ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
Օրերս Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեց ցերեկույթ-միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին եւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվան:
Դպրոցի տնօրեն Արևիկ Մաքունցը բանակի տարեդարձի առթիվ շնորհավորեց զինծառայողներին, միջոցառման մասնակիցներին, հիշատակեց իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած սուրբ նահատակներին:
Տնօրենը նշեց, որ այսպիսի գեղեցիկ և ուսանելի միջոցառումները հիանալի դաս և օրինակ են մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու, աշակերտների մեջ հայրենիքի և Հայոց հաղթանակած բանակի նկատմամբ սեր և նվիրվածություն սերմանելու, բանակ-հասարակություն կապերը է՛լ ավելի ամրապնդելու համար:
Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներ՝ ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Սևադա Աղաջանյանին, պատմության ուսուցչուհի Նոնա Ալավերդյանին, աշակերտությանը, նշելով, որ դպրոցն ամբողջությամբ շնչում է ռազմահայրենասիրական ոգով, բոլոր մանկավարժներն են լծված՝ աշակերտին առաջնահերթ զինվոր և հայրենասեր քաղաքացի դաստիարակելու պատվավոր գործին:
-Պատահական չէ, որ ռազմագիտության դասարանն անվանակոչված է Արցախյան պատերազմի զոհված մեր սանի՝ Գառնիկ Բաղդասարյանի անունով,-ասաց նա,- իսկ դպրոցի պատերը զարդարում են քառօրյա պատերազմում զոհված մեր հերոս տղաների լուսանկարներն ու նրանց մասին հիշատակված և խնկարկելի նյութերը՝ վահանակների, առանձին ցուցափեղկերի տեսքով:
Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Սևադա Աղաջանյանն իր շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքում հավաստիացրեց, որ այսօր դպրոցի սաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը ամուր հիմքերի վրա է: Արցախյան պատերազմի մասնակից զինղեկը նաեւ հավելեց, որ աշակերտները պետք է դաստիարակվեն առաջին հերթին որպես զինվորներ:
Միջոցառումը շարունակվեց դպրոցականների կատարմամբ՝ հայրենասիրական երգերով, ասմունքով, Հայոց բանակին ձոնված ջերմ խոսքերով:
Ցերեկույթ-միջոցառման երկրորդ մասը նվիրված էր պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 132-րդ տարեդարձին: Աշակերտները ներկայացրին մեծ գործչի կյանքն ու գործունեությունը, նրա անցած փառավոր, ծանր ու ողբերգական, ազգանվեր ուղին, փաստավավերագրական ժապավենի ցուցադրմամբ՝ Զանգեզուրի ազատագրական պայքարում Գարեգին Նժդեհի անգնահատելի դերը, հայ ժողովրդի համար վճռորոշ նշանակության նյութեր:
Ծածանվող եռագույնի ներքո աշակերտները նորից հնչեցրին հայրենասիրական երգեր, հիշատակեցին նժդեհյան գաղափարախոսությունից տողեր, նրա պատգամը՝ «Հայոց բանակ, երկյուղածորեն ծնկի եմ իջնում քո աստվածային տեսիլքի առջև»:
Աշակերտները երդում տվեցին սիրել Հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, հայոց բանակի արժանի զինվոր, հայրենիքի նվիրյալը դառնալ:
Ավարտին դպրոցի տնօրենը մեկ անգամ ևս շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի փառավոր տոնի և հայ ժողորդի երախտավոր Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ, ասելով, որ բանակի, պատմական հերոսների արժևորումն անընդհատ է դպրոցում:
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն