…ՔՈ ՏԻՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Մեր բանակի 26-ամյա տարեդարձի օրերին, վերջին զորակոչիկը ճանապարհվեց զորամաս, ու 2018-ի առաջին զորակոչն ավարտվեց։ Դու ավելի երիտասարդ ես, դու չես տեսել, թե ինչպես կազմավորվեց ազգային բանակը, ինչպես հայ տղամարդիկ խորհրդային բանակի համազգեստի փոխարեն հայկական ազգային բանակի համազգեստ հագան։ Քեզ համար սեփական անկախ երկրի ազգային բանակի իրողությունը այնքան սովորական է, այնքան բնական ու օրինաչափ, որքան երկրիդ եռագույն դրոշը, պետական օրհներգը, զինանշանը…
Իսկ ես հիշում եմ։ Անկախ հայրենիք ունենալու տեսիլքն ամբողջ ազգին էր խանդավառել, սեփական երկրում տիրոջ իրավունքով, տիրոջ արժանապատվությամբ ապրելու, ազատ ու անկախ հայրենիքը սեփական ձեռքերով կառուցելու ու սեփական կյանքով պաշտպանելու երազանքի համար պատրաստ էին զոհել ամենաթանկը։ Ոչ ոք չսպասեց, որ նորածին բանակը մի քիչ մեծանա, ուժ առնի, ոչ ոք մեզ ժամանակ չտվեց ընտրելու մեր գերեվար հողը ազատագրելու տարբերակներից լավագույնը: Ընդհակառակը՝ պահը պատեհ էր՝ Արցախը վերջնականապես կտրելու մայր հայրենիքից, վերջնականապես ջնջելու հայկական հետքերը հինավուրց մեր հողից, հայրենազրկելու արցախցիներին, ոչնչացնելու դարավոր հայկական մշակույթը… Եղեռնով սկսված քսաներորդ դարը ավարտելու նոր եղեռնագործությամբ՝ պարտության խարանը մեկընդմիշտ դաջելով մեր հողմածեծ ճակատագրին…
Մենք ընդունեցինք պարտադրված պատերազմի մարտահրավերը՝ առանց զենքի, առանց զորքի, առանց բանակի։ Ու 26 տարի առաջ ազգային բանակի առաջին զորակոչը մարտակոչ էր, հայրենիքը զենքով ու կյանքով պաշտպանելու, պապենական թշնամու ճանապարհը փակելու հրամայական։ Ու նրանք, ովքեր անսացին այդ կոչին, քո տարիքին էին այն ժամանակ։ Նրանք գիտեին՝ ուր են գնում։ Նրանք հպարտ էին, խիզախ, անձնվեր. գնում էին պաշտպանելու սեփական հայրենիքի անկախությունն ու հարազատ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Սեփական…հարազատ….այս բառերը այնքան մեծ խորհուրդ ունեն, երբ կյանքով պիտի ապացուցես դրանց արժեքը: Գնում էին ինքնակամ, խանդավառ, հավատով։ Ժողովուրդը բանակին տվեց ինչ կարող էր։ Ամեն մեկը՝ իր չափով, ժողովրդի զրկանքները դարձան զենք զինվորի ձեռքին, ճաշ՝ զինվորի սեղանին, կոշիկ՝ զինվորի հագին։ Ժողովուրդը դիմացավ թիկունքում, զինվորը դիմացավ սահմանին։ Մոնթեն ասում էր՝ եթե Արցախը կորցնենք, կշրջենք մեր պատմության վերջին էջը։ Իսկ Վազգեն Սարգսյանը հավատացնում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու։ Մենք բանակ կերտեցինք, մենք չկորցրինք Արցախը, որ 21-րդ դարը քոնը լինի։ Բանակը ծնվեց մեր ցավից, մեր սիրուց, մեր խիզախությունից, մեր հաստատակամությունից, մեր ինքնանվիրումից։ Բանակ կերտելու մեր կորստաշատ ուղին Եռաբլուրով անցավ։ Արցախյան պատերազմի հաղթանակը նոր պատերազմի սկիզբ էր՝ պատերազմ խաղաղ բանակաշինության դժվարին ընթացքը խոչընդոտող արատների դեմ։ Մի՛ հարցրու, թե ինչ պայմաններում են ծառայել հետպատերազմյան շրջանում զորակոչված զինվորները, որովհետեւ նրանք չեն սիրում խոսել այդ մասին, չեն ուզում տրտնջալ, չեն ուզում բողոքել։ Լավագույն դեպքում, ասում են՝ դժվար էր, բայց, դիմացանք (կամ դրա նման մի բան)։ Ու այդ «դժվարը» առավոտ կանուխ արթնանալու դժվարությունը չէր, ոչ էլ մի քանի կիլոմետր վազելու կամ մարզվելու հոգնությունը։ Այդ «դժվարը» նշանակում էր ցուրտ զորանոց, հիգիենիկ պայմանների բացակայություն, թերսնում, սահմանային ծառայության ծանր պայմաններ, մշտական վտանգ…
Քաղաքակիրթ աշխարհի բանակները հարյուրամյակների պատմություն ունեն, մեր բանակը՝ 26 տարվա։ Բայց այսօր զորակոչը մեզ համար սովորական, հերթական միջոցառում է՝ անաղմուկ, անխուճապ։ Որովհետեւ 18 տարեկան հայ պատանին զինկոմիսարիատի առաջին իսկ կանչով ներկայանում է զինկոմիսարիատ ու գնում բանակ՝ կատարելու զինվորական պարտքը, պաշտպանելու իր բաժին սահմանն ու իր բաժին հայրենիքը։ Տասնութ տարեկան պատանին գիտի (լսել է), որ այսօր բանակում հրամանատարներն ու սպաները կազմ ու պատրաստ սպասում են իրեն։ Որ ինքը ծառայելու է բարեկարգ զորանոցներում՝ ապահովված կենցաղային անհրաժեշտ պայմաններով, ունենալու է տաք հագուստ, հագեցած սնունդ, սովորելու-տիրապետելու է իր զինվորական մասնագիտությանը ու առիթի դեպքում կարողանալու է պաշտպանել իրեն եւ յուրայիններին…Ու գիտի նաեւ, որ մեր հրադադարը այնքան անհաստատ է, ու սահմանն այնքան վտանգված….
Իսկ ես գիտեմ՝ զորակոչը մե՛զ համար է սովորական, բայց ոչ՝ քեզ։ Որովհետեւ սա քո՛ զորակոչն է։ Ես հասկանում եմ քո մտավախությունները (մտավախությունը վախի հետ կապ չունի, թերեւս պիտի ասեի՝ մտահոգությունը)։ Դու ցանկանում ես անվրդով երեւալ, ուրախ, անհոգ, իբր՝ ի՞նչ կա որ, բանակը խաղուպար է, իբր երկու կամ երեք տարին երկու օրվա պես կանցնի, աչքդ էլ չես թարթի՝ տանը կլինես… Իբր…
Լրագրողները կգան, անհոգ հարցեր կտան, զորահավաքակայանում նրանց ձայնագրիչների ու տեսախցիկների առջեւ դու կժպտաս հաղթական, մեզ գոտեպնդող բառեր կասես: Լրագրողները կգրեն-կեզրակացնեն, որ օրերն ես հաշվել, թե երբ ես զորամաս հասնելու: Իսկ իրականում՝ բանակը քեզ համար անծանոթ աշխարհ է, ու բանակի մասին լուրերն էլ միանշանակ չեն, երբեմն՝ այնքան տարբեր են ու հակասական։ Կկարողանա՞ս հարմարվել նոր անկողնուդ, զինվորական մահճակալը կփոխարինի՞ քո փափուկ ու հարմարավետ մահճակալին։ Դժվար չի՞ լինի առավոտ վաղ արթնանալը (ախր դու սովոր ես երկար քնելու)։ Կդիմանա՞ս ռեժիմին, ամենօրյա վարժանքներին, կկարողանա՞ս ուտել բոլորի համար պատրաստված ճաշերը (տանը քեզ համար հատուկ են պատրաստում)… Իսկ երբ կարոտե՞ս հարազատներիդ… Իսկ երբ անհրաժեշտ լինի սիրած աղջկա կողքին լինել, պաշտպանել նրան… Այս մտորումները դու կպահես հոգուդ մեջ: Ես բարձրաձայն կրկնում եմ այն, ինչ դու մտածում ես ամեն օր, ու վստահ եմ՝ երբ առաջին անգամ բարձրանաս դիրքեր, դրանք թվալու են այնքան աննշան, չնչին, հաղթահարելի։ Ուրիշ մտավախություններ էլ ունես։ Կկարողանա՞ս լեզու գտնել ծառայակից ընկերներիդ հետ… Ինչպե՞ս կվերաբերվեն հրամանատարներդ։ Վրիպումներդ կներե՞ն, կհարգե՞ն տղամարդկային արժանապատվությունդ, կհասկանա՞ն քեզ… Ես այս հարցերին պատասխանել չեմ կարող։ Ոչ ոք չի կարող։ Բայց ես վստահ եմ, որ շատ բան հենց քեզնից է կախված, քո համբերությունից, քո ազնվությունից, քո ընկերասիրությունից, հրամանատարներիդ հանդեպ քո վերաբերմունքից, նրանց լսելու, հասկանալու ու հրամանները կատարելու պատրաստակամությունից։ Նաեւ քո համարձակությունից, թերությունների դեմ պայքարելու կամքից, արդարությունը պաշտպանելու հաստատակամությունից, քո շուրջը ինչ-որ բան փոխելու վճռականությունից։
…Իսկ սահմանի՞ն: Իսկ այն ահռելի պատասխանատվությո՞ւնը, որ դրվելու է ուսերիդ: Կկարողանա՞ս փակել թշնամու ճանապարհը: Կկարողանա՞ս հողդ անառիկ պահել: Եվ ի՞նչ գին պիտի վճարես դրա համար: Ես այս հարցերի պատասխանը գիտեմ: Հաստատ կարողանալու ես: Ես մաշկիս վրա եմ զգացել սահմանի առեղծվածային ուժը: Քաջություն դարձած լցվում է երակներդ, հոգիդ, ու հերոս ես կտրում: Իսկ քո վճարած գինը՝ բանակային երկու-երեք տարին, կյանքիդ ամենահպարտ ու անմոռաց տարիներն են լինելու: Ու արցունքով ես բաժանվելու զինակից ընկերներիցդ զորացրվելիս:
…Դժվարություններ լինելու են: Բանակը կատարյալ չէ: Քսանվեց տարեկանում ո՞վ է կատարյալ լինում: Բանակը մերն է, բանակի ձեռքբերումները մերն են, բանակի թերություններն էլ են մերը։ Իմը, քոնը… Ումի՞ց պահանջենք կատարյալ բանակ, անթերի սպայակազմ, օրինակելի զինվորներ։ Մե՛նք պիտի կատարելագործենք մեր բանակը, մե՛նք պիտի վերացնենք մեր բանակի զորությանը խոչընդոտող արատները։ Ու պիտի մեզնից սկսենք։ Որովհետեւ մեզ ուժեղ բանակ է պետք օդ ու ջրի պես: Մեր ժողովրդի գոյությունը մեր բանակի ուժով է պայմանավորված: Քո ուժով: Քո արիությամբ: Քո հայրենասիրության չափով:
Դու արդեն ազգային բանակի համազգեստ ես հագել։ Իմ համազգեստից: Այդ համազգեստը մեզ իբրեւ պարգեւ չի տրվել, քո հայրենակիցները (ավագ սերունդը) շատ թանկ գին են վճարել այդ համազգեստի համար։ Որ դու պատիվ ունենաս քո անկախ երկրի բանակում զինվորանալու, քո ազգային բանակի համազգեստը կրելու… Շուտով դու զենքը ձեռքիդ կկանգնես սահմանին։ Նրանք, ովքեր ննջում են Եռաբլուրում, ովքեր մնացին անհայտության ճամփաներին, այդ սահմանը արյամբ են գծել, որ քեզ սեփական երկրի սահմանին կանգնելու հպարտություն կտակեն՝ իբրեւ սրբազան ժառանգություն։ Նրանք, ովքեր զորակոչվել են քեզնից առաջ, սահմանն անխախտ են պահել, երկիրն՝ անառիկ։ Մնացածը դո՛ւ պիտի անես։ Դու պիտի հայրենիքին տաս քո բաժինը, քո պարտքը, որ գալիք սերունդներին ավելի հզոր, ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ հայրենիք թողնես։ Մի քիչ վերամբարձ հնչեց, բայց դա է իրականությունը։
Ես հասկանում եմ քո երկվությունը: Մի՛ ասա, ես գիտեմ: Գիտեմ, որ էսինչի տղան փախավ արտերկիր, էնինչի տղան… Դրանից հայրենիքի հանդեպ մեր սերն ու պարտքը չեն նվազում: Հայրենիքը ծնող է, որը քո կարիքն ունի՝ քո սիրո, քո խնամքի, քո պաշտպանության: Որը սիրելի ու թանկ է, որովհետեւ քոնն է: Հոգիդ մի՛ պղտորիր: Մի օր ջրերը պարզվելու են: Հավատա՛ ինձ: Ներողամի՛տ եղիր, որ իմ սերունդը չկարողացավ քո երազած բարեկեցիկ հայրենիքը ժառանգել քեզ: Բայց մենք ջանացել ենք, մենք հող ենք ազատագրել ու շատ բան ենք շտկել երկրում, մնացածն էլ դու արա: Թող քո սերունդն անի ու ավելի երջանիկ երկիր նվիրի իրենից հետո եկողներին: Մի՛ թուլացիր: Ես քեզ չեմ ասում՝ հեշտ է լինելու։ Ես ասում եմ՝ թշնամին սպասում է, մեր թուլանալուն է սպասում, սպասում է, որ զգոնությունը մի պահ լքի մեզ… Թշնամին ուշիուշով հետեւում է մեր ձեռքբերումներին ու թերություններին։ Ձեռքբերումների մասին լռում է, թերությունները բազմապատկած՝ պատմում աշխարհին, չարախնդում։ Բայց հենց մեր ձեռքբերումներն են ստիպում նրան սուրը պատյանում պահել ու ատամները կրճտացնելուց առաջ չանցնել։
Դու արդեն զինվոր ես՝ երկրիդ ամենապատվարժան քաղաքացին՝ երկրիդ պաշտպանը։ Գլխավորն այն է, որ դու գիտակցես քո արժեքը, քո առաքելության կարեւորությունը, քո կոչման պատիվը։
Երբ կանգնես սահմանին, երբ թշնամին ու երկրիդ սպառնացող վտանգը լինեն մոտիկ, իրական, շոշափելի, երբ թիկունքիդ զգաս քո ժողովրդի տաք ու հարազատ շնչառությունը, շատ հարցերի պատասխանը կգտնես ինքնաբերաբար, կարեւորը կզատվի երկրորդականից, մնայունը՝ անցողիկից… Ու որքան էլ զարմանալի թվա, քեզ կգոհացնի այն միտքը, որ մենք ամեն օր չենք հիշում քեզ, ամեն պահի չենք մտածում, որ քեզ ենք պարտական մեր խաղաղ, անվտանգ կյանքի համար։ Մենք քո տիրական ներկայությունը սահմանին ընդունում ենք որպես աներկբա իրողություն, որովհետեւ մենք ավելի քան քառորդ դար անկախ երկիր ունենք, ազգային բանակ ու պաշտպանված հայրենիք։ Որովհետեւ ունենք քեզ՝ մեր զինվորին:
…Իսկ վերջում մի պարզ, անպաճույճ մաղթանք՝ առանց պաթոսի, առանց զգայացունց կոչերի, առտնին՝ ինչպես մեր անկախ երկրի ազգային բանակի հերթական զորակոչը: Բարի ծառայություն, զինվո՛ր:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում