էլ ծնողները չեն հասկանում նոր օրենքները: «Վա~յ, բանակը դարձավ երեք տարով». սա էլ եմ լսել: Բացատրում եմ, որ այդպես չէ. «Ես եմ»-ը պարզապես ծրագիր է, որը որոշակի առավելություններ է տալիս, բայց պարտադիր չէ»:
Ժամերն աննկատ անցնում են… զրուցում ենք, վերհիշում… Իսկ հիշելու ու պատմելու շատ բան կա…
-Գիտե՞ք, սա էլ մի փրկություն է, որ տղաները գալիս են…,- ասում է տիկին Համեստը ու գորովանքով նայում Լևոնին:
…Օրեր անց կրկին Ուրֆանյանենց տանն եմ. մարդաշատ է. այցելուները երկար չեն մնում, որպեսզի նոր եկողները փոքրիկ սենյակներում կարողանան տեղաշարժվել: Այստեղ են նաև քառօրյա պատերազմի հերոսները՝ տղաներ, որոնք իրենց առողջությամբ են վճարել մեր խաղաղության համար: «Տիկին Համեստը իմ ընկերն է»,- իր անմիջական ժպիտով ասում է Հայկ Թորոսյանը:
Սեղանի շուրջ առանձնահատուկ մարդիկ են հավաքվել՝ յուրաքանչյուրի սրտում մի անամոք վիշտ, բայց նաև՝ լուսեղեն ու աներևակայելի մի հպարտություն: Քառօրյա պատերազմում զոհված փառահեղ, հերոսական տղաների ծնողներն են. եկել են տիկին Համեստի կողքին լինելու կարևոր այդ օրը՝ հունվարի 28-ին, մեր փառապանծ բանակի ծննդյան օրը, երբ հերոս հրամանատարը կդառնար 28 տարեկան…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.` հեղինակի
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն